Կոսովոն նոր նախագահ ունի
Կոսովոյի մասամբ ճանաչված հանրապետության խորհրդարանի պատգամավորները նախագահի պաշտոնում են ընտրել 47-ամյա Հաշիմ Տաչիին, ով զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Հաշիմ Տաչին ընտրությունների երրորդ փուլում հավաքել է ձայների պարզ մեծամասնությունը:
Ընդդիմադիր պատգամավորները բազմիցս փորձել են խաթարել ընտրությունների ընթացքը՝ նիստերի դահլիճում արցունքաբեր գազ բաց թողնելով: Վերջին անգամ նրանք արցունքաբեր գազ են բաց թողել նախորդ ուրբաթ օրը: Այդ ամենն արդեն սովորական երևույթ էր պատգամավորների համար և ամեն նման ակցիայից հետո, նրանք հանգիստ լքում էին դահլիճը ու վերադառնում օդափոխությունից հետո: Ընդդիմության կողմնակիցները երեքշաբթի օրվանից ճամբար են հիմնել Պրիշտինայի կենտրոնում և բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են կառավարության հրաժարական, խորհրդարանի լուծարում և նոր ընտրություններ հայտարարելու մասին որոշում մարտ կամ ապրիլ ամիսներին: