Էրդողանի մի արտահայտություն խիստ զարմացրեց ռուս և արևմտյան փորձագետներին, որը, սակայն, անտեսվեց Հայաստանում

Երկու շաբաթ առաջ՝ օգոստոսի 1-ին, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն փոխանակեցին միմյանց հետ գերիներին՝ Թուրքիայի հատուկ ծառայության ներկայացուցիչների միջնորդության շնորհիվ, Էրդողանը հպարտանալով իր երկրի դերակատարության համար՝ գովաբանեց թուրքական հետախուզությունն (MIT-ին) իր առանցքային դերի համար և ասաց, որ այդ միջոցառումը ընդգծեց Թուրքիայի աճող կարևորությունը աշխարհում՝ իր ղեկավարության ներքո:

Իսկ մի քանի օր անց՝ օգոստոսի 5-ին, կառավարության հերթական նիստի ընթացքում Էրդողանը վերադառնալով այս խնդրին՝ շատերի համար անսպասելիորեն հիշեց հանրահայտ երիտթուրքերի կառավարման ժամանակվա գործիչ Էնվեր փաշային, ով հայտնի էր նաև Հայոց ցեղասպանության մեջ ակտիվ ներգրավվածությամբ: Իսկ հիշելու պատճառն այն էր, որ օգոստոսի 4-ին նրա սպանության 102-րդ տարելիցն էր:

Ինչպես հայտնի է, Էնվերը ղեկավարել է Օսմանյան զինված ուժերը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ճանաչվում է որպես MIT-ի նախորդ՝ Teşkilat-ı Mahsusa գաղտնի հետախուզական ցանցի հիմնադիրներից մեկը։

1915-1918 թվականներին հայերի ցեղասպանության մեջ ակտիվ դերակատարումից հետո այս դահիճը սկսում է իր ակտիվ պանթուրքիստական գործնեությունը Կովկասում, այնուհետև՝ Կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրներում:

Նախքան մահը Էնվեր փաշան գլխավորում էր թուրանական շարժումը, որը դիմադրում էր Կենտրոնական Ասիայում ռուսական և խորհրդային իշխանությանը՝ չնայած այն հանգամանքին, որ ի սկզբանե նա դաշինք էր կազմել բոլշևիկների հետ և Մոսկվայի կողմից նրան հանձնարարվել էր ճնշել թյուրքական ապստամբությունը։ Հակառակ իր նախնական խոստմանը՝ Էնվերը դիմեց Մոսկվայի դեմ, կազմակերպեց այդ խմբերը պանիսլամական և պանթուրքիստական ​​տեսլականի շուրջ և սկսեց հարձակվել ռուսական զորքերի վրա:

Այլ կերպ ասած՝ Էնվերը ոչ միայն պրոֆեսիոնալ մարդասպան էր և հանցագործ, այլև ուտող ու ուրացող մի գործիչ, որի համար, իր իրավիճակային դաշնակիցներին քցելը, հետևից դաշույնով խփելը սովորական երևույթ էր:

Խորհրդային պատմագրությունը Էնվեր փաշային հիշում է որպես դավաճան, իսկ միջազգային պատմագրության տեսանկյունից նա միջազգային դասին պատկանող հանցագործ է:

Եվ ահա տեսնենք, թե ինչպես է արտահայտվում այս հանցագործի մասին Էրդողանը, օգգոստոսի 5-ին՝ կառավարության նիստի ընթացքում:

«Երեկ լրացավ Թեշկիլաթի Մահսուսի հիմնադիր Էնվեր փաշայի նահատակության 102-րդ տարելիցը, ով նահատակվել է Տաջիկստանի Պամիրի լեռներում զավթիչների դեմ իր ջիհադի ժամանակ,-ասել է Էրդողանը,-Էնվեր փաշային՝ թուրք-իսլամ միասնության մեծ մոջահեդին, ում կյանքն անցավ մարտի դաշտում և իր վերջին շունչը թողեց այնտեղ, այսօր հպարտությամբ ենք հիշում։ Թող Ալլահը օրհնի նրա հոգին և շնորհի դրախտ…»,-նշել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Էնվեր փաշան սպանվել էր Տաջիկստանի Պամիրի լեռներում՝ 1922 թվականի օգոստոսի 4-ին, ռուսական զորքերի հետ կռվի ժամանակ։

Ըստ վարկածներից մեկի՝ նրան սպանել է Կարմիր բանակում այն ժամանակ ծառայող, ծագումով հայ ռազմիկ Հակոբ Մելքումյանը:

Այսպես գնահատելով Էնվեր փաշայի ժառանգությունը՝ մի գործչի, ով մեղադրվում է պատերազմական հանցագործությունների մեջ, ներառյալ՝ հայերի, հույների, եզդիների, ասորիների և այլոց կոտորածները, Էրդողանը փաստացի հրապարակայնորեն և ագրեսիվ կերպով հաստատում է իր կառավարության բնույթը, որը սերտորեն դաշնակցում է ծայրահեղ աջ պանթուրքիստների հետ։

Էնվեր փաշայի հանրային ոգեկոչումը նաև ընդգծում է Թուրքիայի ազգային անվտանգության մարմինների մութ կողմը, որը հաճախ անվանում են «խորքային պետություն»: Այս ստվերային կառույցը, որը կուլիսների հետևում զգալի ազդեցություն է գործում, ուժեղ վերահսկողություն է պահպանում Էրդողանի կառավարության ներսում՝ ձևավորելով և ուղղորդելով պանթուրքիստական ​​և իսլամական գերպետություն ստեղծելուն ուղղված քաղաքականությունը, ինչպես նշում են ռուս և արևմտյան փորձագետները:

Էրդողանի խոսքերը ոչ թե անակնկալ հայտարարություններ էին, այլ մանրակրկիտ պլանավորման արդյունք: Այս զգուշորեն ծրագրված ուղերձն արտացոլում է ավելի խորը ռազմավարական մտածողություն, որն առկա է Թուրքիայի իշխող վերնախավում:

Էնվեր փաշայի ​​քաղաքական ժառանգությունը, որը մարմնավորվել է 20-րդ դարի սկզբին երիտթուրքական Միասնության և առաջադիմության կոմիտեի կողմից, ակնառու կերպով արտացոլված է Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցությունում (MHP): Այս ծայրահեղ աջ խմբավորումը զգալի ազդեցություն ունի Թուրքիայի հետախուզության, ոստիկանության, բանակի և դատական ​​համակարգի վրա: MHP-ն սերտ դաշինք է պահպանում Էրդողանի կառավարության և նեոնացիոնալիստների (Ulusalcı) հետ՝ մեծացնելով նրանց համատեղ ազդեցությունը երկրի քաղաքական դաշտի վրա։

Օգոստոսի 5-ի Էրդողանի կանխամտածված հայտարարությունը, որը հիշեցնում էր Էնվեր փաշայի ժառանգության մասին, ընդգծեց, որ Թուրքիայի նախագահը չի հրաժարվել ավելի մեծ թուրք-իսլամական պետության ստեղծելու իր տեսլականից: Ի տարբերություն Էնվերի մասին նախկին հիշատակումների՝ Էրդողանն ուղղակիորեն Էնվերի ռազմական արշավները ռուսական ուժերի դեմ որակել է որպես «ջիհադ»՝ միանշանակ պարզաբանելով իր մտադրությունները։ Եվ նրա այդ գնահատականը արձանագրել են թե՛ արևմտյան, և թե՛ ռուսական շրջանակները:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէր, երբ Էրդողանը հրապարակայնորեն գովաբանում է Էնվեր փաշայի ժառանգությունը։ Էնվերի մասին նրա առաջին հրապարակային հիշատակումը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին, երբ նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցում էր Բաքվում կայացած հաղթական շքերթին։ Շքերթը նվիրված էր 1918 թվականի սեպտեմբերի 15-ին Էնվեր փաշայի կողմից կազմակերպված իսլամի բանակի կողմից Բաքվի ազատագրման 100-ամյակին, որը ղեկավարում էին օսմանյան սպաները, որը նշանավորեց Ադրբեջանի անկախության առաջին հռչակումը։

«…Այսօր թուրքական բանակը նշում է Ադրբեջանի հետ միասին տարած հաղթանակի 100-ամյակը։ Այս տոնակատարությունը ամենամեծ օրինակն է, որը մենք կարող ենք թողնել ապագա սերունդներին։ Մենք երբեք թույլ չենք տա, որ այս էպոսը մոռացվի»,-նշել էր թուրքիայի նախագահը դեռ 2018-ին։

«Ես երախտագիտությամբ եմ հիշում Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության և Անկախ ադրբեջանական բանակի բոլոր հիմնադիրներին՝ Էնվեր փաշային, ով ապահովել է Կովկասյան իսլամական բանակի ուղարկումը Ադրբեջան, և Նուրի փաշային՝ այս հաղթական բանակի հրամանատարին»,-ասել էր Էրդողանը։

Այն ժամանակ Էրդողանի այս խոսքերը, ցավոք, լուրջ արձագանք չստացավ ոչ մեկի կողմից:

Էրդողանը կրկին հիշատակել էր Էնվեր փաշային արդեն 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքու կատարած այցի ժամանակ՝ նշելու Հայաստանի հետ հակամարտությունից հետո Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակը։ Զորահանդեսի ժամանակ Էրդողանը նշել է. «Մինչ այժմ քաղաքական և ռազմական դաշտերում տարվող պայքարը շարունակվելու է բոլորովին այլ ճակատներում։ Այսօր այն օրն է, երբ Նուրի փաշայի, Էնվեր փաշայի և Կովկասյան իսլամական բանակի քաջարի զինվորների հոգիները խաղաղություն կգտնեն: … Այսօր հաղթանակի և հպարտության օր է բոլորիս և ողջ թուրքական աշխարհի համար: Ես հավերժ երախտապարտ եմ իմ Տիրոջը, որ թույլ տվեց մեզ գոյատևել այս օրերին»,-նշել էր Թուրքիայի նախագահն արդեն 2021-ին:

Իսկ կարդալով իր հակաիրանյան բնույթի ոտանավորը նույն թեմայի շուրջ՝ խիստ արձագանքի արժանացավ Իրանի կողմից:

Նրան հիշեցրին, որ օսմանյան կայսրության ժամանակներն արդեն վաղուց անցել են:

Հայաստանից կրկին որևէ արձագանք չեղավ:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա այստեղ փորձագիտական շրջանակների մակարդակով արձանագրվեց, որ Էրդողանն իր մեսիջներում փորձում է զգուշավոր ձևով ձեռնոց նետել նաև Մոսկվային:

Մասնավորապես, բազմաթիվ ճակատներ հետապնդելու մասին Էրդողանի ակնարկը այն ժամանակ արտացոլում էր իր կառավարության ռազմավարական նպատակները՝ ընդլայնելու իր ազդեցությունը Ռուսաստանի սրտում: Նրա վարչակազմը արդյունավետ լոբբինգ է իրականացրել Թյուրքական խորհրդի կարգավիճակը բարձրացնելու համար, որը հիմնադրվել էր դեռ 2009 թվականին՝ բարելավելու հարաբերությունները թյուրքալեզու երկրների միջև: 2021 թվականին խորհուրդը վերանվանվեց Թյուրքական պետությունների կազմակերպություն (Türk Devletleri Teşkilatı), որում որպես լիիրավ անդամներ ընդգրկվեցին Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքիան։

Ռուս փորձագետների կարծիքով՝ Էրդողանի այս վերջին մեսիջները ցույց են տալիս մեկ բան, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցումը վերջին տասնամյակում հիմնովին չի փոխել նախագահ Էրդողանի և նրա իսլամիստ-ազգայնական դաշնակիցների հավակնությունները՝ հասնելու այն բանին, ինչին Էնվեր փաշան չկարողացավ:

«Տասնամյակներ շարունակ Թուրքիայի իշխող վերնախավը Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկել է որպես ռազմավարական լծակ՝ Արևմուտքից ավելի մեծ զիջումներ կորզելու համար, որին Թուրքիան ամուր կապված է ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի միջոցով»,-նշում են այդ վերլուծաբանները:

Էրդողանի համար Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ պահպանելն ունի նաև անձնական նշանակություն, քանի որ նա և՛ իր քաղաքական, և՛ գործարար գործընկերները մեծ օգուտներ են քաղել այդ կապերից և մեծապես հարստացել: Ռուսաստանը, որը կաշկանդված է արևմտյան պատժամիջոցներով, այսօր քիչ այլընտրանքներ ունի առևտրի և ապրանքների և ծառայությունների գնման համար, դրանով իսկ բարձրանում է այս հարաբերությունների ռազմավարական արժեքը Էրդողանի և նրա շրջապատի համար և ոչ ավելի:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ տիրում է խոր գավառական մթնոլորտ, որտեղ քաղաքական վերնախավը զուրկ է վերլուծելու տարրական խնդիրները՝ կապված երկրի անվտանգության հետ, և մեծ են գործնթացների պարզ վիզուալ պատկերների մեկնաբանությունները, որոնք հիմնականում կատարվում են կենցաղային հարթության վրա:

Իսկ այն, որ Էրդողանը և իր նպատակները լուրջ սպառնալիք են տարածաշրջանի երկրների համար, տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Պարզապես քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ չի տալիս այդ երկրներին կենտրոնանալ այդ վտանգների վրա: Ռուսաստանը մասնավորապես կենտրոնացած է ուկրաինական ուղությամբ, Իրանը՝ միջինարևելյան ուղությամբ, իսկ Չինաստանը՝ Թայվանի և Հարավ-արևելյան Ասիայի տարածաշրջանի ուղությամբ:

Սակայն, բոլորը աչքի տակով հետևում են այսօրվա գլխավոր պանթուրքիստի ուղերձներին, որպեսզի ճիշտ պահին հետևություններ կատարեն:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա մենք պետք է օր առաջ ձևավորենք նոր ազգային-պետական վերնախավ, որպեսզի կարողանանք լրջորեն պատրաստվել վտանգների կանխատեսմանն ու ժամանակին չեզոքացմանը, առանց սրտաճմլիկ ելույթների, բայց գործուն և լուռ աշխատանքի միջոցով:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 568 անգամ
Լրահոս
Տեր Օշինը ճիշտ է ասել, քիչ ա ասել. Արամ Գևորգյանը Ռուբինյանին հիշեցնում է Եռաբլուրը ձեզ համար տեռասային նստարաններ չեն. Ռոմի՛կ Մխիթարյան, սա ձեր կառավարման պատկերն է. Արթուր Չախոյան Ֆոն դեր Լայենն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու մասին Զելենսկիի հայտարարությանը Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը Դատի տալու մեծ սիրահարը  «Առաջարկ Հայաստանին» հարթակը ծրագիր է ապագայի համար, Հայաստանի բարգավաճման համար. Իվետա Տոնոյան Իրանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին Փոխոստիկանապետերին ազատելու փոխարեն պետք է հանցավորության դեմ պայքարել․ Վարդանյան Կանադան Ուկրաինային 220 մլն դոլար և 400 զրահամեքենա կտրամադրի Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել, վիրավոր կա ՆԳՆ-ից հաստատում են․ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվում Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am