Ալիևը կսպասի մինչև սեպտեմբերի 2-ը

Երեք ու կես ամսվա ընդմիջումից հետո Բրյուսելում կայացել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը՝ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մասնակցությամբ։

Հանդիպման մասին Twitter-ի իր էջում կարճ տեղեկություն հաղորդած եվրոպացի դիվանագետը մանրամասներ չի հայտնել բանակցությունների օրակարգի ու արդյունքների վերաբերյալ՝ ընդամենը գրելով «լավ և բովանդակային» քննարկման մասին։

Հանդիպումից մեկ օր անց էլ բրյուսելյան բանակցությունների մասին ոչինչ չեն հաղորդում Հայաստանի Անվտանգության խորհուրդը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմն ու Հաջիևը։

Գրիգորյան-Հաջիև նախորդ՝ մայիսի սկզբին կայացած հանդիպումը ևս Կլաարի միջնորդությամբ էր։ Նախատեսվում էր հաջորդն անցկացնել հունիսի վերջին, սակայն ըստ Փաշինյանի, Բաքուն էր հրաժարվել հանդիպումից։

«Այսօր այդպիսի մի հանդիպում նախատեսված էր, բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է այդ հանդիպմանը մասնակցել: Այդ հանդիպումը նախատեսված էր Բրյուսելում՝ մեր կողմից Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով», - նշել է Փաշինյանը:

Մայիսի վերջին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ՝ դարձյալ Բրյուսելում կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների երրորդ հանդիպումը, որի արդյունքում Շառլ Միշելը հայտարարեց, թե հուլիսին կամ օգոստոսին անցկացվելու է չորրորդը։

Սակայն հայ-ադրբեջանական հանդիպումների փոխարեն՝ օգոստոսի սկզբին Արցախում վերսկսվեցին մարտական գործողությունները, որոնց հետևանքով հայկական կողմը համաձայնեց մինչև օգոստոսի 25-ը հանձնել Բերձորը, Աղավնոն ու Սուսը։
Ակնհայտ է, որ վերջին ամիսներին Բաքուն հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգի «թեժ» կետերից Արցախում հայկական զինված ուժերի մնալու հարցն է ու Բաքուն աշխատում է լուծել այդ խնդիրը՝ նաև Ռուսաստանի հետ։

Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը նախորդ շաբաթ հայտարարեց, թե ծրագրում են մինչև օգոստոսի վերջ Մոսկվայում կազմակերպել հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպում։ Ռուս դիվանագետը մանրամասներ չհայտնեց։ Առայժմ նորություն չկա ռուսական միջնորդությամբ հնարավոր այդ հանդիպման մասին։

Ադրբեջանի իրենց գործընկերների հետ հնարավոր հանդիպումների մասին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Արտգործնախարարությունը «Ազատության» հարցումներին արձագանքել են, թե կառավարության ղեկավարի ու նախարարի հանդիպումների վերաբերյալ պատշաճ կտեղեկացվի։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից օրերս «Ազատությանը» վերահաստատել են, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովների հաջորդ հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ Մոսկվայում, սակայն «ձևավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ»։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ը նախագիծ է դրել շրջանառության մեջ...

Երեք նոր անցակետեր հայ - ադրբեջանական սահմանին. ԱԱԾ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից երկու շաբաթ անց իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում, շրջանառության մեջ դրեց նախագիծ, որով, ընդունման դեպքում, անցակետեր կտեղադրվեն Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի, ինչպես նախագծում է նշված՝ ադրբեջանական կողմից դեպի Քելբաջար, Արարատի մարզի Երասխ համայնքում՝ դեպի Սադարակ, Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա, դեպի Ղուբաթլու: Բոլոր երեքը, ըստ նախագծի, ավտոմոբիլային անցակետեր են լինելու։

Մի քանի շաբաթ առաջ Փաշինյանը հայտարարում էր՝ թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատել սահմանը, Հայաստանի օրենսդրությամբ դա կապահովվի: «Էսօր Ադրբեջանը մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան: Եթե բառացի և տառացի մեկնաբանենք, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ: Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Իջևանի հատվածով չէ:

Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք դա ապահովել, Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում: Մենք դա կարող ենք ապահովել Գորիսի հատվածում, որտեղ վաղուցվանից մաքսային ծառայության հսկողություն ունենք: Այս ընթացքում ոչ մի անգամ Ադրբեջանը չի օգտվել, չի էլ փորձել օգտվել: Չկա դեպք, երբ որ իրենք գան և ասեն, որ ուզում են հատեն, էդ կապը հաստատեն, և մենք խոչընդոտենք: Այդպիսի դեպք պարզապես գոյություն չունի», - ասել էր Փաշինյանը՝ շարունակելով. - «Բայց էլի եմ ասում՝ Հայաստանի Հանրապետության տարածքն է, և դա, բնականաբար, պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ինչ վերաբերում է հայտարարության այն կետին, որտեղ ասվում է, որ ազատ տեղաշարժ պետք է տեղի ունենա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ գրված է, որ ՀՀ քաղաքացիները ունեն ազատ տեղաշարժի իրավունք, դա չի նշանակում, որ էդ ազատ տեղաշարժը պետք է տեղի ունենա ՀՀ օրենսդրության շրջանցմամբ»:

ԱԱԾ-ը հիմնավորումներում հարկ է համարել նշել՝ նախագիծը պետք է ընդունվի հենց Փաշինյանի այդ հանձնարարականները կատարելու համար։ Փաստորեն, ԱԱԾ տնօրենը ստանձնեց պարտավորություն, որ պետք է երկու շաբաթում ապահովի իրավական ակտի ընդունումը, որը կերաշխավորի այդ նոր անցակետերով մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված անվտանգությունը։

Բայց թե մաքսային ինչ կարգավորումներ են գործելու, նախագիծը չի հստակեցնում։ Տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովը որևէ հրապարակային հայտարարություն չի արել, թե վերջնական համաձայնության են եկել ճանապարհների բացման հարցում։

Կա կարծիք, որ Հայաստանը փորձում է պրոակտիվություն ցուցաբերել՝ չեզոքացնելու «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին պնդումները։

Նախագիծը e-draft.am-ում հանրայնորեն քննարկման է դրվել մինչև սեպտեմբերի 2-ը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10645 անգամ
Լրահոս
Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am