Արցախում խաղը հետաքրքրանում է. Մոսկվան Վաշինգտոնի քայլին պետք է պատասխանի

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

«Դեսպան Ռիքերի նշանակումը վերահաստատում է մեր հանձնառությունը Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը», - Թվիթերում այս նշանակման մասին գրել է Բլինքենը: «Միացյալ Նահանգները հանձնառու է՝ օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ:

Դեսպան Ռիքերը նաև կհամագործակցի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կօգնի հեշտացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը: Դեսպան Ռիքերի նշանակումն այս ժամանակահատվածում վերահաստատում է նաև Վրաստանի վերաբերյալ Ժնևյան քննարկումներում Միացյալ Նահանգների դերի կարևորությունը», - նշվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Պետդեպարտամենտը նշում է, որ Ռիքերը դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ ունի Եվրոպայում և միջազգային կազմակերպություններում, մինչև վերջերս եղել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատարը, 2019թ. մարտից մինչև 2021-ի օգոստոսին՝ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի պաշտոնակատարը, տարբեր տարիների զբաղեցրել է Միլանում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսի, Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպանի, այլ պաշտոններ:

Մոտ երկու ամիս առաջ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահը Լորա Հոչլան է:

Այսպես, ԱՄՆ-ն նոր համանախագահ նշանակեց, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը արգելափակված է, սակայն Վաշինգտոնը պարբերաբար հիշեցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտության մասին:

Նկատենք, որ չնայած Վաշինգտոնի հավաստիացումներին, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը մի քանի անգամ հակադարձեց, թե բանակցային այդ ձևաչափն այլևս գոյություն չունի, և ղարաբաղյան վերջին պատերազմից հետո բանակցային այդ գործընթացի աշխատանքն անցյալում է մնացել։ Սերգեյ Լավրովի այդ հայտարարությունները տարօրինակ է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով՝ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այլ բան են արձանագրել այս տարվա ապրիլի 19-ի համատեղ հայտարարության մեջ:

Իսկ ահա պաշտոնական Բաքուն, ինչպես միշտ դեմ է ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանը: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ այլևս գոյություն չունի, համանախագահությանը պետք է «ուղարկել թոշակի»:

Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը, մինչդեռ, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ընդգծել էր՝ չնայած Ուկրաինայի շուրջ խորը տարաձայնություններին, Ամերիկան պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման։

Իսկ անցյալ շաբաթ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով այս ամսվա սկզբին Արցախում տեղի ունեցած բախումներին, որոնց հետևանքով հայկական կողմը 2 զոհ ունեցավ և 2 տասնյակի հասնող վիրավորներ, նշել էր, որ Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Երևանի ու Բաքվի միջև համապարփակ և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, երեկ հայտարարել է հիշեցրել է, որ լարվածության ընթացքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ: «Մենք հորդորել ենք անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար և խուսափել կողմերի միջև հետագա սրացումներից։ Լարվածության վերջին աճը, կարծում ենք, ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։ Ու թեև ականատես եղանք լարվածության թեժացման ու բռնությունների, բայց կշարունակենք հանձնառու մնալ կողմերի հետ մեր աշխատանքին», - նշել էր Փրայսը։

Բաքվից հնչող շարունակական հայտարարությունների ֆոնին, թե ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, իսկ Մինսկի խումբն այլևս գոյություն չունի, Պետքարտուղարության խոսնակը կրկին շեշտել է, որ Վաշինգտոնը շարունակելու է աշխատանքը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ օգնելու կողմերին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության: «Մենք կշարունակենք դա անել ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության համախոհների հետ և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` օգնելու երկրներին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության», - շեշտել է նա:

Բախումներից օրեր առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարել էր, թե «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա»։ Առաջընթացի փոխարեն, սակայն, կողմերը հաղորդել էին հրադադարի խախտումների ու երկուստեք զոհերի մասին։ «Այդ զարգացումներից հետո Վաշինգտոնը դեռ տեսնո՞ւմ է խաղաղության պատմական հնարավորություն», - հարցրել է լրագրողը։ «Անշուշտ, տեսնում ենք՝ չնայած հետընթացին։ Մենք միշտ գիտակցել ենք, որ սա ուղիղ գծով զարգացող գործընթաց չի լինելու։ Հավատում ենք, որ շարունակվող երկխոսությամբ, այդ թվում՝ բարձր մակարդակի շփումներով, կարողանանք օգնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղության առաջխաղացմանը», - արձագանքել է Նեդ Փրայսը:

Պետդեպարտամենտի խոսնակը, սակայն, չէր հստակեցրել, թե ինչն է Վաշինգտոնին նման լավատեսության հիմք տվել։ Հայտնի է, որ վերջին լարվածությունից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղարը ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, այլև Թուրքիայի արտգործնախարարի հետ էր զրուցել։ «Միացյալ Նահանգները շատ է կարևորում նաև հայ-թուրքական հաշտեցման գործընթացը»,- շաբաթներ առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին` ընդգծելով, որ այս ուղղությամբ առաջընթացը դրական կարող է ազդել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։ «Դուք ականատես եք` դիվանագիտական մեծ ներգրավվածություն կա, և ոչ միայն Միացյալ Նահանգներից:

Եվրոպական միության մեր գործընկերները ևս ներգրավված են, ինչպես նաև այլք։ Եվ ես կարծում եմ, որ դա շատ օգտակար է այս թափը պահպանելու համար և հասկանալու, որ դրանք բարդ հարցեր են, և լուծումները հեշտ չեն լինի։ Բայց մենք պետք է համառենք», - նկատել էր նա:

Նույն հարցազրույցում ԱՄՆ դեսպանը նաև ասել էր, որ Վաշինգտոնը տեխնիկական աջակցություն է առաջարկում Երևանին և Բաքվին՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար։ Թե կոնկրետ ինչ աջակցության մասին է խոսքը, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը դեռ չեն մանրամասնել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3589 անգամ
Լրահոս
Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Հայաստանի իշխանությունները կարող էին եվրոպացիներից խնդրել ոստիկանական ուժեր՝ ընդդիմադիրների գրասենյակները շրջափակելու համար. Մանուկյան Ռուս-վրացական սահմանին մոտ 2000 բեռնատար է մնացել․ «Ինտերֆաքս» Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «ՎԱԶ 2104»-ը և «ՎԱԶ 21099»-ը․ կան վիրшվորներ Դատախազը դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Կատարվել է Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հnւղարկավորության արարողությունը. Մայր Աթոռ ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ». Ազատություն Եթե ԱՄՆ-ը խաղաղություն է ուզում, ապա պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի, այլ ոչ թե Ուկրաինայի վրա. Կալլաս Մեր հասարակությունն արժեքային խորը ճգնաժամի մեջ է, որի գլխավոր պատասխանատուն քաղաքական իշխանությունն է. քաղաքագետ Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am