Ավինյանի «նվերը» երևանցիներին. այգի՞, թե՞ փող լվանալու մեքենա

168.am-ը գրում է. Տիգրան Ավինյանի՝ որպես Երևանի քաղաքապետ ընտրվելու և դրա կապակցությամբ տեղի ունեցած երդմնակալության արարողությունից անցել է մոտ մեկ ամիս։ Ավելորդ է խոսել այն մասին, թե ինչ խայտառակ պայմաններում տեղի ունեցավ նրա ընտրությունը, թե ինչպես երդմնակալության արարողության վրա ավելի քան 87 միլիոն դրամ կամ մոտ 220.000 ԱՄՆ դոլար ծախսվեց, որից միայն 43.5 միլիոնը՝ «թագավորական» բեմադրության, իսկ մյուս մասը՝ տեխնիկական ծախսերի վրա՝ ասել է թե դիզայն, տպագրություն, հյուրասիրություն։ Չխոսենք նաև այն մասին, որ այդ բազմամարդ արարողությունն այդպես էլ փակ միջոցառում մնաց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։Այն, որ Տիգրան Ավինյանը երևանցիների «երազանքների» քաղաքապետը չէ, ցույց տվեցին Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, այլ բան է, որ կուլիսային խաղերի արդյունքում նրան և ընդհանրապես իշխող «Քաղաքացիական պայմանագրին» հաջողվեց կորզել այդ պաշտոնը։ Թվում էր, թե ոչ այդքան հարթ ճանապարհով քաղաքապետ կարգվելու փաստն առնվազն զգոնության ու զգուշավորության նշույլներ կառաջացնի Երևանի նորընտիր քաղաքապետի մոտ, և առիթ կստեղծի առնվազն Երևան քաղաքի հետ կապված իր համակուսակից իշխանական պաշտոնյաների այս կամ այն կասկածելի որոշումները զսպել գոնե առաջիկա ամիսներին, սակայն նախօրերին կառավարության կողմից հաստատված որոշումներից մեկը ոչ միայն ամբողջապես ցրեց այդ հույսը, այլև հիմքեր տվեց կասկածելու, որ սա դեռ ծաղիկներն են. Ավինյանը ոչ միայն փորձ չի կատարելու երևալ բարեխիղճ քաղաքապետ, այլ ընդհակառակը՝ ամբողջությամբ օգտագործելու է իշխանական լծակներն ու իշխող քաղաքական ուժի թիմի անդամ լինելու փաստը, որպեսզի Երևանի քաղաքապետի պաշտոնից մաքսիմալ օգուտ քաղի։

Նախօրեին կառավարությունը որոշում ընդունեց, որով Երևանի քաղաքապետին թույլատրեց Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի հ. 2/3 հասցեում գտնվող և Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 5089.1 քմ մակերեսով հողամասից «Սլոն-ֆուդ» ՍՊԸ-ին 30 տարի ժամկետով ու կառուցապատման իրավունքով տրամադրել 220.0 քմ մակերեսով հողամաս։ Հողամասը նշյալ ընկերությանը տրամադրվում է ժամանցի և մանկական զարգացման կենտրոն կառուցելու նպատակով և այն պայմանով, որ ընկերության կողմից կվերակառուցվի (կարդիականացվի) տրամադրվող հողամասին կից 4869.13 քմ մակերես կազմող, երևանցիներին հայտնի «Մերգելյանի» այգին, ինչպես նաև մասնավոր ներդրումների հաշվին կիրականացվի այգու կանաչ գոտիների, ոռոգման ցանցի, ճեմուղիների, լուսավորության համակարգի պահպանումը, ընթացիկ նորոգումը և շահագործումը:
Ավինյանը «Մերգելյանի» այգու արդիականացման ու վերակառուցման մասին խոսել էր դեռ այս տարվա հուլիսի 24-ին, երբ վերջինս զբաղեցնում էր Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը՝ նշելով, որ այգին 30 տարի շարունակ գործել է մսի պասաժներով, իսկ նոր նախագծով մոտ 50%-ով կրճատվելու են սրճարանների քանակները՝ փոխարենն ավելանալու է կանաչապատ հատվածը։Սակայն, «Մերգելյանի» այգու հետ կապված Ավինյանի այս գաղափարը զուտ բարի նպատակների ու ցանկությունների դրսևորում չէր։ Հաշվի առնելով, թե ինչ փաստեր նախօրեին ի հայտ եկան կառավարության որոշման փաթեթից՝ հիմնավոր կասկածներ առաջացան, որ սույն նախագծի մեջ առկա են լրջագույն կոռուպցիոն ռիսկեր և Երևանի համայնքին պատկանող հողամասի յուրացման փորձեր։

Ի՞նչ է իրականում տեղի ունենում

Այժմ տեղի ունեցողի մասին ավելի մանրամասն ներկայացնենք։

Փաստ 1: Նախ, եթե նշյալ նախագիծն այդքան լավն է և որևէ պրոբլեմատիկ կետեր չի պարունակում, որը կարող է ստվեր գցել ինչպես կառավարության, այնպես էլ Երևանի քաղաքապետի վրա, ապա ինչո՞ւ էր կառավարության օրակարգում հարցը չզեկուցվող։ Չէ՞ որ բոլորս էլ գիտենք, թե ինչ առանձնահատուկ սեր են տածում Փաշինյանն ու իր թիմակիցները՝ այդ թվում և Տիգրան Ավինյանը, պոպուլիստական ու ժողովրդին ականջահաճո հայտարարությունների նկատմամբ։ Եթե իրականում 30 տարի այդ այգին անուշադրության էր մատնված, ապա սա առիթ էր կրկին նախկիններին հիշելու և PR-վելու համար։ Արձանագրենք, սակայն, որ կառավարությունն այս որոշումն ընդունեց լուռ՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։

Փաստ 2: Որոշման նախագծի մեջ նշված է, որ «Մերգելյանի» այգուց 220.0 քմ մակերեսով հողամասը 30 տարի ժամկետով տրամադրվում է ինչ-որ «Սլոն-ֆուդ» ՍՊԸ-ին։ Արձանագրենք, որ տվյալ ընկերությանը հողամաս տրամադրելու որոշումը կայացվել է առանց որևէ մրցույթի անցկացման։ Փորձեցինք պարզել, թե ինչ հեղինակություն ունի նշյալ «Սլոն-ֆուդ» ընկերությունը կառուցապատման ոլորտում, բայց, որքան էլ զարմանալի է, համենայն դեպս համացանցում, չկա գեթ մեկ հրապարակում նրանց կողմից իրականցված նախագծերի վերաբերյալ: Թեև այժմ քաղաք Արթիկում գրանցված նշյալ այս կազմակերպությունը հարկատուների ցանկում դասվում է որպես այլ մասնագիտացված շինարարական գործունեություն ծավալող, սակայն կազմակերպության անվան մեջ առկա «ֆուդ» բառը, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է «սնունդ», կասկած է առաջացնում, որ ընկերությունը ի սկզբանե հիմնադրված է եղել որպես շինարարական գործունեություն ծավալող, հետևաբար սա ևս հիմք է տալիս կասկածի տակ առնելու կազմակերպության անցած ճանապարհը, հեղինակությունն ու կոմպետենտությունը։ Էլ չխոսենք այն մասին, որ համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ 2019թ.-ից ի վեր տվյալ ընկերությունը պարբերաբար փոխել է սեփականատերերին։ Եվ, ուշադրություն, այս տարվա հուլիսի 27-ին՝ Տիգրան Ավինյանի կողմից «Մերգելյանի» այգու մասին արված հայտարարությունից 3 օր անց «Սլոն-ֆուդ» ՍՊԸ-ում, կրկին իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն, նշանակվել է նոր տնօրեն՝ ոմն Հովհաննես Գառնիկի Բարսեղյան։ Հետևաբար հարց՝ այդ ի՞նչ արժանիքների համար է այս ընկերությունն առանց մրցույթի թույլտվություն ստանում կառուցելու ժամանցի և մանկական զարգացման կենտրոն և իրականացնելու այգու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ Երևանի Արաբկիր համայնքում։

Փաստ 3: Կառավարության որոշմանը կից ամփոփաթերթում տեսնում ենք, որ նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացվել են բավական լուրջ դիտողություններ։ Մասնավորապես ՀՀ ֆինանսների նախարարությունը նշում է, որ նմանատիպ նախաձեռնություններ նախկինում ևս իրականացվել են, և կան նմանատիպ ծրագրեր իրականացնելու փորձառություն ունեցող կազմակերպություններ (օրինակ՝ ՔՈԱՖ բարեգործական հիմնադրամը, ԹՈՒՄՈ կենտրոնը), որոնք կարող են ներկայացնել առավել մրցունակ պայմաններ։ Հետևաբար նախարարությունն առաջարկում է կառուցապատման իրավունքով հողամաս ստանալու դիմաց առաջարկություններով հանդես գալու հնարավորություն ընձեռել նաև այլ կազմակերպությունների կամ լրացուցիչ հիմնավորել դրա անհնարինությունը, ինչպես նաև այն, թե ինչո՞ւ է ներկայացված տարբերակը համարվում լավագույն առաջարկը։

Այս փաստից հետո դեռ կասկածներ կա՞ն, որ այստեղ ինչ-որ կոռուպցիոն գործարքներ կան։ ՀՀ ֆինանսների նախարարությունը նաև մեկ այլ խնդիր է տեսել այս որոշման մեջ։ Այսպես, նախարարությունն ամփոփաթերթում նշում է, որ քանի որ հողամասը կառուցապատման իրավունքով առանց մրցույթի տրամադրելու արդյունքում նվազելու է Երևան քաղաքի եկամուտներ գեներացնելու հնարավոր բազան, անհրաժեշտ է ներկայացնել համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքի այլընտրանքային օգտագործման արդյունքում հնարավոր եկամուտների վերաբերյալ հաշվարկներ, օրինակ՝ վարձակալությամբ տրամադրման կամ վաճառքի դեպքերում։ Կարևոր է արձանագրել, որ այս երկու լրջագույն դիտողություններին նախագիծը ներկայացնող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ի դեմս նախարար Գնել Սանոսյանի, պարզապես որոշել է անտեսել և որևէ մեկնաբանություն չներկայացնել ամփոփաթերթում։

Փաստ 4: Ֆինանսների նախարարության դիտողությունները նախորդ երկուսով չեն սահմանափակվում։ Կա ևս մի դիտողություն, որը վերաբերում է նրան, որ որոշման մեջ պետք է նաև նշվի, որ նախատեսված աշխատանքների իրականացման ավարտը՝ 18 ամսվա ժամկետը, բացի այգու վերակառուցման (արդիականացման) աշխատանքներից վերաբերում է նաև 220.0 քմ մակերեսով հողամասի կառուցապատմանը։ Նախագիծը ներկայացնողն այդ դիտողությունը ևս չի ընդունել, պատճառաբանելով, որ վերջնաժամկետ սահմանվել է միայն այգու վերականգման մասով, քանի որ Երևան համայնքի համար առաջնահերթը նշված ժամկետում այգու արդիականացման և վերակառուցման աշխատանքներն ավարտելն է։ Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ այգու բարեկարգումը միայն կասկածելի գործարքը քողարկելու միջոց էր։ Ո՞վ գիտի, թե այդ 30 տարի ժամկետով առանց մրցույթի ինչ-որ անհայտ կազմակերպությանը Երևանում 220.0 քմ-ոց տրամադրված հողամասը վերջիվերջո կվերածվի ժամանցի և մանկական զարգացման կենտրոնի, թե՞ մեկ օր էլ շատ ծածուկ կօտարվի ու կծառայեցվի այլ նպատակներով։

Փաստերը ինքնին խոսուն են։

Հորդոր բոլոր երևանցիներին՝ շատ ուշադիր լինել «Մերգելյանի» այգու շուրջ տեղի ունեցող այս զարգացումներին։ Ինչ-որ բան հուշում է, որ երևանցիներին շատ ճոխ արարողությամբ կհրամցնեն «նոր» այգին՝ մի քանի նոր ծառերով, իսկ իրականում, պատճառաբանելով, թե բարեկարգումը մեծ ներդրումներ էր պահանջում, այգու տարածքի մի մասը պարզապես կծառայեցվի ինչ-որ մեկի բիզնես նպատակներին։

Ի վերջո, եթե այդ այգու բարեկարգումն այդքան կարևոր է Ավինյանի ու Փաշինյանի համար, որ նույնիսկ ֆինանսների նախարարին կարողացան լռեցնել և վերջինս, իր իսկ կողմից ղեկավարվող կառույցի կողմից ներկայացված լրջագույն դիտողություններն անտեսելով, կառավարության նիստին կողմ քվեարկեց չզեկուցվող հարցերի փաթեթին՝ առանց որևէ մի առարկություն ասելու, ապա գուցե ճիշտ կլիներ երդմնակալության արարողության վրա չծախսե՞լ ավելի քան 220.000 ԱՄՆ դոլար և այդ գումարն ուղղել այգու բարեկարգմանը՝ այդպիսով նվեր անելով երևանցիներին և հույսը չդնելով ինչ-որ ներդրողների վրա։ Չնայած, չէ… այդ տարբերակով շահույթ դժվար թե ունենային։

դիտվել է 366 անգամ
Լրահոս
«Արսեն Թորոսյանին ստի վրա բռնեցին․ ե՞րբ է ներողություն խնդրելու» (video) Ավինյանը ավտոկայանատեղի վճարման արտոնություն է տվել Կարեն Կարապետյանի ազգականին․ oragir.news Նիկո՛լ, դե խոստովանի՝ Կաթողիկոսն ինչեր է արել․ Մեսրոպ Եսայան (video) Մինչև որքան դրամի փոխանցման դեպքում այն հայտարարագրման ենթակա չի լինի Սոցիալական քաղաքականությունը, որը գործի է դրվում միայն այն ժամանակ, երբ քաղաքական ռեյտինգը վտանգված է, քարոզչություն է. Անուշ Պողոսյան Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր Սա փշրանք է․ Փաշինյա՛ն, դու պիտի ներողություն խնդրես թոշակառուից․ ակցիա Կառավարության դիմաց (video) Փաշինյա՛ն, գռոշներով բարձրացրած թոշակիդ նայե՞նք, թե՞՝ թանկացումներով սովի մատնված թոշակառուին․Եսայան (video) «Որ ասում են՝ չափից շատ եք էժան ու պրիմիտիվ՝ ճիշտ են ասում». Արմեն Հովասափյան Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Փաշինյանը վախեցել է՝ ի՞նչ են երեկ զեկուցել նրան․ Ռոբերտ Մարգարյան (video) Փաշինյանը թող իմանա՛՝ մենք սրանով կանգ չենք առնելու․ սա Նիկոլի մեծ պարտությունն է․ Ավետիք Չալաբյան (video) Որպես անհետ կորած որոնվում է Հարություն Պապյանը Իրանը Միացյալ Նահանգներին է ներկայացրել հնարավոր միջուկային համաձայնագրի առաջարկներ «Հրապարակ»․ Թոշակառուներն ու գյուղացիներն ավելի վատ են ապրում, իսկ բարելավումն վերաբերում է ՔՊ վերնախավին Եվրոպա գնալու վիզաների մասին ես մի առաջարկ ունեմ․ Արթուր Խաչիկյան (video) «Mazda»-ի վարորդը երթևեկում է հանդիպակաց ու վթարային իրավիճակ ստեղծում մյուս վարորդների համար Կառավարության նոր որոշումը Կանգնած ենք մեծ պատերազմի նախաշեմին․ ինչ սարսափելի վտանգ է Հայաստանին սպասվում․ Արթուր Խաչիկյան (video) Պшտերազմն արդեն չափազանց երկար է տևում. Թրամփ Կառավարությունը պակասեցրեց սոցփաթեթի համար նախատեսված 2026-ի բյուջեն Ես մի կոնկրետ հարց ունեմ Փաշինյանին․ մեր հաշվին ես էս ամենը անում․ Հովհաննես Ավետիսյան (video) ՔԿ նախկին քննիչը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի մեջ Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղում․ մոտ 4000–ից ավելի խոտի հակերում առաջացած կրակը տեսանելի (video) Նոր մանրամասներ Գյումրու կանգառում 4-5 հոգով՝ դանակներով, մի երիտասարդի վրա հարձակվելու դեպքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am