Ռուսական պատժամիջոցներից ելք է փնտրում
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնում է Արևմտյան Աֆրիկա։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահական ապարատի մամլո կենտրոնը։ Վերջինիս հաղորդմամբ՝ Էրդողանը փետրվարի 28-29-ին գտնվելու է Կոտ դ՛Իվուարում, փետրվարի 29-ին ու մարտի 1-ին՝ Գանայում, մարտի 2-3-ին՝ Նիգերիայում և մարտի 3-ին՝ Գվինեայում։ Այդպիսով, Էրդողանը փետրվարի 28-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում իր արևմտաաֆրիկյան շրջագայության շրջանակներում պաշտոնական այցով կգտնվի աֆրիկյան միանգամից 4 երկրում։ Այցի ընթացքում քննարկվելու է երկկողմ հարաբերությունների հարցը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային թեմաներ, ստորագրվելու են տարբեր ոլորտներին առնչվող համաձայնագրեր։ Ընդգծվում է, որ Թուրքիայի նախագահն առաջին անգամ է այցելում Կոտ դ՛Իվուար ու Գվինեա։ Էրդողանը 2015 թվականի հունվարի 21-24-ին էլ մեկնել էր Եթովպիա, Ջիբութի ու Սոմալի։
