Սիրիան կործանման եզրին է. ՄԱԿ
Սիրիայում հակամարտության բոլոր կողմերը շարունակում են ռազմական հանցագործություններ իրականացնել` դիմելով քաղաքների շրջափակման տակտիկային և ոչ ընտրողական գնդակոծություններին, ինչպես նաև խոչընդոտելով բնակչությանն օգնություն հասցնելուն։ Նման եզրակացություն է պարունակվում Սիրիայում մարդու իրավունքների խախտումների հետաքննության հարցով հանձնաժողովի նոր զեկույցում, որը ներկայացվել է երկուշաբթի ՄԱԿ-ում, փոխանցում է РИА Новости-ն: «Սիրիական պետությունը գտնվում է կործանման եզրին։ Ռազմական հանցագործությունները, որոնք իրականացնում են հակամարտության կողմերը, սպառնալի ծավալների են հասնում»,- ասվում է փաստաթղթում, որը ներկայացրել է հանձնաժողովի ղեկավար Պաուլու Սերժիու Պինեյրուն: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռմբակոծությունները, որոնք, նրա խոսքով, իրականացնում են ինչպես կառավարական, այնպես էլ նրան ընդդիմադիր զինված խմբերը: Բացի այդ, նա կոչ է արել հասնել այն քաղաքների և շրջանների շրջափակման չեղարկմանը, որոնցում, ընդհանուր առմամբ, ապրում է ավելի քան 400.000 մարդ: 30 էջանոց զեկույցում հիմնական ուշադրությունը կառավարամետ ուժերի գործողությունների վրա է, ինչպես նաև՝ ահաբեկչական խմբավորումների հանցագործությունների։
