Թուրքական մղձավանջ. Էրդողանն աղետի է տանում

Սխալված չենք լինի, եթե նշենք, որ Թուրքիան այսօր տարածաշրջանի ամենավտանգավոր, սպառնալիքների թիրախ հանդիսացող պետություններից մեկն է դարձել: Այսօր չեն նշմարվում այն ուղիները, որոնցով Անկարան կարող է լուծել քրդական խնդիրը, ու կարծես, ժամանակն աշխատում է ի վնաս Թուրքիայի: Որքան էլ Թուրքիայի իշխանությունները քայլեր են ձեռնարկում` ցույց տալու տիրապետում են իրավիճակին, այնուամենայնիվ ակնհայտ է, որ պաշտոնական Անկարան առայժմ կորուստներ է կրում երկրում անվտանգության պահպանման տեսանկյունից: Թուրքիայի կառավարությունը սկսել է մշակել անվտանգության ապահովման նոր հայեցակարգ՝ փետրվարի 17-ին Անկարայի ահաբեկչությունից հետո, հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն. «Մենք սկսում ենք աշխատանքները մայրաքաղաքում անվտանգության ապահովման նոր հայեցակարգի շուրջ: Կամրապնդենք անձնակազմը, կնորացնենք սարքավորումները: Եթե 2-3 տարի առաջ Անկարայում 7-10 գերատեսչություն էր, ապա այժմ դրանք 70-ն են: Մենք մայրաքաղաքի անվտանգությունը կդարձնենք առաջնահերթ: Սա բոլոր տրանսպորտային մայրուղիների կենտրոնն է, այդ պատճառով էլ կբարձրացնենք ոչ միայն քաղաքի անվտանգությունը, այլև դրանով անցնող բոլոր մայրուղիների: Որոշ գավառներում մենք անվտանգության հավելյալ միջոցառումներ կձեռնարկենք»,- ասել է Դավութօղլուն: Թուրքիայի ոստիկանությունը 22 մարդու է ձերբակալել փետրվարի 17-ին Անկարայում ահաբեկչության հետաքննության ժամանակ: «Հետաքննության ընթացքում հստակ հայտնաբերվել է կազմակերպված խմբավորում, PKK-ի ու սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի հանգույցը: Բոլոր մեղավորները հայտնի են, ցուցմունքները վերցված են, սիրիացի քրդերի հետ գլխավոր կասկածյալների կապը հայտնաբերված է»,- ասել է Դավութօղլուն: Նրա խոսքերով՝ ահաբեկչության բոլոր մասնակիցներին հայտնաբերելու ու ձերբակալելու գործում օգնել է երկրում ստեղծված մատնահետքերի բազան: Թուրքիան վերապրում է պատմության մեջ ամենաբարդ օրերից մեկը Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը, մեկնաբանելով Անկարայում իրականացված վերջին ահաբեկչությունն ու երկրի հարավ-արևելքում անվտանգության ուժերի ձեռնարկած ռազմական գործողությունները, հայտարարել է, որ դրանք հանրապետության ամենադժվար օրերից մեկն են: «Մենք վերապրում ենք վերջին շրջանի պատմության և անգամ հանրապետության պատմության ընթացքում ամենադժվար օրերից մեկը։ Այսպիսի իրավիճակում շատ կարևոր է Թուրքիայում միասնության, համերաշխության դրսևորումը։ Թուրքիան բախվել է շատ սպառնալիքների, որոնց հաղթահարումը պահանջում է ողջախոհ, ռացիոնալ քաղաքականություն, երկխոսություն ու համերաշխություն։ Ես դրանք եմ տեսնում որպես հարցի լուծման պայմաններ»,- ասել է Գյուլը։ Խոսելով Սիրիայի քրդերին հասցվող հարվածների մասին՝ Գյուլը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի իշխանությունները, հենվելով ստացված հետախուզական տվյալների վրա, կայացրել են ճիշտ որոշում։ Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի կարծիքով, այսօր Թուրքիան գտնվում է «պակիստանացման»` Պակիստանի վերածվելու փուլում։ Քըլըչդարօղլուն նշել է, որ այսօր բոլորը հայտարարում են, որ Սիրիան վերածվել է Աֆղանստանի, քանի որ այնտեղ գործում են ամեն տիպի ջիհադական, արմատական, վահաբական խմբեր. «Բոլորը ներկայացված են այնտեղ։ Իսկ ինչպե՞ս են նրանք ներթափանցում այնտեղ։ Նրանք դա անում են Թուրքիայի տարածքով։ Այսօր Թուրքիան գտնվում է պակիստանացման փուլում։ Աֆղանստանի դեպքերը մեծապես ազդեցին հարևան Պակիստանի վրա։ Ահաբեկչական բոլոր կազմակերպությունները սկսեցին բույն դնել Պակիստանում։ Մենք շարունակ հայտարարել ենք, որ եթե չեք ցանկանում Թուրքիան վերածել Պակիստանի, ապա Սիրիան մի՛ վերածեք Աֆղանստանի»։ Խոսելով վերջին շրջանում Թուրքիայում իրականացվող ահաբեկչությունների մասին՝ Քըլըըչդարօղլուն հայտարարել է, որ վերջին 6 ամսում Թուրքիայում իրականացվել է 6 ահաբեկչական հարձակում, որոնցից 2-ը գրանցվել են Անկարայում։ Քըլըչդարօղլուի խոսքերով՝ այդ 6 հարձակումների հետևանքով զոհվել է 234 մարդ, սակայն ցայժմ որևէ մեկը չի կրել դրա համար քաղաքական պատասխանատվություն. «Երբ մենք նայում ենք Սահմանադրությանը, տեսնում ենք, որ այդ հարցում պատասխանատուն վարչապետն ու կառավարությունն են»։ Պատասխանատու են Սիրիայի փլուզման համար Zaman թերթին տված հարցազրույցում Թուրքիայի զբոսաշրջության ու մշակույթի նախկին  նախարար Էրթուղրուլ Գյունայը մեկնաբանել է Սիրիայի իրադարձությունները։ Գյունայը հայտարարել է, որ ժամանակին, երբ Սիրիայի իրադարձությունները դեռ չէին վերաճել քաղաքացիական պատերազմի, Էրդողանին կոչ է արել չմիջամտել սիրիական կոնֆլիկտին, սակայն Էրդողանն այն ժամանակ իրեն պատասխանել է, որ մտահոգվելու կարիք չկա, և որ գործողությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում. «Մենք մեծապես պատասխանատու ենք, որ Սիրիան վերածվել է Աֆղանստանի։ Մենք մեր սահմանին ստեղծեցինք երկրորդ Աֆղանստան»։ Գյունայի խոսքերով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 5 տարում, որը նա նվիրել է «արկածներ որոնելուն», չեզոքացրել է առկա ձեռքբերումները։ Գյունայն ընդգծել է, որ արդեն 4 տարի է անցել այն պատասխանից, թե Սիրիայի հարցը պետք է լուծվեր 6 ամսում, և ինքը մտավախություն ունի, որ դրա հետևանքները դեռ զգացնել կտան 16 տարի։ Խոսելով սիրիացի փախստականների հոսքի մասին՝ Գյունայը հայտարարել է. «Թուրքիան աշխարհին ասում է, որ իր դռները բացել է 3 միլիոն սիրիացիների առջև։ Սակայն նրանցից միայն 250.000-ն է գտնվում ճամբարներում, իսկ մնացյալն ապաստան են գտել կամուրջների տակ, փողոցներում, մզկիթի դռների մոտ և այլուր։ Մենք ներքաշվել ենք մի գործընթացի մեջ, որի պատճառով ժողովուրդը մնում է առանց տան ու հայրենիքի։ Դրա համար պետք է վճարել։ Մենք պատասխանատու ենք Սիրիայի փլուզման համար։ Անկարելի է երկիրը ղեկավարել ինչ-որ բան ստանալու անհագ ցանկություններով, անմտությամբ ու ցասումով։ Այդ ամենը հանգեցնում է աղետի։ Անհրաժեշտ է դասեր քաղել պատմությունից։ Նա, ով ղեկավարում է, պետք է սովորի իր պատմությունն ու իմանա այն։ Միլոշևիչը աղետի հասցրեց Հարավսլավիան, իսկ Սադամը՝ Իրաքը։ «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը և նրա անզուսպ ցանկությունները կործանման հասցրին օսմաններին։ Իթթիհատականների քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ օսմանյան կայսրությունը, որն առանց այդ էլ շարժվում էր դեպի իր մայրամուտ, փլուզվեց շատ արագ և կորցրեց շատ տարածքներ։ Ցասումն ու փառասիրությունը գերակայեց նրանց ունակություններին, փորձին ու գիտելիքներին։ Թուրքական T24 առցանց թերթում հրապարակվել է Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ հոդվածագիր Մեթին Մյունիրի հոդվածը, որում նշված է, որ Թուրքիան Մերձավոր Արևելքում դարձել է Սիրիայից հետո ամենամեծ կորուստներ կրած երկիրը։ Հոդվածագիրն ընդգծում է, որ ձախողվել են Սիրիայի հետ կապված Թուրքիայի կառավարության երկու հիմնական նպատակները. Բաշար Ասադի ալավիական վարչակարգը տապալելն ու փոխարենը սուննի կառավարություն ունենալը և Սիրիայի քրդերի շարժումները զսպելը։ Հոդվածագիրն ընդգծում է, որ Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ Սիրիայում իր գոյությունը կշարունակի ալավիական վարչակարգը՝ Ասադի հետ կամ առանց նրա, իսկ Սիրիայի քրդերն անկախության ճանապարհին են կամ էլ Իրաքի քրդերի նման կստանան ինքնավարություն. «Այդպիսով, ԱԶԿ-ի կառավարության վարած արտաքին քաղաքականության սխալների պատճառով Թուրքիան Մերձավոր Արևելքում դարձել է Սիրիայից հետո ամենամեծ կորուստներ կրած երկիրը։ Հինգ տարի առաջ Սիրիան Թուրքիայի ընկերն էր, մինչդեռ այժմ այն որակվում է որպես թշնամի։ Սակայն Թուրքիայի վնասը սրանով չի ավարտվում։ Էրդողան-Դավութօղլու զույգը Սիրիայի պատճառով դեռ նախորդ տարի արյունոտ դանակ խրեց Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընկերներ Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերություններում։ Ռուսաստանի հետ թշնամանալը Թուրքիայի առջև ծառացած ամենամեծ սպառնալիքն է։ Պուտինը ռուսական ինքնաթիռի կործանումից հետո իր հպարտությանը հասցված հարվածից վրեժխնդիր լինելու համար աջակցելու ու զինելու է Սիրիայի քրդերին ու PKK-ին։ Հարավ-արևելքում նույնպես բոցեր են, որոնք հանգցնելը դառնում է անհնար։ Թուրքիան երևակայության, ցասման ու եսասիրության հիման վրա վարած արտաքին քաղաքականության պատճառով կորցրել է բոլոր ընկերներին։ Թուրքիայի համար այդ բոլոր գլխացավանքների միակ պատճառն ԱԶԿ-ի կառավարությունն է։ Եթե Էրդողանը չփոխի իր կուրսը, ապա այն աղետ կդառնա թե՛ իր, թե՛ իր կուսակցության, թե՛ Թուրքիայի համար»։ Թուրքիայի համար բացառվում է բարենպաստ սցենարը Թուրքիայի համար սկսվել է իսկական «ռազմավարական մղձավանջ». քաղաքների վրա հարձակվում են ահաբեկիչները, սահմաններում անհանգիստ է, իսկ դաշնակիցները ակնհայտորեն արհամարհում են նրա խնդրանքները՝ գրում է Washington Post-ը: Դեռևս չորս տարի առաջ Թուրքիան պատրաստվում էր դառնալ արաբական գարնան գլխավոր հաղթողներից մեկը. ԱՄՆ-ը նրան որպես օրինակ էր ներկայացնում, իսկ տարածաշրջանում նրան առաջատարներից մեկն էին համարում: Սակայն ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ արաբական ընդդիմությունը պարտվեց, իսկ աշխարհաքաղաքական լանդշաֆտը և սիրիական պատերազմի ընթացքը փոխվեցին: Այժմ Ռուսաստանը ընդլայնում է իր ներկայությունը Թուրքիայի սահմանագծին՝ Սիրիայում և Հայաստանում: Սիրիայից Թուրքիա փախած ահաբեկիչները սարսափ են տարածում բնակչության շրջանում, տնտեսությունը ճգնաժամի մեջ է, իսկ երկրի ներսում թեժանում է քրդերի հետ հակամարտությունը՝ գրում է թերթը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասցրել է սիրիական ճգնաժամի ֆոնին այնքան խնդիրներ ստեղծել իր երկրի համար, որ այժմ դրանց կարգավորումը անհավանականորեն բարդ է թվում, եթե ոչ անհնարին՝ եզրափակում է լրատվամիջոցը: Իսկ ամերիկյան Time պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիան այլևս տարածաշրջանային այն ուժեղ երկիրը չէ, ինչպիսին էր դեռևս 5 տարի առաջ։ Դրա գլխավոր պատճառներից մեկը դարձել է Սիրիական հակամարտությանը նրա միջամտելը։ Անկարան ռազմական կամպանիա է իրականացնում Սիրիայում, սակայն դրա հետ մեկտեղ ռիսկի է դիմում բախվել միջազգային հանրության կոշտ արձագանքին ու ներքին մարտահրավերներին։ Անկառու է հինգ փաստ, որոնք ի ցույց են դնում Թուրքիայի խնդիրները, ներկայացնում է 1in.am-ը։

  1. Երկիրը գտնվում է փախստականների ճգնաժամի կենտրոնում, որոնք Սիրիայից ուղևորվում են Եվրոպա։ Ներկայումս երկրի տարածքում գտնվում է Սիրիայից հեռացած 4.7 միլիոն փախստականներից 2.6 միլիոնը։ Տվյալ խնդրի լուծման վրա ծախսված 8.5 միլիարդ դոլարը մեծապես հարվածել է Թուրքիայի տնտեսական բարեկեցությանը։ Բնականաբար, Անկարան չի հրաժարվել այն երեք միլիարդ եվրոյից, որը նրան առաջարկել է ԵՄ-ը՝ փախստականների հոսքը զսպելու համար։ Սակայն դա հարցի ժամանակավոր լուծում է։
  2. Թուրքիան մասնակցում է Սիրիայի պատերազմին։ Սիրիայում Անկարայի գլխավոր նպատակներից մեկն է այդ երկրի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը տապալելու հետ մեկտեղ քրդերի դեմ պայքարը։ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում նրանց գրանցած հաջողությունները վախեցնում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Թուրքիան ամենաշատ վախենում է, որ իր վաղեմի հակառակորդները ինքնավարություն կստեղծեն թուրք-սիրիական սահմանին։
  3. Թուրքիան քրդերի դեմ պատերազմում է երկրի ներսում։ Այն բանից հետո, ինչ այս շաբաթ Անկարայում, ապա նաև Դիարբեքիրի նահանգում տեղի ունեցան ահաբեկչություններ, Թուրքիայի նախագահը շտապեց մեղադրել Սիրիայի քրդերին, որոնք գործել են Թուրքիայի ներսում գտնվող քրդերի օգնությամբ։ Դեռ տարվում է հետաքննություն, սակայն արդեն հստակ է, որ վերջին մեկ տարում Թուրքիայում ահաբեկչությունները կրկնվում են վտանգավոր հաճախականությամբ, և որ վերջին 7 ամսում սպանվել է մոտ 150 մարդ։
  4. Ահաբեկչական հարձակումները կարող են ուղիղ ազդեցություն ունենալ Էրդողանի ու նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական ընդդիմության վրա։ Նախորդ հունիսին կուսակցությունը 13 տարում առաջին անգամ խորհրդարանում կորցրեց իր ուժեղ դիրքերը։ Սակայն Սուրուչի վրա ԴԱԻՇ-ի ահաբեկչական հարձակումից հետո Էրդողանը հայտարարեց Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի մեջ մտնելու մասին։ Արդյունքում նոյեմբերի ընտրությունների համար նրա կարգախոսը դարձավ «կամ ես, կամ քաոս» արտահայտությունը։ Նրա կուսակցությունը վերադարձրեց կորցրած առավելությունը, սակայն Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այն կարող է վերստին սասանվել։
  5. Սիրիական հակամարտությունը սրել է Անկարայի արտաքին քաղաքական խնդիրները։ Այն բանից հետո, ինչ թուրք զինվորականները կործանեցին ռուսական «Սու-24» ռմբակոծիչը, Մոսկվայի հետ հարաբերությունները դարձան չափազանց լարված։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները մտավախություն ունեն, որ Թուրքիան իրենց կներքաշի Ռուսաստանի հետ ուղիղ կոնֆլիկտի մեջ։ Բացի այդ, Թուրքիան քրդերին ուղղված իր ռմբակոծություններով փչացրել է հարաբերությունները նաև ԱՄՆ-ի հետ, ով ԴԱԻՇ-ի դեմ պայքարում աջակցում է քրդական ուժերին։
Եթե Անկարան չցուցաբերի զգուշավորություն, ապա կխրվի Սիրիական հակամարտությունում, այդ դեպքում էլ ավելի կխորանա Թուրքիայի՝ առանց այդ էլ ծանր վիճակը, եզրակացրել է Time պարբերականը: Թամար Բագրատունի

դիտվել է 12 անգամ
Լրահոս
ՀՀ հակահայ իշխանությանը հանձնարարված է՝ սեփական ձեռքով սեփական փոսը փորել․․․ Դպրոցներում հայ մեծերին Փաշինյանի ստատուսներով են փոխարինում Ռուսաստանը և Բելառուսը համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում Սա կարող է առաջացնել խղճմտանք ՀՀ-ի հանդեպ, որ ունի այս մտահորիզոնով պաշտոնյաներ․ Հակոբ Բադալյան Փաշինյանը կրկին կադրային փոփոխություններ է կատարել Совбез ООН единогласно принял заявление, осуждающее Израиль за ракетный удар по Катару ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Իսրայել և Մեծ Բրիտանիա Կարթագենյան թակարդ ստանալու համար կարելի է և Արծվաշենը զիջել հայերին. Էդուարդ Աբրահամյան «Ասեք՝ ա՛յ «քաջ Նազար», հայ մայր ասելով՝ ո՞ւմ նկատի ունես… առջևում սեպտեմբերի 27-ն է, ուզում է ծնողներին ցավ պատճառել» «Նահանջ երգով կամ ինչպես համազգային հաղթանակները վերածել սեփական պարտության». Արտակ Զաքարյան ՆԱՏՕ-ն սկսում է «Արևելյան պահապան» գործողությունը՝ դաշինքի արևելյան թևում դիրքերն ամրապնդելու համար Կուբայում հակահայկական, կեղծիք, թշնամական վերաբերմունք պարունակող մի շարք հոդվածներ են լույս տեսել Ռուսական անօդաչու սարքերի ներխուժումը Լեհաստանի տարածք ցույց տվեց ՆԱՏՕ-ի սնանկ վիճակը թե՛ ռազմական, և թե՛ քաղաքական կողմից Սա ներդրում չէ․ սա դասական կոռուպցիա է Արարատում բախվել են «Nissan»-ն ու «Audi»-ն. վերջինը կոտրել է գազախողովակը. կան տուժածներ Եթե չկա իրական մաքսային հսկողություն, ապա մաքսային ծառայության ֆորմալ ներկայությունը չի պաշտպանում սահմանն ու ինքնիշխանությունը. Հայկ Ֆարմանյան ԱԺ-ն դադարեցրել է Արա Նռանյանի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի լիազորությունները Կտեսնենք միայն տեխնիկական ու սիմվոլիկ քայլեր, որոնք չեն փոխի իրավիճակի ռազմավարական պատկերը. քաղաքագետ Չարլի Քըրքի uպանության համար կասկածվողը Յուտայի 22-ամյա բնակիչ է Գազայում իսրայելական հարվածներից 50 պաղեստինցի է զոհվել Ադրբեջանական մամուլը հրճվանքի մեջ է. երեկվանից Ալեն Սիմոնյան է ցիտում Այ տգե՛տ, էդ բարձունքները, որ տալիս եք, դրանք մեր ջրային ակունքներն են, որ Սևան են լցվում (video) ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ, էպիզոդ XXX. Չեմ օգտագործի քաղաքական նպատակներով մեր դեղնակտուց իշխանավոր հակառակորդների մանկամտությունը Թրամփը կրկին շփոթել է Հայաստանը Ալբանիայի հետ Կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի՝ Էջմիածնում նախատեսած հանրահավաքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am