Այս տարի կստորագրեն... բայց դեռ ադրբեջանական օկուպացված գյուղերի մասին «օդում» են խոսում

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ բանակցությունների ինտենսիվությունը պահելու դեպքում հնարավորություն կա, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել։ Նա նշել է, որ Հայաստանը տրամադրված է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորինս շուտ տեղի ունենա։
Սակայն նույն օրը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում որոշ հայտարարություններ է արել, որոնցից տպավորություն է ստեղծվում, որ դեռ պահպանվում են անորոշությունները հիմնական հարցերում:

«Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ չենք բանակցում», - խորհրդարանում ասել է Միրզոյանը։ «Որևէ մեկը չի կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված կան բազմաթիվ բաց հարցեր, բլոկադան է դա վկայում, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, գազի, էլկտրաէներգիայի խափանումները։ Էդ հարցերը պետք է քննարկվեն և հասցեագրվեն ոչ մեր կողմից, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ընտրված մարմինների կողմից։ Մենք պետք է փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեխանիզմը, հարթակը», - ասաց Միրզոյանը:

Պարզվում է նաեւ, որ վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզով պետք է սահմանազատում կատարվի, նաև ասել է Միրզոյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ Հայաստանի համար ընդունելի է 75 թվականի քարտեզով խնդրի լուծումը: Ըստ Միրզոյանի՝ թեև սկզբում Բաքուն միշտ դեմ է եղել 75 թվականի քարտեզով սահմանազատմանը, բայց քիշնևյան հանդիպման ժամանակ, Հայաստանի արտգործնախարարի խոսքով, Ադրբեջանի նախագահը կարծես չի առարկել, ասել է, որ դեմ չէ։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ Քիշնևում առնվազն սահմանազատման և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունեն, թեև դեռ չեն կարող ասել, որ այդ հարցն այլևս լուծված է։

Ճշտող հարցին, թե կողմերը համաձայնե՞լ են 1975 թվականի քարտեզները հիմք ընդունել, Գրիգորյանը պատասխանել է․ - «Դա ավելի ուժեղ ձևակերպում է, քան քննարկումներ են եղել, իդեալական կլիներ, որ այդպես լիներ, բայց դեռևս այդ մակարդակին չենք հասել և շարունակելու ենք բանակցությունները, որ հասնենք դրան»։

Այսօր Բաքուն դժգոհություն է հայտնել Գրիգորյանի հայտարարության կապակցությամբ՝ նշելով, թե Բաքվի և Երևանի միջև կոնկրետ քարտեզի հիման վրա ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել։ Բաքուն Գրիգորյանին մեղադրել է «հերթական անգամ մի շարք հարցերի էությունը խեղաթյուրելու փորձի մեջ»՝ շեշտելով՝ «Երևանը ձգտում է խուսափել իր ստանձնած պարտավորություններից»:

Խոսելով անկլավների խնդրից՝ Միրզոյանը պնդեց՝ խաղաղության պայմանագրի նախագծում անկլավների մասին հիշատակում չկա: «Կան պնդումներ տարածքային ամբողջականության շուրջ, որոնք դեռ բանակցվում են», - ասել է նա։

Այսօր Բաքուն հայտարարել է, թե չնայած գրավոր ու բանավոր պայմանավորվածություններին՝ Հայաստանը ամբողջությամբ դուրս չի բերել իր ուժերն ադրբեջանական տարածքներից, ինչպես նաև տարբեր պատրվակներով շարունակում է ձգձգել ութ գյուղերի վերադարձը Ադրբեջանին։ Բաքուն ՄԱԿ-ում պահանջ է ներկայացրել, թե Հայաստանը պետք է վերադարձնի «դեռևս օկուպացված 8 գյուղերը», Երևանն ի պատասխան նշել է, որ Ադրբեջանն էլ իր հերթին է գյուղեր օկուպացրել։ «Ազատությանը» տված հարցազրույցում, թե, օրակարգում դրանց փոխանակման կամ վերադարձի հարց կա՞, Փաշինյանը պատասխանել էր «եթե Ադրբեջանը պատրաստ է ետ վերադարձնել, մենք պատրաստ ենք»: «Մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, և գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի, կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար, պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել, [եթե պատրաստ է], այո, մենք պատրաստ ենք: Բայց այստեղ ուրիշ հարց կա. ենթադրենք՝ Ադրբեջանի կամ՝ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա,և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում: Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի», - ասաց գործադիրի ղեկավարը:

Հետաքրքրականն այն է, որ այսօր Բաքուն էլ անխուսափելի է համարել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ «Մայիսին ինտենսիվ բանակցություններ են տեղի ունեցել: Սկզբում Վաշինգտոնում (Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով), ապա՝ Մոսկվայում։ Բացի այդ, երկու երկրների ղեկավարները մի քանի անգամ հանդիպել են։ Մոտ ժամանակներս Վաշինգտոնում կանցկացվի բանակցությունների հերթական փուլը (ԱԳ նախարարների մակարդակով)»,- լրագրողներին ասել է Բայրամովը՝ նշելով նաև, որ մայիսին կայացած բանակցությունների օրակարգային թեմաներից մեկը եղել է ապրիլին Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողների ճակատագիրը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հանդես է եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ՝ հիմնված միջազգային իրավունքին համահունչ 5 հիմնական սկզբունքների վրա։ «Խաղաղությունն անխուսափելի է, հարաբերությունների կարգավորման համաձայնագիր պետք է ստորագրվի»,- ասել է նա։ Միաժամանակ Բայրամովը նշել է, որ խաղաղության պայմանագրով կան կետեր, որոնք համաձայնեցված չեն կողմերի միջև, ուստի բանակցությունները կշարունակվեն։ Ադրբեջանի արտգործնախարարը նաև կարծում է, որ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տեղի են ունենում շատ կարևոր գործընթացներ։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Վաշինգտոնում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, այսինքն, քիշնևյան բանակցությունների արդյունքներն այժմ էլ կքննարկեն ԱՄՆ-ում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1553 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am