Թեհրանը շտապում է, քայլեր է սպասում Սերժ Սարգսյանից

Երևանն ու Թեհրանը բանակցում են Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալները 2,5 անգամ մեծացնելու շուրջ, հնարավոր է՝ նոր համաձայնագրով հայկական կողմը Իրանին վճարի ոչ թե էլեկտրաէներգիայով, այլ դրամով, ինչը թույլ կտա իրանական գազը հասցնել հայաստանյան սպառողներին՝ բնակիչներին և ձեռնարկություններին: Իրանական «Շանա» լրատվական գործակալության հետ զրույցում այս մասին օրերս հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության միջազգային համագործակցության ղեկավար Բեհզադ Բաբազադեհը՝ ներկայացնելով մի քանի այլ ուշագրավ մանրամասներ ևս: Ըստ այդմ՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով պայմանավորվածության շրջանակում Հայաստան իրանական գազի արտահանման առավելագույն ծավալը օրական 1 միլիոն խորանարդ մետրից պակաս է, և հայկական կողմն առաջարկել է ավելացնել ներկրվող իրանական գազի ծավալը, այն հասցնելով օրական մինչև 2 կամ 2,5 միլիոն խորանարդ մետրի: Իրանի ազգային գազային ընկերությունն այժմ քննարկում է այդ առաջարկը: Իհարկե, ընկերությունը նախընտրում է ուղղակի պայմանագիր կնքել Հայաստանի հետ՝ գազի առաքման ծավալները մեծացնելու համար, որպեսզի լրացուցիչ գազի դիմաց վճարվի ուղղակիորեն, ասել է Բեհզադ Բաբազադեհը: Հարցին՝ ծրագրու՞մ եք նոր համաձայնագիր կնքել Հայաստանի հետ, նա դրական պատասխան է տվել․ «Այո, մենք քննարկումներ ենք ունեցել այդ կապակցությամբ: Իհարկե, Հայաստանը նախընտրում է ռուսական գազի զեղչված գինը, որը ցածր է և մեզ համար անընդունելի»: Բաբազադեհը, միաժամանակ, ընդգծել է՝ Հայաստանի հետ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով համաձայնագիրը կպահպանվի: ««Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագիրը ստորագրվել է Իրանի ու Հայաստանի կառավարությունների միջև, այն կպահպանվի: Բայց եթե Հայաստանը շահագրգռվածություն է ցուցաբերում Իրանից ավելի շատ գազ ստանալու հարցում, Իրանի ազգային գազային ընկերությունը, որպես գազի առևտրով զբաղվող սուբյեկտ, կցանկանար այդ հարցով առանձին համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, որպեսզի գազի արտահանման դիմաց մենք դրամ ստանանք»,- նշել է Բեհզադ Բաբազադեհը: Այս ամսվա սկզբին Թեհրան կատարած այցին ընդառաջ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուշագրավ հայտարարություն արեց, նշելով, թե Հայաստանի և Վրաստանի տարածքով Իրանից դեպի Եվրոպա գազի տարանցման հարցը ներկայումս փորձագիտական քննարկումների փուլում է: Իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում Սարգսյանը, մասնավորապես, նշել էր․ «Ինչ վերաբերում է Իրանից Եվրոպա գազի տարանցման հարցին՝ նման մեծածավալ նախագծին, ապա դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա ինչու՞ ոչ։ Ձեր նշած հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք՝ մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին և պատրաստ ենք համագործակցության համար»: Օրերս Իրանի նախագահի խորհրդական, առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանն է հանդես եկել Հայաստանի հետ հարաբերությունների թեմային` փաստելով, որ Հայաստանն Իրանի համար կամուրջ է Եվրասիայի ու Եվրոպայի շուկաներ մուտք գործելու համար: Ռոհանիի խորհրդականն ընդգծել է, որ Հայաստանը որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս իրանցի գործարարների համար հանդիսանում է կամուրջ Եվրասիայի ու Եվրոպայի շուկաներ մուտք գործելու հարցում: «Հայաստանը պայծառ ապագայով երկիր է, և նրա տնտեսական ու առևտրային հարցերով պաշտոնական դեմքերն ունեն մինչև 2035 թվականը զարգացման հիանալի ծրագիր»,- ասել է Թորքանը՝ Հայաստանում բնակվող իրանցի գործարարների հետ հանդիպմանը: Թորքանն Իրանի կառավարական և մասնավոր հատվածներին կոչ է արել օգտվել Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունից և բիզնես վարել երկրի հետ, միաժամանակ օգտագործել Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ Եվրասիայի 180 միլիոնանոց և Եվրոպայի շուկաներ մուտք գործելու համար, ինչպես նաև իրանական ապրանքներն ու ծառայություններն արտահանել այդ շուկաներ: Իրանական Արաս տնտեսական գոտու պատվիրակությունը նախագահ Հասան Ռոհանիի խորհրդականի գլխավորությամբ ժամանել է Հայաստան եռօրյա այցով: Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, ինչպես նաև փոխվարչապետ, Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ: Սուրեն Կարայանը և Աքբար Թորքանը ստորագրել են հուշագիր, որի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն ու սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով։ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը առաջնահերթ հիմնված է Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի միջև 2000 թվականին ստորագրված համաձայնագրի վրա: 7200 կմ երկարությամբ միջանցքը Եվրոպան կապում է Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների հետ՝ օգտագործելով ծովային, ավտոճանապարհային և երկաթուղային տրանսպորտը: Հիշեցնենք, որ Իրանի նավթի նախարարության պաշտոնյան դեռ անցած տարի հայտարարել էր, որ Թեհրանն ու Թբիլիսին նախնական պայմանավորվածության են եկել Հայաստանի տարածքով տարեկան մինչև 500 միլիոն խմ գազ Վրաստան արտահանելու հարցի շուրջ: Անցած տարի բավականին ակտիվ քննարկվում էր Հայաստանի տարածքով իրանական գազը դեպի Վրաստան արտահանելու տարբերակը: 2016թ․ հունվարին Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին անգամ հայտարարեց, որ Թեհրանն ու Թբիլիսին նախնական պայմանավորվածության են եկել Հայաստանի տարածքով տարեկան մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ Վրաստան արտահանելու հարցի շուրջ: Սակայն բանակցություններն առ այսօր որևէ արդյունքի չեն հանգեցրել: Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման հարցին նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև իրանական մեկ այլ լրատվամիջոցի՝ «Իռնա» գործակալության հետ զրույցում: «Գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիրը կարևոր է ոչ միայն տնտեսական շահավետության առումով, այլև երկու երկրների էներգետիկ անվտանգության տեսակետից: Ներկայումս գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները սահմանափակվում են երկու երկրների միջև առկա էլեկտրահաղորդման գծերի թողունակությամբ, որի բարձրացման ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվում 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման միջոցով: Այս ասպարեզում ծրագրերի իրականացումը կընդլայնի ոչ միայն համագործակցությունը էլեկտրաէներգետիկ ոլորտում, այլ նաև թույլ կտա զարգացնել համագործակցությունը գազի ներկրման և հետագայում գուցե նաև տարանցման ուղղությամբ: Հարկ է նշել, որ կա նաև Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ծրագիր»,- ասել էր Սարգսյանը: Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման ու խորացման նախադրյալներն առավել քան իրական են: Ակնհայտ է, որ Թեհրանը հետաքրքրված է ԵԱՏՄ շրջանակներում արտոնյալ առևտրային ռեժիմով հարաբերություններով: Բացի այդ Թեհրանը գիտակցում է ամենակարևորը, որ Հայաստանն ամենակարճ և անվտանգ ցամաքային ճանապարհն է Իրանի համար դեպի Եվրոպա։ Մանավանդ հիմա, երբ Հայաստանը ԵՄ-ի հետ նոր փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել, իրանական կողմի համար, սա ևս, որոշակի գործոն է: Մնում է Հայաստանը կարողանա գործնականում դառնալ վստահելի գործընկեր տարբեր ոլորտներում թե՛ Թեհրանի, թե՛ ԵՄ-ի համար: Թամար Բագրատունի

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am