Թուրքիայի հարևանությամբ չենք ցանկանում ստեղծել անկախ քրդական պետություն
Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմը հայտարարել է, որ քրդական ուժերը չեն պատրաստվում ստեղծել անկախ քրդական պետություն` թուրք-սիրիական սահմանի մոտ: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով թուրքական «haberler» լրատվական կայքին: «Սիրիայում Թուրքիայի հարևանությամբ չենք ցանկանում ստեղծել անկախ քրդական պետություն: Թուրքիայի` անվտանգության գոտի ստեղծելու ջանքերը, բացահայտ միջամտություն է Սիրիայի ներքին գործերին»: Ըստ նրա` այժմ քրդերի բուն նպատակը սահմանադրական իրավունքների ձեռքբերումն է: Խոսելով այն լուրերի մասին, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան պատրաստվում են ցամաքային զորքեր մտցնել Սիրիայի տարածք` Մուսլիմը ընգծել է, որ թուրքական կողմը մի շարք երկրների փորձում է ներքաշել սիրիական պատերազմի մեջ: Սակայն ըստ նրա` այդ հարցում Թուրքիան հաջողության չի հասնելու: Մուսլիմը հարցազրույցի վերջում ասել է, որ Սաուդյան Արաբիան բավականին խելացի է և Թուրքիայի հետ չի մտնի սիրիական պատերազմի մեջ:
