ԱԱԳ-ը գաղտնալսել է
WikiLeaks կայքը, որը հայտնի է, մասնավորապես, ամերիկյան հետախուզության գործողությունների բացահայտումներով, հրապարակել է հերթական գաղտնի նյութերը, որոնք վկայում են այն մասին, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է համաշխարհային առաջնորդներին: Կայքի նյութի նախաբանում հաղորդվում է, որ ԱԱԳ-ը գաղտնալսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հանդիպումները, ինչպես նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի զրույցները Մերկելի և Բեռլուսկոնիի հետ: Բացի այդ, ձայնագրվել է ԵՄ-ի և Ճապոնիայի առևտրի նախարարների շփումը Առևտրի համաշխարհային կազմակերպության թեմայի շուրջ, փոխանցում է РИА Новости-ն: WikiLeaks-ի տվյալներով` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Գերմանիայի կանցլերի զրույցի ընթացքում խոսվել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի մասին, Նեթանյահուն խնդրել է Բեռլուսկոնիին օգնել կարգավորել կապերն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, իսկ Սարկոզին զգուշացրել է Բեռլուսկոնիին իտալական տնտեսության ողբալի վիճակի մասին: Որոշ փաստաթղթեր ունեն «գաղտնիության ամենաբարձր մակարդակն այնպիսի փաստաթղթերի թվում, որոնք երբևէ հրապարակել է մեդիան»։
