ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՀԱՆՋ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՐԿՈւ ԴԵՊՔՈւՄ

2024թ. հուլիսի 20-22-ն օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում անցկացված երկրորդ գլոբալ մեդիաֆորումի ժամանակ՝ հուլիսի 20-ին, օկուպանտ և ցեղասպան, արհեստական կեղծ կազմավորման, այսպես կոչված, Ադրբեջանի սուլթան Իլհամը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին, մասնավորաբար, հայտարարել է. «…կան երկու կարևոր հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել: Համենայնդեպս, այս պահին երկու:

Առաջին՝ Հայաստանը պետք է դրական պատասխանի Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ին համատեղ դիմում ներկայացնելու մասին մեր առաջարկին… Հայաստանը համաձայն չէ…
Երկրորդ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը: Եվ կրկին ցանկանում եմ ասել, որ մեր գործողությունները չեն հանդիսանում միջամտություն նրանց գործերին, ամենևին ոչ: Հայաստանի Սահմանադրության մեջ կան հղումներ անկախության Հռչակագրին, որն ակնհայտ տարածքային սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ, քանի որ դրանում խոսվում է Հայաստանի հետ, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի միավորման մասին: Այսինքն՝ քանի դեռ այս կետը գոյություն ունի, խաղաղ համաձայնագիրն անհնար է»:

Անդրադառնանք Ապշերոնի սուլթան Իլհամի պահանջներին առանձին-առանձին:
Այսպես, ո՞րն է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Իլհամի նպատակը:
1992թ. մարտի 24-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի (ԵԱՀԽ) Խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպումը: Հանդիպման արդյունքների մասին հրապարակվել է եզրակացությունների ամփոփագիր (այսուհետև՝ ամփոփագիր):
Ամփոփագրի, մասնավորապես, 11-րդ կետում արձանագրվել է հետևյալը. «Նախարարները ի գիտություն ընդունեցին Հայաստանի և Ադրբեջանի պարտավորությունը՝ լիովին աջակցելու ԵԱՀԽ-ի Խորհրդի նախագահության առաքելությանը տարածաշրջանում, ինչպես նաև այն գործողություններին, որոնց վերաբերյալ ԵԱՀԽ-ի Խորհուրդը համաձայնել է, և կոչ են անում այս երկու երկրներին ակտիվորեն հետամուտ լինել այդ պարտավորության կատարմանը՝ հասնելու (հակամարտության – Ս. Հ.-Ջ.) տևական, խաղաղ լուծման»:

Մեջբերումից պարզվում է, որ ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի հետ միասին Ադրբեջանը նույնպես պարտավորվել է՝
• աջակցել ԵԱՀԽ-ի Խորհրդի առաքելությանն ու գործողություններին տարածաշրջանում,
• ադրբեջանաարցախյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:
Ամփոփագրի 8-րդ և 9-րդ կետերից հայտնի է դառնում, որ ադրբեջանաարցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների նպատակով (ԵԱՀԽ) Խորհուրդը որոշել է հնարավորինս շուտ Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում հրավիրել խորհրդաժողով 11 պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Ֆրանսիայի, Չեխիայի և Սլովակիայի Դաշնային Հանրապետության և Շվեդիայի մասնակցությամբ:

Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները` որպես շահագրգիռ կողմ, հրավիրվելու են խորհրդաժողովին նրա նախագահի կողմից` խորհրդաժողովին մասնակից պետությունների հետ խորհրդակցություններից հետո:
Ռազմական գործողությունների սրման պատճառով նշված խորհրդաժողովն այդպես էլ չի հրավիրվել, սակայն անվանումը՝ Մինսկի խորհրդաժողով, պահպանվել է: Մինսկի խորհրդաժողովը վերածվել է Մինսկի խմբի, որի առաջին նիստը տեղի է ունեցել ոչ թե Մինսկում, այլ Հռոմում` 1992թ. հունիսի 1-5-ին:
1994թ. դեկտեմբերի 5-6-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ԵԱՀԽ/ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ որոշվել է նշանակել ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի համանախագահներին, որպեսզի ստեղծվի ընդհանուր և համաձայնեցված հիմք բանակցությունների համար:
Բուդապեշտի գագաթաժողովի որոշման համաձայն՝ 1995թ. մարտի 23-ին ԵԱՀԿ նախագահը մանդատ է շնորհել Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, բանակցային գործընթացն ապահովելու և հակամարտության կարգավորման համար համապատասխան հիմք ձևավորելու համար:
Մինսկի համանախագահության ինստիտուտը սկսել է գործել 1997թ. փետրվարի 14-ից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից մշակվել և 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության երկրների արտաքին գործերի նախարարների կողմից Հայաստանին և Ադրբեջանին է ներկայացվել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին մի փաստաթուղթ, որն առավել հայտնի է «Մադրիդյան սկզբունքներ» անունով:
Արցախի Հանրապետության շահերի սպասարկման տեսանկյունից անընդունելի համարելով հիշյալ փաստաթուղթը՝ այդուհանդերձ հարկ է նշել, որ փաստաթղթում արձանագրվել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի, մասնավորաբար, ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքների համաձայն:

Հարկ է նշել, որ համակարտությունը «Մադրիդյան սկզբունքներ»-ի համաձայն կարգավորելուն Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը:
Ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «Մադրիդյան սկզբունքներ»-ին մինչ օրս հաջորդած բոլոր փաստաթղթերում, այդ թվում ստորագրված նաև Ադրբեջանի կողմից, բացի 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության, ուղղակի կամ անուղղակի կերպով մշտապես ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերի շարունակման կարևորությունը և հակամարտությունը միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների, այն է՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, ազգերի ինքնորոշման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության, համաձայն կարգավորելու անհրաժեշտությունը: Այդպիսի փաստաթղթերից կարելի է վկայակոչել օրինակ Մոսկվայի կամ Մայենդորֆյան հռչակագիրը՝ ստորագրված 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից:
Ձգտելով հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ նավթային դիկտատոր Իլհամը ցանկանում է հրաժարվել ադրբեջանաարցախյան հակամարտությունը միջազգային իրավունքի սկզբունքներին համաձայն լուծելու իր իսկ ստանձնած բազմաթիվ գրավոր հանձնառություններից:
Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու օկուպանտ և ցեղասպան Իլհամի պահանջին, ապա այս մասին էլ հարկ է նշել հետևյալը: Հայաստանի անկախության Հռչակագրին, որն Իլհամը համարում է Ադրբեջանի համար խնդրահարույց, հղում է տրված Հայաստանի Սահմանադրության նախաբանում: Իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ: Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն իր 2021թ. ապրիլի 29-ի որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանը հանդիսանում է Սահմանադրության անփոփոխելի դրույթ:
Հետևաբար, Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է տրված Հայաստանի Հանրապետության անկախության Հռչակագրին, որևէ պարագայում ենթակա չէ փոփոխության:

Այսպիսով, առնվազն վերոնշյալը նկատի առնելով՝ չպիտի գնալ Հայաստանին ներկայացրած Ադրբեջանի երկու պահանջներից և ոչ մեկի կատարմանը:
Հատկանշական է, որ Ապշերոնի սուլթան Իլհամը բացահայտ խոստովանել է, որ Հայաստանին ներկայացրած հիշյալ երկու պահանջներով ինքը չի բավարարվելու: Ապագայում կարող են ներկայացվել նաև այլ պահանջներ: Այս մասին անառարկելիորեն վկայում են Իլհամի հետևյալ խոսքերը. «…կան երկու կարևոր հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել: Համենայնդեպս, այս պահին երկու:»:
Իսկ սա իր հերթին վկայում է այն մասին, որ Հայաստանին ուղղված Ադրբեջանի պահանջները վերջ չեն ունենալու:
Ադրբեջանը երկու դեպքում կարող է պահանջ չներկայացնել Հայաստանին. մի դեպքում, երբ Հայաստանը ջախջախիչ պարտության մատնի Ադրբեջանին՝ պարտադրելով վերջինիս ստորացուցիչ պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրել, մյուս դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը դադարի գոյություն ունենալ:
Երկրորդ տարբերակը բացառելու և առաջին տարբերակն իրականություն դարձնելու նպատակով՝ հարկ է բոլոր ուղղություններով տանել համառ և նպատակային աշխատանք, ինչը, սակայն, հնարավոր կարող է լինել միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո:

 


ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 626 անգամ
Լրահոս
Միջազգային դատական մարմինը կանգնեցնում է ՀՀ իշխանությունների անօրինականությունը. Ամստերդամ Սուրճ խմելու տեղը մի գերի ազատիր Նիկոլի Հայաստանում. 71-ամյան քայլիստ թոշակառու Հակոբին գործի են ընդունում, իսկ 63-ամյա թոշակառուներին գործից ազատում են Եթե դա այդպես չէ, ապա պետք է խստորեն պատժվի Ավինյան Տիկոն Դու քաղաքապե՞տ ես, թե՞ օդի աղտոտվածությունը չափող կայանի խոսնակ Գազայի հատվածում հրադադարի հայտարարումից հետո հայտնաբերվել է եւս 151 մարմին Մակրոն, հեռացիր. Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ակցիաներ են Զատուլինը դավաճանություն է անվանել «Նոր Հայաստան» ստեղծելու Փաշինյանի ծրագրերը Մի ամբողջ մայրաքաղաք թունավորված է․ թե բա սիրահարվելու քաղաք․ լրագրող Երևանը ոչ թե զարգանում, այլ խեղդվում է 44-օրյա պատերազմի քննիչ- հանձնաժողովի զեկույցը՝ դանդաղ գործարկվող ռումբ՝ Փաշինյանի համար․ ՔՊ-ն ներսից պայքարու՞մ է Փաշինյանի դեմ Չենք նահանջելու, կանգ չենք առնելու․ Սամվել Կարապետյանի ուղերձը՝ մեկուսարանից Ավինյան Տիգրանն ու ՔՊ-ական թիմը պետք է անհապաղ հրաժարական տան․ Դերենիկ Մալխասյան Ռուսաստանում առաջարկել են զրկել Ալլա Պուգաչովային պետական թոշակից ԱՄՆ զորքերը գիշերը կժամանեն Իսրայել Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն Ռուսական զորքերը հարվածել են Խարկովում գտնվող Ուկրաինայի ԶՈւ-ի շտաբին Ջալալ Հարությունյանն առ այս պահը ՔԿՀ չի տեղափոխվել. դատական ակտը չի կատարվում Երևանում հայտարարություններ են փակցված 1֊6 դասարանցիների դասերի պատրաստման մասին Իսրայելը հրաժարվում է ազատ արձակել պաղեստինցի ամենահայտնի առաջնորդին «Էրեբունի-Երևան 2807»-ի տոնական միջոցառումները կընթանան թունավոր ծխի ուղեկցությամբ․ Դանիելյան Դաժան սպանություն՝ սպանել են մահացածի կնքահորը Նոր մանրամասներ Չարենցավանում տեղի ունեցած դեպքից «Պետականության փլուզման վտանգավոր փուլը». Սուրեն Սուրենյանց Թող ուրիշները չդասեն ինձ լավագույն տասնյակում կամ հարյուրյակում, դա կարևոր չէ․ Մխիթարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրաելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am