Ո՞րն է ԱՄՆ-ի «միջնորդական առաքելության» ու գերակտիվության հիմնական պատճառներից մեկը

«Փաստ» օրաթերթը գրում է․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և նրա գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ միջնորդությամբ մի քանի օր շարունակ, այսպես ասենք, «բանակցություններ էին վարում» Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ: Քննարկվող հարցերի ու ձևակերպումների մասին կարելի էր թեթևակի պատկերացում կազմել Արարատ Միրզոյանի գլխավորած հիմնարկի պաշտոնական ու գրեթե ոչինչ չասող հաղորդագրություններից, բայց ավելի շատ՝ այս գործընթացում հիմնական միջնորդի դեր ստանձնած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ժլատ հայտարարություններից: Նախքան խնդրահարույց որոշ դետալներին անցնելը, կարծում ենք, արժե դիտարկել մի քանի, ինչպես մեզ է թվում, առանցքային հանգամանք: Առաջին. պետք է հասկանալ, թե որն է ԱՄՆ-ի «միջնորդական առաքելության» ու գերակտիվության հիմնական պատճառներից մեկը:

Ինչո՞ւ է աշխարհի ամենառազմատենչ և, ըստ իր քմահաճույքի, աջուձախ երկրներ հրթիռահարող (Հարավսլավիա, Իրաք, Լիբիա) ԱՄՆ-ը հիմա հանկարծ կտրուկ «խաղաղասիրվել»: Ակնհայտ աշխարհաքաղաքական շահը, որին հետամուտ է ԱՄՆ-ը, մեր տարածաշրջանից ա) Ռուսաստանին դուրս մղելն է, բ) Հայաստանի հարավում, ինչպեսև՝ Ադրբեջանում Իրանի վրա հարձակման պլացդարմ ձևավորելն է: Երկու դեպքում էլ ԱՄՆ-ին անհրաժեշտ են առնվազն թղթի վրա «կարգավորված» հայ-ադրբեջանական հարաբերություններ, Արցախի բացարձակ չեզոքացում, եթե անգամ դա տեղի ունենա Արցախի հայության զանգվածային կոտորածի կամ բռնագաղթի միջոցով, թեպետ երկու դեպքում էլ խոսքը մարդկության դեմ ոճրագործության՝ ցեղասպանության մասին է: Հարցն այն չէ, որ ԱՄՆ-ի իշխանությունն այդքան զզվում է հայերից ու ատում է հայությանը:

Խնդիրն այն է, որ ԱՄՆ շահերը, գրեթե մեկին՝ մեկ, համընկնում են ադրբեջանաթուրքական շահերին: Երկրորդ. չպետք է մոռանալ, որ Արևմուտքը (բնականաբար, նաև ԱՄՆ-ը) Հայաստանը ներկայումս չի ընկալում որպես պետություն, հայերին էլ չի ընկալում որպես պետականություն ունեցող կամ պետականություն ունենալու ցանկություն ունեցող էթնիկ խումբ: Իրենք Հայաստանը դիտարկում են որպես «բուֆեր», ինչի մասին, ի դեպ, «օրինակելի» ցինիզմով անթաքույց հայտարարել են: Երրորդ. չպետք է մոռանալ, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբավորումը Հայաստանում իշխանության է բերվել գերազանցապես ԱՄՆ աջակցությամբ ու «ըգրիմենթով» (սա այն «նախկին ժամանակների» «դաբռո»-ն է, էլի), ուստի իրենք առանձնապես մեծ դժվարություններ չունեն՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա ռեժիմի որևէ ներկայացուցչի վրա ճնշում գործադրելու և իրենց ցանկալի ձևակերպումներն ընդունել տալու հարցերում:

Չորրորդ. որպես ՀՀ իշխանություն ներկայանում է մի քաղաքական խմբավորում, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որն ամեն ինչ արել է՝ թշնամուց խայտառակ պարտություն կրելու, թշնամու առաջ Հայաստանն ու հայությանը նվաստացնելու նպատակով (միտումնավոր է արել, թե անձեռնահասությունից ելնելով, տվյալ դեպքում այլ քննարկման հարց է): Վերջապես՝ հինգերորդ. Փաշինյանի՝ այսպես կոչված իշխանությունը՝ Արարատ Միրզոյանով, Ռուբեն Ռուբինյանով, Արմեն Գրիգորյանով և այլնով, կարծեցյալ «բանակցային սեղանին» մոտեցել է ի սկզբանե թույլ, պարտվողական ու զիջողական ելակետային մոտեցումներով, ինչը ենթադրում է, որ ընթացքում շարունակելու են նահանջել և զիջել: Ի տարբերություն դրա, ադրբեջանական կողմը ԱՄՆ է մեկնել նորանոր զավթողական պահանջներով ու տրամադրվածությամբ, ինչը չի էլ թաքցնում: Դե, իսկ հիմա, վերոնշյալ իրողությունների համատեքստում եկեք դիտարկենք ԱՄՆ-ում ընթացած «բանակցությունների» վերաբերյալ այնտեղից հնչող հայտարարությունները:

Մասնավորապես, հայտարարվեց, որ քննարկվող հարցերից մեկը վերաբերում է Հայաստանում և Ադրբեջանում «էթնիկ փոքրամասնություններին»: Թե ադրբեջանական տարբերակով ի՞նչ նկատի ունեն «էթնիկ փոքրամասնություն» ասելով, թերևս հավել յալ մեկնաբանելու խնդիր չկա. խոսքն Արցախի հայության մասին է: Նման ձևակերպումն ուղղակիորեն հուշում է, որ ՀՀ անունից բանակցություններ վարողներն ի սկզբանե, եթե կուզեք՝ «գլխանց», արդեն բացարձակ ընդունել են, որ թշնամուն՝ ադրբեջանական թուրքերին են հանձնել Արցախը: Հակառակ դեպքում Ադրբեջանում «էթնիկ փոքրամասնության» մասին չէր խոսվի: Իսկ Հայաստանի դեպքում... Սա առավել հետաքրքրական է, քանզի ո՞ւմ ինչ գործն են մեր երկրի «էթնիկ փոքրամասնությունները»՝ եզդիները, ռուսները և այլն: Այստեղ նկատի են առնվում Հայաստանում ադրբեջանցիների ներհոսքն ու ինչ-ինչ իրավունքները:

Այնպես որ, Երևանում թող ոմանք նախապատրաստվեն իրենց տունուտեղը «սիրելի ու եղբայրական» ադրբեջանական թուրքերին հանձնելուն: Դուք ձեր փայ «ապագան» ստանալու ճանապարհին եք: Մեկ ուրիշ հանգամանք: Հետևողականորեն խոսվում է ինչ-որ նոր փաստաթղթի, դրա նախագծի մասին: Փաստաթուղթը կոչվում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համաձայնագիր: Ինչպես տեսնում եք, Արցախի մասին ընդհանրապես ոչ մի խոսք չկա: Արցախը Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես հետաքրքիր չէ: Հա, ու նա չի վախենում, որ իրեն դավաճան են ասում: Հընթացս նկատենք, որ Ռուսաստանում էլ են գլխի ընկնում, որ իրենց, խոսակցականով ասած, Նիկոլ Փաշինյանը «քցում» է: Այդ կռահումների մասին է վկայում, օրինակ՝ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովի հայտարարությունը, թե՝ «եռակողմ պայմանավորվածությունները» (2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը և իր «պոչերը») այլընտրանք չունեն»:

Բայց հնարավոր է, որ Ռուսաստանն այս հարցում արդեն շատ է ուշացել: Եվ այդ ամենի խորապատկերում հնչում է ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի հետևյալ հայտարարությունը. «Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ընդունում են, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսության միջոցով է: Կողմերը շատ ծանր հարցեր են քննարկել վերջին օրերին, և շոշափելի առաջընթաց են գրանցել տևական խաղաղության պայմանագրի հարցում: Հուսով եմ և կարծում եմ, որ ինչպես ես, նրանք նույնպես հասկանում են, որ առկա է տեսանելի և հասանելի համաձայնություն, որին հասնելը կլինի ոչ միայն պատմական քայլ, այլ նաև հիմնականում կբխի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից և շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ այդ երկու երկրների սահմաններից դուրս: Կարծում եմ՝ բանակցությունների տեմպը և հիմքը, որը դրել են այստեղ գտնվող մեր գործընկերները, ցույց է տալիս, որ մենք մոտ ենք համաձայնության հասնելուն»: Դե, իհարկե, Կոստանդնուպոլսի գրավումն ու թրքացումը ևս պատմական երևույթ է եղել:

Ինչո՞ւ չպիտի «պատմական քայլ» լինի Հայաստանի ոչնչացումն ու սեփական հայրենիքի վերջին 10 տոկոս տարածքի վրա հայության բնաջնջումը: Ո՞վ կասի, որ դա «պատմական քայլ» չի, թող «քար նետի» Բլինկենի վրա: Ինչո՞ւ «ոչնչացումը»: Շատ պարզ է. եթե Հայաստանը, ի դեմս Փաշինյանի, վերջնականորեն ուրանում է Արցախը, եթե հավել յալ զիջումների հաշվին «խաղաղություն» է մուրում, եթե Սյունիքն էլ է նվիրում իրենց սիրելի Ադրբեջանին, անգամ եթե պահում է ՀՀ 29800 քառակուսի կիլոմետրը, որի ավելի քան 130 քկմ-ն այս պահին օկուպացված է Ադրբեջանի կողմից, միևնույնն է, դա նշանակում է Հայաստանի՝ որպես պետության ոչնչացում, թրքացում և հայաթափում: Հատկապես, եթե նկատի ունենաք, որ Ռուսաստանը այստեղից դուրս է մղվելու, իսկ ամերիկյան կամ ոմանց այդքան սիրած արևմտյան որևէ բանակի ուշքը չի գնում Հայաստանի մնացորդներն ու պետություն ունենալ չցանկացող ինչ-որ հանրույթի թուրքերից պաշտպանելու համար:

Հասկանալի է, որ «ամերիկյան բանակցությունները» դեռ ստորագրված թուղթ չեն դարձել: Ի դեպ, եթե անգամ «թուղթ» էլ դառնան, դա էլ դեռ ոչինչ չի նշանակի, եթե Հայաստանում և Արցախում հայությունը որոշի ոչ թե խաղաղաբար կոտորվել, այլ իր կյանքի ու խաղաղության իրավունքի համար պայքարել: Իսկ Միրզոյան-Բայրամով «բանակցությունների», Փաշինյան-Ալիև հանդիպումների վերաբերյալ չարժե պատրանքներ փայփայել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 250 անգամ
Լրահոս
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am