Սուրիկ Խաչատրյանի նախկին խորհրդականը վիրավորված է վարչապետից.Առավոտ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը տպավորություն ունի, որ Հայաստանը ոչ վարչապետ ունի, ոչ էլ կառավարություն: «Մի ամիս առաջ Սիսիանում կարկտահարության հետեւանքով ավերվել էին մարդկանց այգիներն ու ցանքատարածությունները, մի քանի համայնքներ ընդհանրապես կորցրել են իրենց տարվա բերքը: Ու այդ ծանր պայմաններում, երբ մարդիկ պետության օգնության ու հոգատարության կարիքն ունեն, վարչապետի այցն անգամ նրանց չհուզեց, որովհետեւ մարդիկ կորցրել են պետության զգացողությունը՝ որպես իրեն օգնական, վարչապետի եւ կառավարության կարեւորությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը: Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզում, եղել է նաեւ Սիսիանում: Այդ օրերին Սիսիանում է եղել նաեւ մեր զրուցակիցը, որը պնդում է, որ վարչապետի այցի օրը Սիսիանի դատարկ հրապարակը եւ վարչապետի պահվածքը ցույց են տալիս, որ նա կտրված է իրականությունից եւ ժողովրդից: Վոլոդյա Հովհաննիսյանը հիշում է 2015 թվականի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Սիսիան, երբ 600 հոգանոց հանդիպում կայացավ վարչապետի հետ, որին մասնակցում էին տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչները եւ 3 ժամից ավելի քննարկում էին առկա խնդիրները: Ասում է՝ այդ հանդիպման արդյունքում 3-4 շենքի տանիքի վերանորոգման հարց լուծվեց, համայնքային ճանապարհների վերանորոգման հարց լուծվեց, որոշ համայնքներում՝ խմելու ջրի եւ այլն: Ինքն այն ժամանակ տեսել է՝ կա պետություն, կառավարություն, վարչապետ՝ իրենց բոլոր թերություններով հանդերձ, իսկ մարդիկ էլ հույս են ունեցել, որը կապել են պետության, կառավարության ու վարչապետի հետ: Հիմա նա կարծում է, որ ունենք «կառավարման ունայնության եւ քաղաքական ժամավաճառության փայլուն օրինակ»: Նրան դուր չի եկել, որ Կարեն Կարապետյանը, իր պնդմամբ՝ նեղ շրջանում է խորհրդակցություն անցկացրել եւ ասել, որ պետք է բիզնես ծրագրեր կազմել: «Այդ «պետք»-ի մեջ մարդիկ չգիտեն, որ պետք է անել, ու երբ վարչապետն ասելու ոչինչ չունի, անցնում է սոփեստության, ոչինչ չանելով՝ ցույց է տալիս, թե բան է անում»,- ասում է Վոլոդյա Հովհաննիսյանը՝ հիշեցնելով Կարեն Կարապետյանի առաջին հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է գտնվում: Շուտով կլրանա այդ հայտարարության մեկ տարին: Վոլոդյա Հովհաննիսյանը չի տեսել որեւէ քայլ, որն ուղղված է ծանր տնտեսական իրավիճակը շտկելուն. «Այս մեկ տարում Հայաստանում արտադրողական ուժ չի ստեղծվել»: Սրանից էլ հետեւություն է անում, որ այս մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը ոչինչ չի արել իբրեւ կառավարիչ: Ավելին՝ ասում է, որ այս մեկ տարվա ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը ավելացել է մոտ 1 մլրդ դոլարով՝ կազմելով ՀՆԱ-ի 65%-ը: Համեմատության համար նշում է, որ Ադրբեջանի արտաքին պարտքը այդ երկրի ՀՆԱ-ի 20%-ն է կազմում, Վրաստանում՝ 10%-ը: «ՀՀ-ի արտաքին պարտքի 10%-ն ավելացել է այն վարչապետի օրոք, որը խոստանում էր միլիարդավոր ներդրումներ եւ հսկայական ծավալի աշխատատեղեր»,- ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը: Արդյունքում այնքան է վիրավորվել ՀՀ քաղաքացի Վոլոդյա Հովհաննիսյանի ինքնասիրությունը, որ հայտարարում է. «Կարեն Կարապետյանը ծանր հարված է հասցնում մեր պետականությանն ու նրա ընթացքին, մինչդեռ հայերը միակ ազգն են, որ էթնիկական գոյության խնդիր ունեն, ու փոխանակ Իսրայելի նման ազգային համահավաք ուժով պայքարենք մեր գոյության համար՝ փոշիացնում ենք այդ ուժը»: Նա կարծում է, որ դրանում մաս ունի նաեւ Կարեն Կարապետյանը, եւ զարմանում է հանրապետության նախագահի վրա, որն այս կարեւոր ժամանակաշրջանում կառավարման ղեկը հանձնել է նրան: Վոլոդյա Հովհաննիսյանին վիրավորել է նաեւ այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Սիսիանում չի այցելել Արցախյան ազատամարտում տարբեր ժամանակաշրջաններում զոհվածների պանթեոն, մինչդեռ այնտեղ վարչապետին եւ Սյունիքի մարզպետին սպասել են մի քանի ազատամարտիկներ, որպեսզի տարբեր հարցերով զրուցեն նրանց հետ: Հիշեցնենք՝ ապրիլյան պատերազմում Սիսիանից 9 զոհ եղավ: «Առավոտի» դիտարկմանը, որ իր գնահատականներում նկատելի է սուբյեկտիվ մոտեցում, եւ իր նշած «բոլոր ձեռքբերումները» միայն կամ բացառապես վարչապետ Կարեն Կարապետյանի վաստակը չեն. մինչ այս էլ ունեցել ենք տարբեր վարչապետներ, կառավարություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք իրենց գործունեությամբ հասցրել են այս վիճակին, մեր զրուցակիցն ասաց, որ համաձայն է. «Սակայն Կարեն Կարապետյանի մուտքը, որպես վարչապետ, հույսեր ներշնչեց, Կարեն Կարապետյանը խոստումներ տվեց»: Դիտարկմանն էլ՝ խոստումներ բոլորն են տվել, հակադարձեց. «Կարեն Կարապետյանը նոր պատմական ժամանակաշրջանում, նոր ընտրությունների, նոր Սահմանադրությամբ օժտված իր իրավունքներով ու պարտականություններով պետք է նոր խոսք ու տեմպ հաղորդեր: Նա դա չարեց: Նա արժանացավ ժողովրդի հավանությանն ու վստահությանը եւ դաժանորեն չարդարացրեց սպասելիքները»: Վոլոդյա Հովհաննիսյանը համաձայն չէ մեր դիտարկման հետ, որ գուցե ժողովրդի սպասելիքները համաչափ չէին նոր վարչապետ Կարեն Կարապետյանի կարողությունների հետ: «Ոչ, ժողովրդի սպասելիքները այնքան էին, որքան Կարեն Կարապետյանը խոստացել էր: Եվ եթե Կարեն Կարապետյանը իր խոստումները չի կատարել, դա ծանր բարոյական հարված է ժողովրդին ու բացասական է բնութագրում հենց Կարեն Կարապետյանին»: «Առավոտի» հարցին՝ ճի՞շտ է համարում Հայաստանի 25 տարիների քաղաքական եւ տնտեսական իշխանությունների մեղքերը բարդել Կարեն Կարապետյանի վրա եւ հարցերը համարել լուծված, Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց, որ Կարեն Կարապետյանը պատասխանատվություն պետք է կրի ի՛ր «մասնաբաժնի» համար. «Հիմնական պատասխանատուները պետք է լինեն Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, որոնք ճիշտ չեն կառավարել, եւ ստեղծվել է այս վիճակը: Սակայն այսօր գերխնդիրն այն է, որ այս պատմական ժամանակաշրջանում, երբ մենք պատերազմի շեմին ենք կանգնած, չպետք է ունենանք այնպիսի վարչապետ, որը մեր երկիրը տանում է դեպի կործանում»: Առավել մանրամասն Առավոտ օրաթերթի օգոստոսի 3-ի համարում

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am