Մոսկվայի ու Բրյուսելի կռիվը ՀՀ տարածքում

Եվրամիության առաքելության գլխավոր նպատակը Հայաստանի սահմաններին գտնվելով համոզվելն է, որ Հայաստանի տարածք ներխուժումներ չլինեն, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Երևանում գտնվող Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։

«Այս առաքելությանը սկիզբ դրվեց Պրահայի գագաթնաժողովից հետո, երբ Ֆրանսիան, Եվրամիությունը Հայաստանի և Ադրբեջանի առջև հանձն առան ԵՄ առաքելություն տեղակայել: Առաքելությունը հնարավորինս արագ՝ մի քանի օրից, մի քանի շաբաթից կհասնի 100 հոգու, այս պահին այստեղ են 50 դիտորդներ։

Սա քաղաքացիական առաքելություն է, ինչը նշանակում է, որ դիտորդները զինված չեն, նրանց նպատակը պարեկություն կատարելն է, համոզվելը, հաստատելը, որ չլինեն ներխուժումներ Հայաստանի տարածք, փոխհրաձգություն, բռնությունների վերսկսում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամբողջ սահմանի երկայնքով։ Այս պարտավորությունը, իմ կարծիքով, շատ կարևոր է, շատ գնահատելի է Եվրամիության կողմից, որի հիմնական նպատակն է վստահություն ներշնչել տեղի բնակչությանը», - ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Եվրամիության դիտորդները Հայաստան են ժամանել երեկ, նրանց օպերատիվ շտաբը գործելու է Եղեգնաձորում։

Առաքելության ժամանմանը բացասաբար է արձագանքել Մոսկվան՝ պնդելով, որ նրանց նպատակը միայն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է և ոչ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։ Անցյալ տարի Պրահայում եվրոպական նախորդ, կարճաժամկետ առաքելությանը հավանություն տված Բաքուն իր հերթին դեմ է արտահայտվել նոր դիտորդներին, անգամ պնդել է, թե «եվրոպացիներն իրենց խաբել են»:

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն հիշեցրեց, որ խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը զեկույցով պահանջել է Ադրբեջանից դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից ու վերադառնալ նախկին դիրքեր։ «Հաճախ ենք լսել, որ Ադրբեջանը պահանջում էր հարգել իր տարածքային ամբողջականությունը, Հայաստանը ևս տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունք ունի, և սա քննարկման ենթակա չէ», - հավելեց նա։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորի կարծիքով՝ սահմանների մշտադիտարկման համար խոչընդոտ չէ, որ չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական դելիմիտացիա. «Մենք բոլորս գիտենք, որ կողմերի միջև վերջնական ու ճշգրիտ սահմանազատում չկա, ու դա խաղաղության հաստատման պայմաններից մեկն է»: «Ցանկալի է, որ այդ հանձնաժողովի աշխատանքը առաջընթաց ունենա, դրանով հանդերձ ոչ ոք չի կարող ժխտել, որ սեպտեմբերին կատարվածը ներխուժում էր և հարվածներ էին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Գյուղերը, որոնք թիրախավորվել են, հայաբնակ, Հայաստան պետության կողմից կառավարվող բնակավայրեր են, հետևաբար Հայաստանն է, որ թիրախավորվել է», - նկատեց պատգամավորը:

Նատալի Լուազոն Հայաստան է եկել Հավրի քաղաքապետ, Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպի պատվիրակության կազմում։ Ֆրանսիական պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ «ի նշան հայ ժողովրդի հետ բարեկամության և համերաշխության», այցելել են Գորիս, հանդիպել նաև Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով տուժած բնակչությանը, նրանց ընդունել է վարչապետ Փաշինյանը։

Երեկ Մոսկվան կրկին դժգոհեց ԵՄ դիտորդների տեղակայման փաստից...

Հայաստան Եվրամիության հարյուր դիտորդների տեղակայումից ժամեր անց պաշտոնական Մոսկվան կրկին հայտարարեց՝ քաղաքացիական առաքելության ներկայության մեջ տեսնում է բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ և ոչ իրական հետաքրքրություն՝ կարգավորելու հարաբերությունները Հարավային Կովկասում։

«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ մենք արձանագրում ենք Եվրամիության և Արևմուտքի ձգտումը ամեն կերպ ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և թուլացնելու նրա պատմական դերը որպես անվտանգության գլխավոր երաշխավոր: Բաքվի հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականները այս նախաձեռնության մասին անտարբերության են մատնվում», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ավելացնելով, որ համոզված են՝ տարածաշրջանում անվտանգության հիմանական գործոնները մնում են 3 երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:

Պաշտոնական Երևանն արձագանքեց Զախարովայի հայտարարությանը։
Հայաստանի ԱԳՆ խոսնակն «Ազատությանն» ասել է, որ Եվրամիության մշտադիտարկման առաքելության վերաբերյալ հայկական կողմը իր դիրքորոշումը հանրայնորեն արդեն արտահայտել է»։

Ի դեպ, երեկ ԵՄ կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մ.Յու. Գալուզինի հեռախոսազրույցը Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան միջազգային քննարկումների համանախագահ, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տ. Կլաարի հետ:

Այս մասին հայտնեց Ռուսաստանի ԱԳՆ-ն։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման քննարկելիս Միխայիլ Գալուզինը նշել է, որ Բրյուսելի որոշումը՝ Հայաստանում տեղակայել, այսպես կոչված, ԵՄ քաղաքացիական առաքելությունը, ունի հստակ աշխարհաքաղաքական ֆոն, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջև այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունը»,- ասված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1831 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am