«Կրկեսն» ավարտած է. Երկիրը հանձնելու լուրը վաղուց «անսպասելի» չէ

Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելի հստակեցնելով, թե ինչ նկատի ունի Երևանը, երբ խոսում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի մետր տարածքային ամբողջականության մասին։ «Հայաստանի այսօրվա կառավարություն ինչ ասի-չասի, Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ ես ասել եմ և ավելի եմ կոնկրետացրել, և ավելի կոնկրետ դժվար եմ պատկերացնում կարող եմ ասել։ 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը», երեկ հրավիրած ասուլիսում նշեց Փաշինյանը։

Միաժամանակ սակայն, ըստ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ - Բաքու երկխոսության միջոցով։ Թե արդյո՞ք Բաքուն համաձայն է, նա չմանրամասնեց. - «Կարևոր ենք համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը։ Նկատի ունենք, օրինակ, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը ուղղակի մոռացության մատնվել, և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը։ Եվ մենք կարևոր ենք համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու»։

Ահա, և վերջ, ինչպես ասում են` «կրկեսն» ավարտվեց: Փաշինյանը կատարեց Ալիևի հորդորը, երբ շաբաթներ առաջ նա դժգոհեց, թե Հայաստանը պետք է ավելի հստակ ասի, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է:

Այսինքն, Փաշինյանի կողմից «Ադրբեջանի» տարածքային ամբողջականության ճանաչման հայտարարությունները բավարար չէին, Ալիևը սպասում էր «հստակեցում» և երեկ Փաշինյանը «հստակեցրեց»:

Նորությո՞ւն էր դա: Իհարկե ոչ: Այս առումով, մի տեսակ անհասկանալի է Հայաստանում ու Արցախում բարձրացած դժգոհությունը: Փաշինյանը որևէ նոր բան չի ասել իրականում, ամեն ինչ պարզ էր շատ վաղուց: Հետևաբար, եթե մեր քաղաքական դաշտին էլ պակասում էր Փաշինյանի «հստակեցումը», այն երեկ արվեց:

Փաշինյանը նաև երեկ այլ փակագծեր բացեց։1975թ. քարտեզները, որոնց հիմքով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ներառում են նաև անկլավները։ Դրանք փոխանակելու հարցում, սակայն, միանշանակ դիրքորոշում Երևանը չունի։ Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, թե անկլավների փոխանակման իրավական հիմքեր չկան. - «29 հազար 800-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը։ 86 հազար 600-ի մեջ էդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները։ Մենք էլի ասում ենք՝ սա քաղաքական որոշում ա, բայց հարցի իրավական մասը դեռ պետք ա դիտարկել և նայել»։

Մասնավորապես, ըստ Փաշինյանի, քննարկվում են մի քանի տարբերակներ։ Օրինակ, ամեն ինչ թողնել ինչպես կա, բայց պահպանել երկու պետություններին հասանելիք քառակուսի կիլոմետր տարածքը. «Ենթադրենք, չափել, օրինակ, Արծվաշենի տարածքը ինչքան ա, մյուսների տարածքը ինչքան ա, և ըստ այդմ էնպես անել, որ ամեն ինչ լինի հավասարության սկզբունքի հիման վրա։ Մյուս տարբերակն էն ա, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո համապատասխան Արծվաշենը վերադառնա Հայաստանի ինքնիշխանության ներքո, էն մյուս տարածքները վերադառնան [Ադրբեջանին], որոնք դե յուրե կհիմնավորվեն, որովհետև էս նրբությունը միշտ պետք ա հաշվի առնել, որովհետև էդ իրավական մասերը մինչև վերջ ուսումնասիրված չեն։ Քաղաքական առումով այդպիսին է դիրքորոշումը»։

Իր զիջողական քաղաքական կեցվածքի պայմաններում, Փաշինյանը, երեկ հեշտ ու հանգիստ արձանագրեց, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային հանրության կոչերը:
Չնայած Վաշինգտոնի կոչին՝ զորքերը երկկողմանի հետ քաշել, Ադրբեջանը, ըստ Փաշինյանի, մտադիր չէ դա անել։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը գաղտնազերծել էր, որ այս հարցը քննարկվել է վաշինգտոնյան բանակցություններում. - «Պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք այս խնդիրը տեսնում ենք նաև արդեն ձևակերպված միջազգային հանրության կողմից, ինչը բավական կարևոր է և ողջունելի։ Գոնե այս պահի դրությամբ ես Ադրբեջանի դիրքորոշման տեղաշարժ չեմ կարող արձանագրել՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ կոնկրետ սահմանային անվտանգության ապահովումը բանակցային գործընթացի կարևորագույն մաս է։ Ոչ մի գաղտնիք չկա նրանում, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն»։

Երեկ նաև պարզ դարձավ, որ ավելի մոտ է ճանապարհային ենթակառուցվածքների վերաբացումը, մասնավորապես Մոսկվան ու Բրյուսելը հաղորդել են դեպի Նախիջևան երկաթուղու մոտալուտ գործարկման հնարավորության մասին։ Փաշինյանը սակայն, այսօր չասաց, թե ավտոճանապարհի ճակատագիրն ինչ է լինելու, Զանգեզուրի միջանցքի պահանջը դեռ ուժի մե՞ջ է. - «Մոսկվայի հանդիպումը հինգշաբթի օրն է։ Որ մինչև հինգշաբթի օրը մենք իրատեսական է խաղաղության պայմանագիր ստորագրել, չեմ կարծում։ Եթե կոմունիկացիաների բացման վերաբերյալ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի, դուք գիտեք մեր մոտեցումները և սկզբունքները, բացառել չեմ կարող»։

Ամեն ինչ ասված է, «վերջակետը» դրված է: Փաշինյանը վաղուց արդեն գաղտնիք չունի հանրությունից: Նա ամեն կերպ ապացուցում է, որ հասարակության լուռ համաձայնությամբ իր ծրագիրն իրականացնում է` բավական հետևողականորեն:

Հայաստանի «քաղաքական» կոչվող դաշտը, մինչդեռ, նրա ամեն մի ասուլիս, յուրաքանչյուր հայտարարություն ընդունում է մեծ «զարմանքով» և «անսպասելիությամբ»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3791 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am