Պուտինը՝ «ամենամոտ» ու «արժեքավոր» դաշնակիցների արանքում

«Լեզվակռիվ»` դիվանագիտական դաշտից դուրս

Հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների վերհանման տեսանկյունից երեկ հարուստ տեղեկատվական օր էր. Փաշինյանը, ապա՝ Ռուսաստանի իշխանությունները մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով անդրադարձել են Երևան-Մոսկվա խնդիրներին՝ ռուս խաղաղապահներից մինչև «միջանցքային» խնդիրները...

Մի բան պարզ է. Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների մոտ անվստահության մակարդակն արդեն այն աստիճանի է հասել, որ բոլոր խնդիրները հրապարակավ են քննարկվում, ժողովրդական լեզվով ասած՝ «լեզվակռիվը» դիվանագիտական դաշտից տեղափոխվել է հրապարակային դաշտ:

Երեկ, այդ առումով՝ Մոսկվայի մի քանի անդրադարձերը կարելի է դիվանագիտական դաշտում՝ Հայաստանի վարչապետի հայտարարություններին հակադարձելու տեսանկյունից, բավական կոշտ համարել:

«Անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ԼՂ ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով: Երեկ ՀՀ կառավարության տարեվերջյան նիստը: Նիկոլ Փաշինյանը մինչ նիստի օրակարգի քննարկումը, նա հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա կառավարման ուղղությամբ Հայաստանի կառավարության գործողություններին և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությանը:

Իր ելույթում Փաշինյանը նշել է, որ Լաչինի միջանցքի շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակը օր օրի սրվում է, առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի, խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում, հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված վիճակում: «Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է Լեռնային Ղարաբաղին 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու հարցը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անհրաժեշտ հումանիտար, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելը բացարձակ անհրաժեշտություն է: Հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը նույնպես մեր ամենօրյա աշխատանքի մասը պիտի դառնա: Գործընկեր պետությունները, միջազգային կազմակերպությունները պիտի մանրամասնորեն տեղեկացված լինեն հաստատված հումանիտար ճգնաժամի և իրավիճակի վատթարացման մասին»:

Այնուհետեւ Փաշինյանն անդրադարձել է Ռուսաստանի թեմային. «Լաչինի միջանցքի փակումը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է: Այս կետով պարտավորություն են կրում եռակողմ հայտարարության կողմերից երկուսը՝ Ադրբեջանական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:

Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, իսկ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը վերահսկողության տակ է պահում Լաչինի միջանցքը: Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող այն դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթևեկության համար, սին են և իրականության հետ ոչ մի կապ չունեն: Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, և սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է: Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստները, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է:

Այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը և Ռուսաստանի Դաշնությունը, որն անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առաջ: Ո՞րն է իրադրության Ռուսաստանի Դաշնության գնահատականը: Ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանը և ճանապարհային քարտեզը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հանրությունն սպասում է Ռուսաստանի Դաշնությունից, որը, հիշեցնեմ, նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է»:

Ապա Փաշինյանը հանդես է եկել նոր «առաջարկով»: «Եթե Ռուսաստանի Դաշնությունն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ՝ ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի: Նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ: Սրան նախորդել են Փառուխի իրադարձությունները 2022 թվականի մարտին և Խծաբերդի իրադարձությունները 2020 թվականի դեկտեմբերին, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերեվարված: Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանք է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված:

Պիտի անկեղծ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը: Բայց մեզ համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը: Ամեն դեպքում մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պիտի սերտորեն աշխատենք Ռուսաստանի Դաշնության և մեր մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու և համապարփակ կարգավորումների հասնելու համար: Պիտի նաև վերահաստատեմ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը»:

Այսպես, Փաշինյանի տարեվերջյան ուղերձը արևմուտքին հետևյալն է եղել՝ եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, պետք է ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի:

Կարևորը՝ ինքն այդ հարցն արդեն բարձրացրեց...

Արձագանք Մոսկվայից` «Միջազգային խաղաղապահներ ներգրավելու համար պետք է ոչ միայն Երևանի, այլև Բաքվի համաձայնությունը»

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու, ինչպես նաև միջազգային ուժեր ներգրավելու հարցը պետք է ստանա հակամարտող երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը: Նման հայտարարությամբ հակադարձեց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարությունը: «Միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե դրա համար կա հակամարտության երկու կողմերի համաձայնությունը: Եվ դա ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանը»,- ասել է նա: Պեսկովը նաև նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի «ամենամոտ դաշնակիցներից մեկն է», իսկ Ադրբեջանը՝ «արժեքավոր գործընկեր»: «Եվ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և կշարունակի իր միջնորդական ջանքերը՝ առաջին հերթին իրականացնելով այն պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմքով»,- ասել է Պեսկովը:

Երևանն ու Բաքուն իրենք են որոշում իրենց շփումների դինամիկան

Հայաստանն ու Ադրբեջանը իրենք են հաղորդում իրենց շփումների դինամիկան: Նման հայտարարություն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան հարցին՝ արդյո՞ք առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կկնքեն և արդյո՞ք դրանում նշված կլինի Արցախի կարգավիճակը: «Այդ հարցը տրամաբանական կլինի ուղղել բանակցային կողմերին, այսինքն Բաքվին ու Երևանին: Հենց նրանք ենք դինամիկա հաղորդում շփումներին և սահմանում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը: Ռուսաստանը, որը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ կապված է ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններով, բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ գործընթացին՝ այն ձևով ու ծավալներով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները»,- ասել է Լավրովը:

«Միջանցքի պարտադրանքի մասին պնդումները ևս ֆեյք են, տրամադրեք փաստեր». պահանջ Մոսկվայից

Երեկ խոսել է նաև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի պնդմանը, թե Հայաստանը ենթարկվում է ճնշումների Միութենական պետությանը միանալու համար, ինչպես նաև խոսակցություններին, թե ՌԴ օրակարգում կա միջանցքի հարց, հերքեց ռուսական պարտադրանքի մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունները:

Մարիա Զախարովան նախ հռետորական հարց է ուղղել. «Իսկ կարելի է հարց ուղղել՝ իսկ ո՞ւմ են հղում անում այն մարդիկ, որոնք այդ մասին խոսում են, այն մասին, որ իրենց ստիպում են: Ի՞նչ փաստերի են նրանք հղում անում: Կա՞ն ինչ-որ փաստեր: Ինչպե՞ս է տեղի ունեցել պարտադրանքը՝ բարեկամական մթնոլորտում, կարմիր գինու բաժակի շուրջ կամ կոպիտ է տեղի ունեցել այդ պարտադրանքը: Ինչպե՞ս են պարտադրել: Պետք է, չէ՞, դա հասկանալ: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել, թե՞ մարդը դուրս է եկել ու ասում է՝ գիտեմ, որ պարտադրել են, նույնիսկ հիշում եմ, բայց չգիտեմ՝ ով, և չեմ հիշում՝ ինչպես: Հասկանո՞ւմ եք՝ պետք է լինեն ինչ-որ փաստեր, եթե մարդիկ անում են նմանատիպ հայտարարություններ, չտրամադրելով փաստեր, և, ի դեպ, կոնկրետ երկիր են նշում: Բարի եղեք, ներկայացրեք փաստեր: Չէ՞ որ դրանք փաստեր են, որոնց իբրև թե հղում են անում, ուրեմն ցույց տվեք, պատմեք, այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ բան ավել ասել նրանից, ինչ ասվել է, այդ թվում՝ ՌԴ նախագահի խոսնակի կողմից այն մասին, որ ՌԴ չինովնիկներից որևէ մեկը երբեք որևէ նման բանի մասին չի խոսել»:

Զախարովան հավելեց, որ այս ամենը վերաբերում է նաև պնդումներին, թե ՌԴ-ն պարտադրում է Երևանին իր վերահսկողությունից դուրս միջանցք ՀՀ տարածքով: Նա վստահեցրել է, որ դա ֆեյք է, որի մասին բազմիցս խոսվել է:

Մարիա Զախարովան մեջբերեց 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը՝ ասելով, որ երթուղիների ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, ում տարածքով այդ երթուղին անցնում է, և սա չի վիճարկվում ո՛չ Երևանի, ո՛չ Բաքվի կողմից:

Ռուս խաղաղապահների աշխատանքի քննադատությունն անընդունելի է

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի քննադատությունն անընդունելի է, հավելել է Մարիա Զախարովան: «Հրապարակային քննադատությունները գործին չեն օգնում։ Խաղաղապահներն ամեն ինչ անում են Լաչինի միջանցքում իրավիճակը բարելավելու համար»,- ասել է Մարիա Զախարովան։ «Որևէ մեկը կարո՞ղ է ամենայն պատասխանատվությամբ ասել՝ ավելի լա՞վ կլիներ առանց խաղաղապահների»,-ասել է նա։

Ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն չեն վիճարկում, որ երթուղիների նկատմամբ ինքնիշխանությունը այն կողմինն է, որի տարածքով դրանք անցնում են

Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է «Միութենական պետությանը» Հայաստանին անդամակցելու վերաբերյալ հնարավոր ճնշումներին: Դիվանագետի խոսքով՝ նման պնդումներն իրականությանը չեն համապատասխանում. որևէ մեկը չի կարող նման փաստեր ներկայացնել:

Զախարովան նշել է, որ կեղծ է նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրելու հարցում Երևանի նկատմամբ ճնշումների առկայության մասին թեզը: «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային միջոցների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում են հաղորդակցությունների բացման տարբեր ուղիներ:

Դրանց թվում են Հայաստանի հարավում երկաթուղային գծի երթևեկության վերականգնման հետ կապված հարցերը։ Այդ աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չեն վիճարկում ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն, այն է, որ երթուղիների նկատմամբ ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, որի տարածքով դրանք անցնում են»,- եզրափակել է Զախարովան:

Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը Ռուսաստանի իրավասության հարց չէ

Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը Ռուսաստանի իրավասության հարց չէ, նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է այն գործարկել Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու համար: Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը Մինսկի խմբի ձևաչափում քննարկելու հնարավորությանը՝ դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը չէ, որ արգելափակում է Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը: «Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահ առաքելության հասցեին հնչող քննադատություններին, ապա դրանք անընդունելի են:

Նրանք անում են հնարավորը՝ տեղում իրավիճակի կարգավորման համար: Որևէ հանրային քննադատություն գործին չի օգնում: Ավելի վատ իրավիճակներ էլ են եղել: Ամեն ինչ անում ենք իրավիճակը լավացնելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ Ռուսաստանը կապված է դաշնակցային պարտավորություններով

Ռուսաստանը հիմնվում է բարձրագույն մակարդակով եռակողմ համաձայնությունների ամբողջական համալիրի վրա, այդ թվում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի փաստաթղթերի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Դրանք հուսալի հիմք են՝ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման համար: Իհարկե, մենք հաշվի ենք առնում, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ մեզ կապում են դաշնակցային պարտավորությունները: Ուստի որպես միջնորդ՝ մենք անփոփոխ այնպիսի դիրք ենք գրավում, որը թույլ է տալիս արդյունավետ կերպով իրականացնել այդ գործառույթը»,- նշել է Զախարովան՝ հույս հայտնելով, որ Հայաստանում դա գիտեն: Անդրադառնալով ՀԱՊԿ-ում Ռուսաստանի պարտավորություններին՝ դիվանագետը նշել է. «Երևանի շահագրգռվածության դեպքում կազմակերպության մյուս անդամները պատրաստ կլինեին դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2444 անգամ
Լրահոս
Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով Վալերի Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան ԱՄՆ-ը հայտարարել է, որ կվերացնի կալիումի բելառուսական արտադրողների նկատմամբ պատժամիջոցները Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ. Բանաստեղծի թոռը՝ քննադատությունների մասին Վատ եղանակի պատճառով այսօր չեղարկվել են Բաթումի-Ստամբուլ բոլոր չվերթները Փաշինյանը կատարել է «փոխանցումը». վաղը Ադրբեջանից ՀԱԵ-ին կմեղադրեն ֆինանսական մեքենայության մեջ Փակ է Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ ինչ իրավիճակ է հանրապետությունում Չեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը Մեծ է հաջողության հասնելու հավանականությունը. Աշոտյան Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ Լատվիան երկարաձգել է իր օդային սահմանային գոտում գիշերային թռիչքների արգելքը Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում․ կան բերման ենթարկվածներ «Դու դատվելու՛ ես, այ…». Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին. video Լուկաշենկոն ազատ է արձակել ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային Զապորոժիեի ատոմակայանում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն․ Գրոսսի Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքիվ ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ․ երկու հետևություն մեզ համար․ Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am