Նիկոլը պատասխանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, Տեր-Պետրոսյանը խաղից դուրս եկավ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ տված հարցազրույցում անդրադարձավ նաեւ կաթողիկոսի հովանու ներքո Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպմանը եւ այդ հանդիպման շրջանակներում Տեր-Պետրոսյանի առաջարկած կոնսոլիդացիային։ Լրագրողը նախ հիշեցրեց, որ առաջին նախագահն այդ հանդիպման ժամանակ առաջարկել է կիսել պատասխանատվությունն այն ստորագրվելիք փաստաթղթի համար, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ենթադրաբար, պատրաստվում է ստորագրել, ապա հարցրեց․ «Դուք, ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում այդ կոնսոլիդացիայի գաղափարին, պատրա՞ստ եք նախկին ղեկավարների հետ հանդիպել, պատրա՞ստ եք նրանց ներկայացնել բանակցային նյուանսներ, եւ, ընդհանրապես, Ձեր կարծիքով՝ կոնսոլիդացիայի անհրաժեշտություն կա՞ նախկին ղեկավարների եւ Ձեր միջեւ»։ Պարզ է, որ նախապես ծրագրված հարցեր էին հնչում, եւ Նիկոլ Փաշինյանը ցանկացել էր այս հարցին պատասխանել` իր տեսակետն այդ հանդիպումների մասին բարձրաձայնել:

Փաշինյանը երկար-բարակ պատասխան է տալիս` կոշտ որակումներ չի անում, իհարկե, բայց պարզ հասկացվում է, որ որեւէ ցանկություն չունի նախկինների հետ «կոնսոլիդացվելու», նրանց խորհուրդներն ու աջակցությունը ստանալու եւ նրանց հետ պատասխանատվություն կիսելու։ «Գիտե՞ք, պետք է հասկանալ՝ ինչ է նկատի առնվում, որովհետեւ եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել, եւ նրան պետք է ինչ-որ բանի համար օգնել՝ պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ իշխանությունը, կառավարությունը եւ անձամբ ես գիտակցում ենք երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը, եւ այդ պատասխանատվությունը մենք պատրաստ ենք վերցնել եւ այդ պատասխանատվությունը մենք նաեւ ստացել ենք մեր ժողովրդից»,- ասում է ՀՀ առաջին նախագահի սիրելի «ազգակործան պատուհասը»։ Այսինքն, անգամ ամենաօրհասական պահին այս մարդը համախմբման, որեւէ մեկի խորհուրդը լսելու եւ որեւէ խելացի առաջարկ իրականացնելու ցանկություն չունի: Թշնամին չոքել է մեր դռանը, եւ մեր երիտասարդները զոհվում են սահմանին, իսկ ինքը, բառի բուն իմաստով, «գրողի ծոցն» է ուղարկում Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ մյուս նախկին նախագահներին՝ ասելով, որ «ես ձեր օգնության կարիքը չունեմ, ես միայնակ եմ որոշումներ կայացնում, եւ վերջ», իսկ թե արդյունքում երկիրը կկործանվի` դա մեր ժողովրդի որոշումն է, ինքն է ընտրել ինձ։


Մենք փորձեցինք այս թեմայով մեկնաբանություն ստանալ երեք նախագահների թիմակիցներից՝ հասկանալու, թե այս հայտարարությունից հետո ինչ են մտածում նախկին նախագահների հանդիպումների ձեւաչափի մասին, եւ արդյոք այդ հանդիպումները կարո՞ղ են ուղղված լինել երկրի ղեկավարին խորհուրդներ տալուն, կամ, ինչպես Տեր-Պետրոսյանն է ասում` «երկխոսություն սկսելուն»։ ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի այդ պատասխանը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանին էր ուղղված, ոչ թե մյուս նախագահներին։ «Կարծում եմ՝ Նիկոլի պատասխանն ուղղված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ ես ձեր աջակցության կարիքը չունեմ, ինչ ուզեմ՝ կստորագրեմ։ Ուրիշ բան չի ասել, որովհետեւ իր շուրջ համախմբման ցանկություն ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահները կարծես թե չեն հայտնել»,- ասաց նա։ Մեր հարցին՝ նախկին նախագահների հանդիպման նպատակը, այդ դեպքում, ո՞րն էր, Զաքարյանն ասաց․ «Նպատակը ստեղծված իրավիճակից ելքեր գտնելն էր։ Իսկ որ իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է եւ խիստ մտահոգիչ, որ մենք կա՛մ կկանգնենք նոր պատերազմի առաջ ու դրանով՝ պետականության կորստի առաջ, կա՛մ առանց պատերազմի՝ Նիկոլի ստորագրությամբ պետականության կորստի առաջ, հետեւաբար, ստեղծված իրավիճակն ինքնին պարտադրում է, որ նախագահների ձեւաչափի շուրջ որոշակի հանրային ակնկալիքներ ձեւավորվեն։ Իսկ կոնսոլիդացիայի գաղափարն այն է, որ հասարակության կոնսոլիդացիա պետք է լինի՝ առանց Նիկոլի։ Նիկոլն էդ կոնսոլիդացիայի մեջ անելիք չունի։ Այսինքն՝ խնդիրն իր շուրջ կոնսոլիդացվելը չէ»։ Ռոբերտ Քոչարյանի թիմակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ կոնսոլիդացիան չէր այդ հանդիպումների նպատակը, եւ հղում արեց Ռոբերտ Քոչարյանի խոսքերին․ «Ինչպես ասել է երկրորդ նախագահը՝ պրոբլեմի շուրջ կոնսոլիդացիա չի լինում, կոնսոլիդացիա լինում է նպատակի շուրջ»։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ առաջին նախագահի թիմակիցներից, բայց նրանք համառորեն չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ։ Ասացին՝ լռության ուխտի մեջ են, երեւի մի երկու օրից կխոսեն, նշեցին, որ մեր զանգից հետո թիմով հավաքվում են` քննարկելու իրավիճակը։ Բայց երկու օր սպասելու կարիք չեղավ։ Հավանաբար, այդ հանդիպման արդյունքում որոշվեց, որ պետք է հայտարարություն տարածեն ՀԱԿ առաջնորդի խոսնակ Արման Մուսինյանի բերանով, ով իր էջում գրեց․

«Պետք է արձանագրել, որ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենեւին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը: Ի դեպ, ՀՀ առաջին նախագահը հարկ է համարում նաեւ ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»։ Սա նշանակում է, որ առաջին նախագահը դուրս է գալիս նախագահների ձեւաչափից։

Կշարունակե՞ն արդյոք մյուս նախագահները եւ Վեհափառը հանդիպումները, ի՞նչ ազդեցություն կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունը նրանց նախաձեռնության վրա, երեկ մեզ չհաջողվեց պարզել: Բոլոր նրանք, ովքեր կարող էին որեւէ կերպ մեկնաբանել, երեկ հրաժարվեցին խոսել այս մասին: Նախագահների գրասենյակներից ասացին, որ դեռ չեն քննարկել, թիմակիցները հղում արեցին գրասենյակներին: Պարզ էր, որ բոլորն անակնկալի էին եկել: Թեեւ բոլոր խելացի մարդիկ հասկանում էին, որ այս անգամ եւս նախկին նախագահների կոնսոլիդացիա չի ստացվելու, եւ այդ ձեւաչափը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանն է ձախողելու: Գոնե նրա` Հ1-ին տված հարցազրույցից հետո սա ակնհայտ էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 521 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am