Ի՞նչ խանդավառություն. Արցախը հայկական պահելու խնդիրը մնացել է նույն տեղում

Միացյալ Նահանգները ողջունում է մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ և դա համարում է «կարևոր առաջընթաց»։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում։ «Այս կարևորագույն մատակարարումները կարևոր առաջընթաց են, և մենք կողմերին կոչ ենք անում ուղիղ բանակցություններ վարել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակիչներին մարդասիրական օգնությունն ավելացնելու վրա», - ասվում է հայտարարության մեջ: Բլինքենն ընդգծել է՝ ԱՄՆ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ որոնք ուղղված են «արժանապատիվ և տևական խաղաղության» հասնելուն։

ԱՄՆ-ին հետևել է Ֆրանսիայի գոհունակ ուղերձը: Մարդասիրական երկու շարասյուն Լաչինի և Աղդամի անցակետերով հասել են Լեռնային Ղարաբաղ, X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան՝ շեշտելով՝ սա պետք է լինի առանց նախապայմանների և անարգել մարդասիրական հասանելիության առաջին քայլը։ «Մարդասիրական երկու շարասյուն Լաչինի և Աղդամի անցակետերով հասել են Լեռնային Ղարաբաղ. սա պետք է լինի առանց նախապայմանների և անարգել մարդասիրական հասանելիության առաջին քայլը՝ համաձայն միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման», - գրել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Ավելի քան 3 ամիս շարունակված լիակատար շրջափակումից հետո՝ երեկ վաղ առավոտյան Կարմիր խաչի միջնորդությամբ Ղարաբաղ հումանիտար բեռ է մտել միաժամանակ երկու ճանապարհներով՝ Լաչինի միջանցքով և Աղդամով: Լաչինով տեղափոխվել է մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Աղդամով՝ ռուսական, շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։

Փարիզի և ֆրանսիական մի շարք խոշոր քաղաքների իշխանություններ օգոստոսի 30-ին 10 բեռնատարներով հումանիտար օգնություն ուղարկեցին Լեռնային Ղարաբաղ։ Ֆրանսիայի ուղարկած հումանիտար օգնությունը Երևանից հասավ Հակարիի կամրջի մոտ ու արժանացավ նույն ճակատագրին, ինչ Հայաստանի կառավարության բեռը․ Բաքուն ֆրանսիական բեռնատարների առջև ևս չբացեց Լաչինի միջանցքը։ Ֆրանսիական հումանիտար բեռների շարասյունն ուղեկցում էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

Երեկ էլ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով բեռների մատակարարումները Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և կոչ արել կարգավորել այդ գործընթացը։ Եվրամիության պաշտոնյան նաև կարևորել է Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը։ «Նաև կարևոր է բանակցություններ սկսել Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև՝ իրավունքների և անվտանգության հարցով, Եվրամիությունը պատրաստ է աջակցել»,- X-ում գրել է Միշելը։
Հիշեցնենք, երեկ Կարմիր Խաչի բեռնատարները միաժամանակ մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ Լաչինի և Աղդամի ճանապարհներով։ Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ Լաչինի միջանցքով Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Աղդամով՝ ռուսական, շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։ Շտաբի փոխանցմամբ, մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով Ռուսաստանի Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով:

Ինչպիսի՞ խանդավառություն է տիրում Բաքվի երեկվա քայլի առիթով...

Բայց դեռ վաղ չէ՞ լավատեսություն հայտնելու համար: Արևմուտքն այսքան միամի՞տ է, պա՞րզ չէ, որ Բաքուն այս քայլի դիմեց ճնշման տակ, բայց միևնույն ժամանակ իր պահանջը իրագործվեց` Աղդամի ճանապարհը գործարկվեց, որն էլ նրա հիմնական նպատակն էր:

Եվ վերջապես, այսքան ամիս Ադրբեջանի իշխանության գործողությունների համար պատասխանատվություն ո՞վ է կրելու, որևէ պատիժ չկա՞ Արցախը սովի մատնելու համար, մի ամբողջ ժողովրդի ցեղասպանության ենթարկելու համար:

Թե՞ սա հանցանք չէ միջազգային օրենքների ու իրավունքի տեսանկյունից:

Եվ հաջորդը, պարզից էլ պարզ է, որ Ալիևն անում է ամեն ինչ, որպեսզի դեպի Արցախ ուղղված մատակարարումների շարժն ամբողջությամբ տեղափոխվի Աղդամի ուղղությամբ։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է անցած դեկտեմբերից, երեք ամիս առաջ էլ Ադրբեջանը անցակետ տեղադրեց Հակարիի կամրջի վրա՝ առհասարակ արգելելով սննդի ու անհրաժեշտ իրերի տեղափոխումը։

Լաչինի միջանցքի փակումը Ալիևի նպատակն էր, հետևաբար, դրանով նա գործի դրեց Արցախը հայկական պահելուց զրկելու իր պլանը: Հիմա այդ պլանը անարգել թո՞ւյլ են տալու, որպեսզի շարունակի գործել... Սա է խնդիրը:

Իսկ երեկվա օգնությունը մեկանգամյա էր, հետևաբար, որևէ մեկը չպետք է դրանից գոհ լինի։ Դեռ բոլորովին էլ պարզ չէ, թե Լաչինի միջանցքով բեռներ ե՞րբ կտեղափոխվեն Արցախ, ի վերջո, կվերականգնվի՞ միջանցքով Արցախ բեռների ու մարդկանց անխափան տեղաշարժը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2021 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am