Շրջափակման առավելագույն պլանն էթնիկ զտումն է, միջինը՝ ՀՀ-ի տարածքով արտատարածքային ճանապարհ ստանալը, նվազագույնը՝ Արցախի տնտեսության փլուզումը․ Արտակ Բեգլարյան

«Հրապարակ» օրաթերթը հարցազրույց է հրապարակել Արցախի նախկին ՄԻՊ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտակ Բեգլարյանի հետ:


- 70 օրից ավելի է՝ Արցախն արգելափակված է։ Ոմանց կարծիքով, սա փորձություն է, որը հաղթահարելով, աշխարհին կապացուցեք ձեր անկախ ապրելու վճռականությունը։ Կա նաեւ կարծիք, որ Արցախն արյունաքամ կլինի ու ճանապարհը բացվելու դեպքում կարող է հայաթափվել։ Ի՞նչ կարծիքի եք։


- Կյանքում ամեն պայքար ունենում է նպատակ, միջոցներ, արժեքներ ու գին: Շրջափակումը մեր ընդհանուր պայքարի մի փոքր փուլն է, եւ անհրաժեշտ է դրան վերաբերվել ռազմավարական դիտանկյունից եւ ընդհանուր համատեքստում: Մենք պետք է դիմակայենք շրջափակման փորձությանը՝ չխախտելով որեւէ կարմիր գիծ եւ զիջման չգնալով մեր կենսական շահերի հաշվին: Գլխավոր հարցը շրջափակման հետեւանքների ու պայքարի արդյունքների հստակ գնահատումը եւ դրանց համեմատության հիման վրա որոշումների կայացումն է, որը կառավարման տեսանկյունից բավականին դժվար հարց է՝ հաշվի առնելով մի շարք էական գործոնների առնչվող առկա անորոշությունները: Ամեն դեպքում, ես՝ ինքս, էությամբ ու գաղափարապես պայքարի ու փորձությունների կողմնակից մարդ եմ, քանի որ ցանկացած պայքար ու փորձություն, բացի բուն արդյունքներից, մշտապես ապահովում է նաեւ կոփման ու կատարելագործման մեծ հնարավորություններ, այլ հարց, թե ով ինչպես է օգտագործում այդ հնարավորությունները:
Հարցին ամբողջությամբ պատասխանելու համար ասեմ, որ նշված 2 տարբերակներից ոչ մեկն էլ լրիվ իրատեսական չէ՝ ո՛չ անկախության միջազգային ճանաչման կհասնենք, ո՛չ էլ Արցախն արյունաքամ կլինի, ճշմարտությունը մեջտեղում է՝ որոշակի դրական արդյունքներով ու բացասական հետեւանքներով, այդ թվում՝ ոչ մեծաքանակ արտագաղթը:


- Դուք նստացույց էիք նախաձեռնել բլոկադայի սկզբում։ Ինչ-որ պահից դադարեցրիք՝ պայքարի ձե՞ւը փոխվեց, տեսաք, որ անիմա՞ստ է, թե՞ հրաժարվեցիք պայքարից։

- Մեր նստացույցի գլխավոր նպատակը ներքին ու արտաքին լրացուցիչ ուշադրություն հրավիրելն էր՝ նաեւ խթանելու ակտիվ գործողություններ, քննարկումներ լուծումների վերաբերյալ: Կարծում եմ՝ մեկշաբաթյա նստացույցի արդյունքում մեզ հաջողվել է հասնել նվազագույն նպատակներին եւ որոշակի դրական ազդեցություն ունենալ նշածս ուղղություններով: Դադարեցրինք, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ քննարկումը կայացավ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, դեսպանատներն ու միջազգային կառույցները փակվում էին՝ ամանորյա արձակուրդներով պայմանավորված, ինչպես նաեւ խնդիր կար իմ աշխատանքային բուն պարտականությունների արդյունավետ կատարման հետ կապված, որոնք ներառում էին գլխավորապես արտաքին քաղաքական ու տեղեկատվական ուղղությունները: Այս ընթացքում հիմնականում ոչ հրապարակային կերպով ընդգրկված եմ եղել այդ ուղղություններով աշխատանքներում՝ իմ փոքրիկ ներդրումը բերելով ընդհանուր պայքարին:
Շրջափակմանը միջազգային արձագանքը գնահատում եմ գործնական առումով անբավարար, խոսքի մակարդակում՝ բավարար, բայց ոչ լավ: Անբավարար լինելը պայմանավորված է 2 հիմնական հանգամանքով՝ միջազգային հանրության գլխավոր դերակատարների շահերի թույլ համընկնությունը մեր շահերին եւ հումանիտար զրկանքների ոչ աղետալի վիճակը: Ուստի, անհրաժեշտ է քրտնաջանորեն աշխատել տարբեր ազդեցիկ երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների կառուցման ուղղությամբ՝ նաեւ կանխելու հնարավոր հումանիտար աղետը:

- Արցախում լարված իրավիճակ է, ինչը նաեւ նյարդային լարում է առաջացնում եւ մեղավորների փնտրտուք։ Դուք պետնախարարի խորհրդականն եք, ի՞նչ է կատարվում Արցախի իշխանությունների հետ։

- Ես այս ընթացքում ինձ հեռու եմ պահել ներիշխանական լարվածություններից ու տարաձայնություններից՝ 2 կարեւոր պատճառով: Նախ, որովհետեւ կարծում եմ, որ անթույլատրելի են ներքին պառակտումն ու լարվածությունը՝ հատկապես արտաքին սպառնալիքներով պայմանավորված ճգնաժամային միջավայրում, դրա փոխարեն պետք է միահամուռ ջանքերով կենտրոնանալ արտաքին մարտահրավերները հաղթահարելու վրա: Ես դրա մասին կարծիքս ասել եմ ե՛ւ Ռուբեն Վարդանյանին, ե՛ւ նախագահ Հարությունյանին՝ պատրաստակամություն հայտնելով ցանկացած կերպ աջակցել ներքին համերաշխության ու միասնականության ապահովմանը: Երկրորդ․ քանի որ ես տեղում չեմ, չեմ կարող բավարար տեղեկություններ ունենալ իրավիճակի մասին, ուստի բարոյական իրավունք էլ չունեմ ներգրավվածություն ունենալ ներքին գործընթացներում: Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ որքան էլ Արցախում ներքին տարաձայնություններ ու հակասություններ կան, այդ թվում՝ շրջափակման հետ կապ չունեցող պատճառներով, անհամեմատ ավելի միասնական ու հարգալից քաղաքական մշակույթ է տիրում, քան Հայաստանի Հանրապետությունում, ապացույցը՝ Արայիկ Հարությունյանի եւ Ռուբեն Վարդանյանի խոսքն ու վարքը փետրվարի 23-ին: Ռուբեն Վարդանյանի ազատման պատճառներին անդրադարձել է նախագահ Հարությունյանը, ես ճիշտ չեմ գտնում իմ կողմից հրապարակային վերլուծություն կատարել դրա վերաբերյալ: Ուրախ եմ, որ պարոն Վարդանյանը որոշել է մնալ Արցախում եւ շարունակել իր կարեւոր գործունեությունն Արցախի համար. նա, հաստատ, շատ բան ունի Արցախին տալու: Ի դեպ, առիթն օգտագործելով՝ կուզեի արձանագրել ցավով, որ շատ հաճախ Արցախի ներքին պառակտվածությունը, լարվածությունը խթանվում են Հայաստանի տեղեկատվական ու քաղաքական որոշ շրջանակներից, այնինչ այդ կամա եւ ակամա պառակտիչները պետք է գիտակցեն, որ Արցախը մեծապես տարբերվում է Հայաստանից՝ մարտահրավերների, խոցելիության եւ այլ կարեւոր տեսանկյուններից, ուստի Արցախի համար իրապես ցավող յուրաքանչյուր գործիչ ոչ թե 7, այլ 17 անգամ պետք է չափի, նախքան ներքին լարվածություն խթանող գործողություն կամ հայտարարություն կատարելը:

- Կարծիք կա, որ Ադրբեջանը փակուղի է մտել՝ չգիտի անելիքը, սակայն թիրախը ոչ այնքան Արցախն է, որքան՝ Հայաստանը։

- Ադրբեջանական հանցագործությունների գլխավոր թիրախը հայ ժողովուրդն է՝ հայկական միասնական հայրենիքով, ինքնությամբ եւ ազգային շահերով հանդերձ: Այս շրջափակման առավելագույն պլանն Արցախում էթնիկ զտման իրականացումն է՝ կյանքի համար անտանելի ու խիստ անորոշ պայմաններ ստեղծելու հետեւանքով մեծ արտագաղթ խթանելով: Միջին պլանը Հայաստանի տարածքով արտատարածքային ճանապարհ (իրենց տերմինով՝ «միջանցք») ստանալն է, Հայաստան-Արցախ միակ ճանապարհի վրա մշտական վերահսկողություն ապահովելը, նվազագույն պլանը՝ Արցախի տնտեսության փլուզումը եւ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելը: Այս նպատակները փոխկապակցված են: Իսկ մեր անելիքը պետք է լինի հատկապես միջազգային ճնշման միջոցով նրանց համար շրջափակման գնի կտրուկ բարձրացումը եւ փակուղուց դուրս գալու հնարավորության ընձեռումը, իհարկե, եթե իրոք ցանկանում են դուրս գալ այս իրավիճակից:

- Կա՞ որեւէ տարբերակ՝ Ադրբեջանի հետ համաձայնության գալու, ո՞րն է Արցախի կարմիր գիծը, ո՞ր դիրքորոշումն ինչքան համախոհ ունի Արցախում։

- Նախագահ Հարությունյանը փետրվարի 23-ի ուղերձում հանգամանալից անդրադարձել է մեր կարմիր գծերին, որոնք առնչվում են մեր ինքնիշխանությանը, Հայաստանի հետ անխափան ցամաքային հաղորդակցությանը եւ այլ կետերի: Այս ռազմավարական հարցերում Արցախում առկա է աներեր վճռականություն ու միասնականություն: Մնացածը մարտավարական հարցեր են, որոնց շուրջ կարող են լինել սկզբունքային բանավեճեր, եւ ես էլ ունեմ տարակարծություններ՝ տարբեր մոտեցումների հետ կապված, բայց պետք չէ դրանք ներկայացնել արմագեդոնյան լույսի ներքո՝ մանիպուլացնելով այդ թեման եւ լրացուցիչ լարվածություն հարուցելով մեր ժողովրդի մեջ:
Հաշվի առնելով տարբեր արտաքին ու ներքին զարգացումներ՝ տպավորություն ունեմ, որ հնարավորություն կա Ադրբեջանի հետ համաձայնության գալու եւ առկա խնդիրները լուծելու: Եթե շրջափակումը վերացվի, ամենակարեւոր հարցն այն է, թե ինչպես պետք է երաշխավորվի նման հանցագործությունների չկրկնությունը, որը հաստատ անհնար է առանց պատշաճ միջազգային ներգրավվածության: Այս տեսանկյունից 2 առանցքային փաստաթուղթ կա՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը, փաստորեն, բավարար չէր, այժմ ավելացել է նաեւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Ամեն դեպքում, ինչ բովանդակության ու ձեւաչափի փաստաթղթեր էլ լինեն, ամենակարեւորը գերտերությունների քաղաքական կամքի առկայությունն է, որը պետք է ապահովել շահերի համընկնության հիման վրա:

- Երբեմն ինչ-որ հրապարակումներում Ձեզ կապում են սորոսական շրջանակների ու ՀՀ իշխանությունների հետ: Ի՞նչ հիմքեր կան նման ենթադրությունների համար:

- Ինձ որեւէ արտաքին ուժի հետ կապելը եւ նման պիտակներ կպցնելը կեղտոտ զրպարտություն ու ստորություն են: Դա նույնն է, որ ինձ մեղադրեն, թե ինչու եմ աշխարհի առաջատար համալսարաններում կրթություն ստանալուց հետո վերադարձել ու նվիրվել իմ հայրենիքի զարգացման ու զորացման սուրբ գործին, պետական ծառայությամբ շարունակել իմ հայրիկի, հազարավոր այլ զոհվածների ու մեր սուրբ նախնիների պայքարը:
Նման պիտակավորումները պարզապես անհիմն ու անբարոյական են: Ոմանք դրանք փորձում են հիմնավորել Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում ստացած կրթությամբ, այնինչ ես Լոնդոնի համալսարանական քոլեջում սովորել եմ ՀՀ կառավարության «Լույս» հիմնադրամի ու ԱՀ կառավարության, իսկ ԱՄՆ Ֆլեթչերի դիվանագիտության ու իրավունքի դպրոցում՝ հայկական «Թավիթյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Երկու ծրագրերով էլ աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն է ստացել շուրջ հազար հայ, որոնց մի մասը տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների օրոք: Իսկ Արցախից շատ քիչ մարդ է այդ ծրագրերով որակյալ կրթություն ստացել: Էլ չասեմ, որ ես բացառիկներից եմ, որ անմիջապես վերադարձել եմ հայրենիք ու անմնացորդ լծվել պետական ծառայության: Վա՞տ բան եմ արել, որ որակյալ կրթություն եմ ստացել, որն առայսօր օգտագործում եմ իմ հայրենիքի ու ազգի օգտին՝ պահպանելով իմ ազգային գաղափարախոսությունն ու արժեհամակարգը: Մի կողմից ցանկանում ենք լավ մասնագետներ ունենալ, մյուս կողմից վիրավորում ենք լավ մասնագետներին, խնդրահարույց չէ՞: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններին, ապա ես որեւէ խնդիր չեմ տեսնում աշխատանքային հարաբերություններ պահպանելու մեջ. կա՞ որեւէ պաշտոնյա Արցախում, որ ՀՀ իր գործընկերների հետ շփումներ չունի: Ի տարբերություն նման բամբասանքներ տարածողների՝ ես ազնիվ ու սկզբունքային եմ իմ հարաբերություններում բոլորի, ներառյալ՝ ՀՀ իշխանությունների եւ ընդդիմության տարբեր ներկայացուցիչների հետ: Ի դեպ, իմ այդ սկզբունքայնության դրսեւորումներից մեկն էլ 2019-ին հայտնի ընդդիմադիր գործիչ եւ իմ ընկեր Արսեն Բաբայանի համար երաշխավորություն տալն էր՝ նրան կալանքից ազատելու համար, որն ընկալվեց որպես ՀՀ իշխանությունների դեմ քայլ: Ուստի, ես ո՛չ իշխանության մարդն եմ, ո՛չ էլ ընդդիմության, ես պարզապես իմ ժողովրդի ու հայրենիքի մարդն եմ եւ առաջնորդվում եմ բացառապես իմ խղճով, սկզբունքներով, արժեքներով ու ԱՀ օրենսդրությամբ, իսկ իմ սկզբունքների ու արժեքների վրա կասկածողը թող ավելի սկզբունքային ու արժեքահեն կյանք վարի, հետո փորձի հանիրավի կերպով բարի համբավս սեւացնել խավարամիտ բամբասանքներով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

դիտվել է 228 անգամ
Լրահոս
Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ. ամերիկյան Politico Սամվել Կարապետյանի գլխավորությամբ այստեղից շարժվելու ենք, ու․․․ Էդգար Ղազարյան (video) Բերման է ենթարկվել «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը Ուզում են կանգնեցնել մեր ժողովրդի՝ Ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, չեն հաջողելու, շուտով կտեսնեք Մենք պայքարելու ենք սրանց կեղտոտության դեմ․ Ալիկ Ալեքսանյան (video) Անձն ինքնասպան է եղել կալանավորվելուց 4 օր անց․ ռիսկի գնահատման արդյունավետությունը բավարար չէ. հայտարարություն Պատերազմ կեղծո՛ղ, ժողովրդին շունշանգյալ ես ասում, հղի կանանց գցում մեքենայի տակ․ Հենրիխ Դանիելյան (video) Ինքնին անընդունելի երևույթ է․ հենց իրենց մանիպուլյատիվ նպատակներով հնչեցրած թվերն են փաստում Փողոցով եկա՛ծ, մինչև գարնան վերջ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի ու քեզ վռնդի. ազատամարտիկ Բազեյան (video) «Հարյուր հազարավոր քաղաքացիներ հունիսի 7-ին քվեարկելու են ընդդիմության օգտին, դու ո՞վ ես, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» անվանես». էդուարդ Շարմազանով Այդ ձայնագրություններում սադրիչներ են․․․ որևէ մեկը կարո՞ղ է բացառել․ Գոհար Մելոյան (video) Ձեզ բացահայտեմ՝ ոնց են սրանք մեր գլխին ուզում սարքել․ Նարեկ Կարապետյանը մանրամասնեց (video) «Նիկո՛լ, ժողովուրդը կատաղած է օյինբազությանդ վրա. ի՞նչ ես անելու». Դերենիկ Մալխասյան (video) Հայտնի է «Ուժեղ Հայաստանի» գրասենյակից բերման ենթարկված քաղաքացիներից 12–ի խափանման միջոցը ԱՄՆ-ն կհետաձգի զենքի մատակարարումները եվրոպացի դաշնակիցներին՝ Իրանի հետ պատերազմի պատճառով. Reuters Շատ փոքր են, որ մեզ ոչնչացնեն. Կարեն Կարապետյանը՝ ՔՊ-ականների մասին (video) Դավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում #ՈՒՂԻՂ․ «Բոմժն էլ ես, շունուշանգյալն էլ ես»․ Գառնիկ Դանիելյանի կոպիտ պատասխանը Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանի մղձավանջը․ Նիկոլի հիստերիան սարսափեցրել է ուսապարկերին»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ գրավն է կիրառված՝ 4 մլրդ դրամ «Նիկոլին տանն էնքան են ասել բո՛մժ, էլ չի դիմանում»․ Կարապետ Պողոսյան (video) Սահմանին դեպքեր չեն արձանագրվում, որովհետև ընդունել եք ադրբեջանական օրակարգը․ Աբրահամյան Մայր Աթոռը հորդորում է ԱՆ-ին վերականգնել ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք»․ քաշքշոց Սամվել Կարապետյանի գործով դատարանի բակում (video) ՇՏԱՊ․ Վնասված դեմք․․․․ Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկում․․․ իրավիճակը լարված է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am