Նոր մարտահրավերներ Արցախում. ինչ անել

2017թ. Արցախը նոր սահմանադրություն ունի: Ինչպես բոլոր քիչ ժողովրդավար հասարակություններում, Արցախում նույնպես սահամանդրական փոփոխությունները նպատակ ունեին ապահովել կառավարող ուժերի վերարտադրությունը: Արցախի նախագահ Բակո Սահակյանն առաջին անգամ ընտրվել է 2007թ. և վերընտրվել 2012թ., նրա պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2017թ. սեպտեմբերին: Ըստ նախկին ու ներկա սահմանդրությունների` նույն անձը չի կարող առավել քան երկու անգամ անընդմեջ ընտրվել նախագահի պաշտոնում: Սահմանադրության փոփոխությունները նպատակ ունեին իրավական մանիպուլյացիաների միջոցով ապահովել Բակո Սահակյանի նախագահի աթոռին մնալ առնվազն մինչև 2020թ.: Որևէ հույս չկար, որ Ազգային ժողովը կարող էր մերժել միջինասիական երկրներին հատուկ այս փոփոխությունները: Վստահաբար, հանրաքվեի ընթացքում իշխանությունները պետք է օգտագործեին իրենց բոլոր ռեսուրսները ցանկալի արդյունք ապահովելու համար: 2016թ. սեպտեմբերին և դրանից առաջ Ադրբեջանում անցկացված սահմանադրական հանրաքվեներն ամրապնդում էին Ալիևների ընտանիքի հավերժ իշխանությունը Բաքվում: Արցախը նույնպես գլորվում է ավտորիտարիզմի ճիրանները` նոր խնդիրներ առաջացնելով երկրի համար, որը բազմաթիվ մարտահրավերներ ունի: Ինչու՞ է այսպես ստացվում Բակո Սահակյանի իշխանության տարիներին տեղի է ունենում իշխանության և ռեսուրսների, ինչպես նաև կոռուպցիայի անօրինակ կենտրոնացում: Աշխատանքի շուկայի կառուցվածքը հնարավորություն է տալիս կառավարողներին վերահսկողություն սահմանել հասարակության ճնշող մեծամասնության վրա: Այս շուկայի առանցքը կազմում են բյուջետային աշխատողները` բյուրոկրատիան, ուսուցիչները, բուժաշխատողները և այլք: Ուռճացված բյուրոկրատիան, ոչ օպտիմալ ու հիմնականում պետական կրթական համակարգը, մեծամասամբ պետական բժշկական համակարգը, ուժային կառույցները աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց` հնարավորություն տալով նրանց ստանալ նվազագույն սպառողական զամբյուղից բարձր աշխատավարձ: Արդյունքում, օրինակ կրթական ոլորտը կատարում է ոչ թե կրթելու, այլ սոցիալական ֆունկցիա: Նպատակը ոչ թե կրթության ոլորտում արդյունքներ ստանալն է, այլ N թվով մարդկանց աշխատավարձով ապահովելը: Բնականաբար բյուջետային աշխատողներից կառավարող էլիտան ակնկալում է բացարձակ լոյալություն և այդ լոյալությունից շեղումները պատժվում են բավականին ծանր` աշխատանքից ազատմամբ: Փոքր աշխատաշուկայի պայմաններում աշխատանքից ազատվելը անձի/ընտանիքի համար կարող է հանգեցնել սոցիալական ողբերգության: Հարկ է նշել, որ մասնավոր ոլորտի ձեռնարկությունները նույնպես խոցելի են. խոշոր գործատուներն աշխատակիցների ընտրության հարցում հաճախ լսում են “վերևների” կարծիքը, իսկ փոքր բիզնեսը ստիպված է լոյալ լինել` հարկային մահակի տակ չընկնելու, այսինքն հարկային տույժերի և տուգանքների չենթարկվելու վախից դրդված: Ստեղծված են սոցիալական օգնության և վարկավորման (այդ թվում արտոնյալ) բազմաթիվ մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս բնակչության մի զգալի հատվածի ուղղակի վերածել իշխող ուժերին լոյալ զանգվածի: Արդյունքում տեղի է ունենում քաղաքական կենտրոնացում, ինչը բերում է տնտեսական կենտրոնացման կամ հակառակը: Բացահայտ մենիշխանություն է նաև հասարակական կարծիքի ձևավորման ասպարեզում: Արցախյան միակ հեռուստատեսությունը, Արցախի Հանրայինը փակ է պահում եթերը ընդդիմության կամ այլընտրանքային մտքի հանդեպ ընդհանրապես: Հեռուստատեսության խորհրդի նախագահը Բակո Սահակյանի դասընկերն է, որը հիմնականում զբաղված է խորհրդային ոճի գրաքննությամբ, իշխանությունների գովքով և ընդդիմության ձայնի խլացմամբ: Ավելորդ է խոսել դատարանների մասին, որոնք ամբողջովին կախյալ են նախագահից: 2007թ. ընտրվելուց հետո Բակո Սահակյանը հետևողականորեն, օգտագործելով վերոնշյալ մեթոդները, փորձել է վերացնել հնարավոր բոլոր հակակշիռները: Սրա հետևանքով 2010թ. խորհրդարանական ընտրություններով Արցախի Ազգային ժողվում որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ կամ գործիչ չի հայտնվել: 2015թ. ընտրություններին ընդդիմությունը ներկայացված է բավականին համեստ, ԱԺ գերակշռող մեծամասնությունը` 33 պատգամավորից 29-ը, Բակո Սահակյանին նախագահական ընտրությունների ժամանակ սատարած ուժեր և գործիչներ են: Թույլ է զարգացած նաև քաղաքացիական հասարակությունը: Ի տարբերություն Հարավային Կովկասի ճանաչված երկրների` Արցախի հասարակությունը չի ստացել միջազգային հանրության աջակցությունը քաղաքացիական հասարակության կերտման գործում: Բացառություն կարող են համարվել փոքրիկ ծրագրերը, որոնց ազդեցությունը հանրության վրա մեջ չէ: Այնպիսի ծրագրեր, ինչպես ազդեցիկ  «Դեմո» թերթի ֆինանսավորումն է, չեն իրականացվում 2008թ.-ից ի վեր: Եվրամիությունը ժամանակ առ ժամանակ ֆինանսավորում է խաղաղաշինական ծրագրեր, որոնք արդյունավետ չեն և չեն ազդում քաղաքացիական հասարակության զարգացման վրա: Ի՞նչ անել Հարկավոր է ամեն կերպ աջակցել Արցախում իշխանության և ռեսուրսների ապակենտրոնացմանը: Արցախի զարգացումը հնարավոր է միայն ազգային հարստության արդարացի վերաբաշխման դեպքում: Ազգային հարստությունը կավելանա միայն արդարության մթնոլորտի հաստատման, զարգացմանը նպաստող ինստիտուտների կայացման դեպքում: Կան փոքրիկ քայլեր, որոնց միջոցով կարելի է տարիներ անց զգալի արդյունքներ ակնկալել: Կրթության ասպարեզում դա ուսման բարձր որակ ապահովող մասնավոր դպրոցների զարգացումն է: Սրանց զուգահեռ պետք է ստեղծվեն կրթաթոշակային հիմնադրամներ` այդ դպրոցների սաների ուսումը ֆինանսավորելու համար: Արցախում սովոր չեն բարձրորակ ուսման դիմաց վճարել, մարդիկ հակված են վճարել դիպլոմի դիմաց: Դիպլոմը հնարավորություն է տալիս տեղ գտնել բյուջետային աշխատողների շարքում և լոյալության դիմաց ստանալ դիվիդենտներ աշխատավարձի տեսքով: Արդյունքում զգալիորեն ընկել է ուսման որակը, բնական գիտությունների գծով` առավելևս: Թեև հայկական տեխնոլոգիական ընկերությունները զգալի ջանք և գումար են ներդրել Արցախում բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար` ոլորտում ներգրավված աշխատողների թիվը հաշվվում է ընդամենը տասնյակներով: Ընկերությունները չեն կարողանում աշխատակիցներ ներգրավել ուսման ցածր մակարդակի պատճառով: Փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով հարկավոր է գտնել Արցախի կառավարող էլիտայի ազդեցությունից դուրս գտնվող վարկային միջոցներ, նախընտրելի է ցածր տոկոսադրույքներով: Քաղաքացիական հասարակության զարգացման տեսանկյունից կարևոր կլինի իրավական խորհրդատվություն, իրավական օգնություն, այդ թվում որակյալ փաստաբանական ծառայությունների մատուցումը հարկային մահակից տուժող գործարարների և աշխատանքային օրեսնգրքի խախտումներից տուժողների համար: Սկզբնական շրջանում այս ծառայությունները կարող են գործել դրամաշնորհային միջոցներով, մինչև որոշակի թվով գործարարներ կկարողանան իրենց միջոցներով ստեղծել շահերի պաշտպանության միություններ: Հասարակության զարգացման տեսանկյունից առավել քան արդյունավետ կլինի ուժեղ լրատվամիջոցի ստեղծումը, որը տպագիր և էլեկտրոնային տարբերակով բազմակողմանի լրատվություն կհաղորդի և կապահովի բազմաթիվ կարծիքների հրապարակայնացումը: Արցախի անվտանգության, տնտեսական զարգացման և հասարակության հզորացման համար անհրաժեշտ է բնակչության թվի ավելացում: Վերաբնակեցման ցանկացած ծրագիր արժանի է աջակցության, սրան զուգահեռ հարկավոր է լուրջ ճնշում ՀՀ և Արցախի իշխանությունների վրա` վերաբնակեցման ծրագրերի վերսկսման համար: Ո՞վ անի Արցախյան հասարակությունը բավականին թույլ է և անկազմակերպ: Մարդկանց մեծ մասը տարբեր խնդիրների հաղթահարման համար հակված են պատասխանատվությունը դնել պետության վրա: Այնուամենայնիվ վերջին տարիներին տարբեր նախաձեռնություններ են եղել, որոնք արժանի են աջակցության: Կարևոր է Արցախից նախաձեռնությունների առկայությունը, թեև քիչ հույս կա, որ դրանք ֆինանսական աջակցության կարժանանան հենց արցախյան հասարակության կողմից: Արցախի զարգացումն առաջնահերթություն համարող հայաստանյան տարբեր շրջանակների ներկայացուցիչները: Թե’ համալսարանական, թե’ քաղաքացիական հասարակության, թե’ գործարար և այլ շրջանակներ կարող են էական աջակցություն ցուցաբերել տարբեր ծրագրերի նախաձեռնության և դրանց համար ֆինանսների հայթայթման գործում: Արցախով հետաքրքրվող այն սփյուռքահայերն ու Սփյուռքի կազմակերպությունները, որոնք բացի կառավարության հետ աշխատելուց պատրաստ են աշխատել նաև արցախյան հասարակության հետ: Սփյուռքի տարբեր ներկայացուցիչների և կազմակերպությունների Արցախի հետ համագործակցության դրական փորձ կա, սակայն այդ համագործակցությունը եղել է հիմնականում Արցախի կառավարության հետ (շատ տրամաբանական է, քանզի կառավարությունն է Արցախի ամենակազմակերպված ուժը), ինչն էլ ծառայել է հոդվածի սկզբում նկարագրված իրավիճակի ստեղծմանը, այն է` իշխանության և ռեսուրսների կենտրոնացմանը մի խումբ մարդկանց ձեռքին:   Հ.Գ. Այս մտքերն ինձ զբաղեցնում էին երկար ժամանակ: Այսօր որոշեցի դրանցով կիսվել հրապարակային: Կցանկանայի, որ այս հոդվածիս լինեին բազմաթիվ արձագանքներ, ու մենք փորձեինք ինչ-որ քայլեր ձեռնարկել: Կսպասեմ ձեր արձագանքներին, ֆեյսբուքում ինձ կարող եք գտնել այսպես` facebook.com/khanumyan.hayk, իսկ իմ անձնական էլեկտրոնային փոստի հասցեն է` haykkhanumyan@gmail.com Հայկ Խանումյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am