Դիվանագիտական սկանդալ`Թուրքիայի և Բուլղարիայի միջև
Բուլղարիայի արտգործնախարարությունը անցանկալի անձ է ճանաչել Բուրգասում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության կցորդ, Թուրքիայի կրոնի հարցերով վարչության աշխատակից Ուղուր Էմիրօղլուին` պահանջելով վերջինիցս լքել երկիրը: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, բուլղարական կողմը որպես հիմնավորում նշել է Էմիրօղլուի` դիվանագիտական պարտականություններին չհամապատասխանող գործողություններ իրականացնելը: Իսկ բուլղարական լրատվամիջոցները գրել են , որ պատճառը Էմիրօղլուի միջամտությունն է Բուլղարիայի ներքին գործերին: Թուրքիան էլ հանդես է եկել պատասխան քայլով` անցանկալի անձ ճանաչելով Ստամբուլում Բուլղարիայի գլխավոր հյուպատոս Անգել Անգելովին` իր հերթին բուլղար դիվանագետից պահանջելով լքել Թուրքիայի տարածքը: Թուրքական աղբյուրը նշում է, որ երկու երկրների միջև լարվածությունն ավելի խորքային բնույթ ունի և կապված է Բուլղարիայում գործող թուրքական «Իրավունքների և ազատությունների շարժում կուսակցություն» նախագահ Լյութֆի Մեսթանի պաշտոնանկություն հետ: Նշվում է, որ կուսակցության պատվավոր նախագահ Ահմեթ Դողանը Մեսթանին պաշտոնանկ էր արել այն բանից հետո, երբ վերջինս ռուսական ինքնաթիռի խոցումից հետո պաշտպանել էր Թուրքիայի տեսակետները: Կայքը նշում է, որ անցյալ շաբաթ էլ Բուլղարիայի խորհրդարանը որոշում է ընդունել ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է քննի Սոֆիայի ներքին գործերին Ռուսաստանի և Թուրքիայի կատարած միջամտությունների մասին շրջանառվող պնդումները:
