ԱՄՆ-ը Ռուսաստանին կվերադարձնի պատմական փաստաթղթեր
Մոսկվայում ԱՄՆ դեսպանի նստավայրում մարտի 3-ին տեղի կունենա հանդիսավոր արարողություն, որի ժամանակ ռուսական իշխանություններին կփոխանցվեն 28 առանձնակի արժեքավոր պատմական փաստաթղթեր, որոնք գողացվել են ռուսական արխիվներից 1990-ականների սկզբին: Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը: Պարբերականի տեղեկությամբ՝ գողացված փաստաթղթերը հայտնաբերել են ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության քննչական ծառայության աշխատակիցները: Թերթը նշում է, որ դրանք Ռուսաստանի պետական պատմական արխիվում, Ռուսաստանի գրականության և արվեստի պետական արխիվում և Ռուսաստանի պետական ռազմական արխիվում եղած փաստաթղթերն են: Պարբերականի տեղեկությամբ՝ վերադարձվող փաստաթղթերը թվագրվում են XVIII-XX դդ.: Դրանց թվում են պալատական գերատեսչության 1703-1894 թթ. 10 վավերական բարձրագույն հրամաններ, այդ թվում՝ Պետրոս I-ի, կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի անվանական հրամանները: Կվերադարձվի նաև ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարի հրամանի բնօրինակը՝ «Քաղաքացիական օդային նավատորմի առաջին առանձին ավիացիոն գունդը Քաղաքացիական օդային նավատորմի 120-րդ առանձին Գվարդիական ավիացիոն գնդի վերափոխելու» մասին: Ենթադրվում է, որ միջոցառումը կանցկացնի Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը, միջոցառմանը կմասնակցեն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության, Ռուսաստանի մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, արվեստի և մշակույթի հեղինակավոր գործիչներ, պատմության և արխիվային գործի ոլորտի մասնագետներ:
