Apple-ը ավտոմեքենայի նախագիծ է մշակում
Apple ընկերությունն աշխատում է նախագծի վրա, որը կապված է նորագույն ավտոմեքենայի հետ: Դրա մասին են վկայում անսովոր ակտիվությունը և գաղտնիությունը ընկերության՝ Սաննիվեյլ քաղաքի մոտ (Կալիֆոռնիա նահանգ) գտնվող շենքերի համալիրում: Այս մասին ուրբաթ հայտնել է Fox News հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ շրջանի բնակիչներն անհանգստացած են ձայներից, որոնք պարբերաբար լսվում են համալիրի կողմից: Ճարճատյունը, խուլ հարվածները, կտրուկ մեխանիկական ձայները մարդկանց մոտ տպավորություն են թողնում՝ կարծես ծածկված պոլիգոնում մետաղյա խոշոր օբյեկտ է շարժվում: Մյուս ձայները նման են «արդյունաբերական նմուշի սարքավորման աշխատանքի կտրուկ արագացման»: Ակտիվության նշանները, որպես կանոն, գիշերներն են կրկնվում և արթնացնում են Սաննիվեյլի բնակիչներին: Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ նրանք կասկածելի են համարում Apple-ի օբյեկտի պահպանության ռեժիմը: Apple-ում լրագրողների հարցերին չեն արձագանքում, մեկնաբանություններ չկան:
