Կատալոնիայի խորհրդարան առաջարկ է մտցվել հանրապետության ստեղծման մասին
«Միասին «այո» կոալիցիան եւ «Թեկնածուներ հանուն ժողովրական միասնության» կուսակցությունը Կատալոնիայի խորհրդարանում առաջարկություն են գրանցել հանրապետության ստեղծման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է El Pais թերթը՝ նշելով, որ անկախության կողմնակիցներն առաջարկում են «ստեղծել Կատալոնիայի հանրապետություն՝ որպես անկախ, ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն»: Տարածաշրջանի խորհրդարանը պետք է նիստ գումարի հոկտեմբերի 27-ին, որպեսզի պատասխան տա երկրի կառավարության կողմից ծրագրվող միջոցներին, որոնք ենթադրում են Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի, նրա տեղակալ Օրիոլ Ժունկերասի եւ տարածաշրջանային կառավարության դեպարտամենտների ղեկավարների պաշտոնանկությունը: Օրվա ընթացքում Իսպանիայի Սենատը պետք է քվեարկություն անցկացնի կառավարության առաջարկությունների շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
