Ստահակ է, բայց մեր ստահակն է

Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարության նիստում մեկ անգամ ևս արձանագրել է՝ «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության բանակ չկա»: «Լեռնային Ղարաբաղում գործում է ԼՂ Պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է», - նշել է նա՝ հակադարձելով պաշտոնական Բաքվի անհիմն մեղադրանքներին և Արցախից Հայաստանի բանակի ստորաբաժանումները դուրս բերելու պահանջին:

«Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում Լեռնային Ղարաբաղում», - նշեց Փաշինյանը: «Էթնիկ զտման ադրբեջանական այդ քաղաքականության մաս է նաև այն միջազգային կազմակերպությունների և երկրների թիրախավորումը, ովքեր օբյեկտիվ գնահատական են տալիս Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի գործողություններին: Այս առումով, Ադրբեջանը ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե՛ պաշտոնական, թե՛ հանրային հարթակներում հնչում են հասցեական գնահատականներ և ահազանգեր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունը այլ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամին հասցեական հնարավոր գնահատականները կանխելն է»: «Հայաստանն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի ու ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Այս ողջ իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի շարունակական դիվանագիտական աշխատանքը: Որքան էլ ծանր լինի թե՛ բարոյապես, թե՛ քաղաքական, թե՛ էմոցիոնալ առումով, մենք որևէ պարագայում ինքնատիրապետումը չպետք է կորցնենք», - ընդգծեց Հայաստանի վարչապետը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտականությունները չկատարելու մեջ՝ միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով. «Ստիպված եմ կրկնել․ Հայաստանը, ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել ու նման որևէ մեկնաբանություն երբևէ չի ընդունի»։ Որպես ասվածի ապացույց, Փաշինյանը հիշատակեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը. «Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակմանը, բազմիցս հայտարարել և հայտարարում ենք, որ պատրաստ ենք դրան։ Արդեն վաղուց Հայաստանի կառավարության որոշման նախագիծ է՝ դրված պաշտոնական շրջանառության, որով նախատեսված է Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք հսկիչ անցակետի հիմնում մեր կողմից։

Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց անգամ չի նախատեսել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին»,- շեշտեց նա։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը նման մոտեցում է ցուցաբերում, քանի որ չի հրաժարվել Հայաստանը շրջափակման ենթարկելու՝ 30-ամյա քաղաքականությունից։

Փաշինյանի ելույթը պատասխան է նախորդ օրը Ալիևի կողմից հնչեցված մի շարք մեղադրանքներին...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը։ Բաքվում այսօր կայացած երկկողմ հանդիպմանը Ալիևը ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու, Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու գործընթացը։

Հասան Ֆիդանը Ադրբեջան է ժամանել «Չմիացած երկրների շարժման» բյուրոյի արտգործնախարարների հանդիպման առիթով։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այդ շարժման մեջ չի մտնում, բայց Ադրբեջանի արտգործնախարարը նրան հրավիրել է հյուրի կարգավիճակով մասնակցել հավաքին։

Հիշեցնենք, որ «Չմիացած երկրների շարժմանը» շուրջ 120 երկիր է անդամակցում, այն ձևավորվել է անցած դարի սառը պատերազմի ժամանակ, հիմնական նպատակը չմիանալ ռազմական դաշինքներին, ՆԱՏՕ-ին կամ Վարշավյան պայմանագրին, որն այն ժամանակ ստեղծել էր նախկին Խորհրդային միության կոմունիստական ռեժիմը։

Վերջին տասնամյակում Ադրբեջանը այդ կազմակերպությունում ակտիվ դիվանագիտության, քարոզչություն է տանում, նաև նախագահել է կազմակերպությունը:
Ահա, արտգործնախարարների հանդիպմանը Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել և Արցախին ու Հայաստանին վերաբերող երկու հիմնական շեշտադրում է կատարել, որոնք վերաբերում են Արցախի պաշտպանության բանակին և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։

Ալիևն ասել է, որ թեպետ Հայաստանը ստիպված Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, բայց Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահներ, դեռ մնում են հայկական զինված ուժերի մնացորդներ։ Նրա խոսքերով՝ եթե Հայաստանը իսկապես հետաքրքրված է հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ադրբեջանի ղարաբաղյան շրջանը, հայկական զինվորականները և կիսառազմական կազմավորումները տեղերում պետք է զինաթափվեն, հայտարարել է նա։
Ինչ վերաբերում է ճանապարհին, Ալիևն ասել է, որ Հայաստանը խոչընդոտում է «զանգեզուրյան միջանցքի բացմանը», որը նրա խոսքերով՝ 3 տարի առաջ ստորագրված կապիտուլյացիայի ակտի պարտավորություններից մեկն է՝ Ադրբեջանի հիմնական մասը կապել Նախիջևանին։

Իր ելույթում Ալիևը Հայաստանի հասցեին հնչեցրել է բոլոր հնարավոր մեղադրանքները։ Ադրբեջանին դասել է աշխարհում ամենաականապատված երկրների շարքում, ասել է, թե գրավյալ տարածքում Հայաստանը էկոլոգիական ու մշակութային աղետներ է իրականացրել։ «67 մզկիթներից 65-ը ոչնչացվել են, իսկ կանգուն մնացածներում խոզ ու անասուն են պահել, ինչը վիրավորանք է աշխարհի բոլոր մահմեդականներին», - հայտարարել է նա։

Ալիևը չի մոռացել քննադատել Երասխում մետաղաձուլարանի կառուցումը, ասելով, թե Հայաստանը շարունակում է անդրսահմանային բնապահպանական աղետներ ստեղծել Նախիջևանի հետ սահմանին։ Նրա խոսքերով՝ խախտվում է 1991թ. կոնվենցիայի պարտավորությունը, ուր նշված է, որ համապատասխան երկրները պետք է միմյանց հետ խորհրդակցեն՝ խուսափելու համար անդրսահմանային անբարենպաստ ազդեցությունից։
Ալիևը Հայաստանի գործընկերներից քննադատել է Ֆրանսիային, ասելով, թե Փարիզը Ղարաբաղում պաշտպանում է հայկական անջատողականությանը։

Այսպես, Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, թե միջանցքի տրամաբանությունը բացակայում է նաև եռակողմ հայտարարությունում։ Խոսքը ճանապարհի, հաղորդակցության ուղիների մասին է, որոնք պետք է գտնվեն իրենց տարածքով անցնող երկրների վերահսկողության և իրավասության ներքո։

Ալիևն էլ, այսպես ասած` իր անփոփոխ գիծն է առաջ տանում` կեղծ ու անհիմն մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի ուղղությամբ: Ու Փաշինյանի կառավարությանն ի՞նչ է մնում... Ալիևի քննադատություններին հրապարակավ երբեմն արձագանքել ու անվերջ կրկնել, որ հայկական կողմը պատրաստ է ընդունել այդ նույն Ալիևի կողմից պարտադրվող խաղաղության ծրագիրը:

Եթե Փաշինյանի կառավարությունը չի ընդունում Ալիևի այս քաղաքականությունը, որը ոտքից գլուխ Հայաստանին պահանջներ ներկայացնելու ու այժմ էլ Հայաստանի կապիտուլյացիայի քաղաքականություն է` ինչո՞ւ Փաշինյանը գնում-բանակցում այդ զեղծարարի հետ:

Փաշինյանի այս զարմանալի մարտավարությունն ապացուցում է, որ նա գիտե, որ Ալիևը ստահակ է, բայց Փաշինյանը շարունակում է նրա հետ բանակցել, քանի որ առաջնորդվում է հետևյալ սկզբունքով` Ալիևը, ճիշտ է, ստահակ է, բայց` մեր ստահակն է...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2332 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am