Սիրիական ընդդիմությունը չի ընդունում Ասադի որոշումը
Արտերկրում գործող սիրիական ընդդիմութան բանակցությունների հարցով բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Նաասան Աղան հայտարարել է, թե անհնար է համընդհանուր ընտրություն անցկացնել երկրում, որտեղ քաղաքական պատերազմ է ընթանում։ Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրամանագիր է ստորագրել ապրիլի 13-ին երկրում խորհրդարանական ընտրություն անցկացնելու մասին: Ինչպես տեղեկացնում է սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, դրանք կկայանան բազմակուսակցական հիմքով՝ համաձայն Սահմանադրության, որը հաստատվել է 2012 թվականի փետրվարի 26-ին։ Սիրիացի ընդդիմադիր գործչի խոսքով՝ Ասադի այդ քայլը վկայում է այն մասին, որ նա չի մտածում հրադադարի մասին, որն ուժի մեջ պետք է մտնի փետրվարի 27-ից, ինչպես նաև՝ քաղաքական կարգավորման մասին։ Համաձայն Վիեննայում նոյեմբերի 14-ին հաստատված «ճանապարհային քարտեզի»՝ միջսիրիական բանակցությունների ընթացքում պետք է ձևավորվի անցումային կառավարություն, որը պետք է պատրաստի նոր Սահմանադրութուն։ Դրա հիմքով էլ նախատեսվում էր անցկացնել խորհրդարանական և նախագահական ընտրություն։ Անցումային շրջանը պետք է տևի 18 ամիս։
