«Պատմական» այց
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակայինը Բաքվում իրանա-ադրբեջանական բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Իրանն Ադրբեջանում կառուցելու է դեղագործական գործարան, որը գտնվելու է Սումգայիթի շրջանում։ Դեսպանը հավելել է, որ գործարանի կառուցումն իրականացվելու է երեք փուլով, որոնք կտևեն 4-5 տարի, և Իրանն Ադրբեջանին կտրամադրի համապատասխան տեխնոլոգիաներ։ Իրանցի դեսպանը «պատմական» է որակել Իլհամ Ալիևի այցն Իրան՝ հիշեցնելով, որ դրա ընթացքում ստորագրվել է 11 պայմանագիր։ Նա դրանցից առանձնացրել է մաքսային ոլորտին առնչվող փաստաթուղթը, որն իր ներդրումը կունենա երկու երկրների մասնավոր սեկտորների միջև հարաբերությունների զարգացմանը։ Դեսպանը մատնանշել է նաև Աստարա(Իրան)-Աստարա(Ադրբեջան) ու Ռեշտ-Աստարա երկաթգծերի կառուցումն արագացնելու մասին փաստաթուղթը, որը կընդլայնի երկու երկրների միջև առևտրային համաձայնագրերը։ Դեսպանը նշել է, որ կողմերը քննարկել են նաև Ադրբեջան մեկնող Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացումը և հույս է հայտնել, որ այդ հարցի շուրջ կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք կբերվի այս տարվա կեսին։
