Պատմամշակութային արգելոց-թանգարանների տոմսերի թանկացումն ինքնանպատակ չէ. Արա Թարվերդյան

ՀՀ մշակույթի նախարարի 2017թ. հունիսի 29- ի հրամանով նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների համար տոմսերի գնային նոր կարգ է հաստատվել: Դա ենթադրում է գների փոփոխություն բոլոր թանգարաններում: Հուլիսի 31-ից մամուլում ակտիվ շրջանառվում է «Գառնի» արգելոց- թանգարանի տոմսի արժեքի բարձրացման հարցը: Որքան կվճարի ՀՀ քաղաքացին կամ օտարերկրյա զբոսաշրջիկը այսուհետ, ինչով է պայմանավորված սակագնի բարձրացումը, ինչ նոր ծառայություններ կմատուցվեն այցելուներին: «Արմենպրես»-ի հարցերին պատասխանել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: -Պարոն Թարվերդյան, հավաստի են արդյոք խոսակցությունները, որ բարձրացել է «Գառնի» պատմամշակութային արգելոց- թանգարանի տոմսի արժեքը և որքան կվճարի այսօր Գառնի կամ Զվարթնոց այցելող քաղաքացին: -Շնորհակալություն ընձեռած հնարավորության համար: Իսկապես հանրության շրջանում իրարանցում է առաջացրել այդ լուրը, հետևաբար նաև պարզաբանման կարիք կա: Գոյություն ունի տոմսերի վաճառքի տարբերակված մոտեցում: Մինչ այժմ տեղացիների համար տոմսի արժեքը 250 ՀՀ դրամ էր, արտասահմանցիների համար` 1000 ՀՀ դրամ: Ներկայում տեղացիների համար 500 ՀՀ դրամ է սահմանվել, օտարերկրացիների համար` 1500 դրամ: Հենց սկզբից կուզեի նշել, թե որքան կծախսի արտասահմանցին մեր երկրում թող չմտահոգի տեղացիներիս: Ավելին, այս դեպքում պետք է առաջնորդվել «որքան շատ, այնքան լավ» սկզբունքով: Ինչու են բարձրացել տոմսերի գները: Խնդիրն այն է, որ այս տարվա մարտ ամսից սկսած ՊՈԱԿ-ը նոր քաղաքականություն է որդեգրել` առավել ակտիվ գործունեություն իրականացնել արգելոց-թանգարաններում, ինչը ենթադրում է ենթակառուցվածքների զարգացում և մշակութային կյանքի ակտիվացում: Ենթակառուցվածքների մասով կարող եմ ասել, որ Գառնիում ու Զվարթնոցում վերջին շրջանում այնպիսի աշխատանքներ են կատարվել, որոնք մինչ այժմ առհասարակ անուշադրության են եղել մատնված: Անգամ ընթացիկ վերանորոգման աշխատանքները, որոնք կարելի էր պատշաճ մակարդակով անել, արվել են այնպես, որ պարբերաբար կրկնվեն: Որպեսզի ասելիքս հասկանալի լինի մի օրինակ բերեմ. տարիներ շարունակ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի սպասարկման սրահի տանիքը նորոգման մշտական խնդիր է ունեցել: Ամեն գարուն այն նորոգվել է, մինչդեռ կարելի էր մեկ անգամ մի փոքր ավելի մեծ գումար ծախսելով որակյալ նորոգում ապահովել: Մենք դա արել ենք վերջերս ու համոզված եմ, որ երկար ժամանակով խնդիրը լուծվել է: Նույնը կարող եմ ասել «Գառնի» արգելոց-թանգարանի մասով: Շուրջ մեկ տարի ոռոգման համակարգը խափանված էր: Արգելոց-թանգարանը, սակայն, մի քանի օրից ոռոգման ջուր կունենա և Գառնու լանդշաֆտը առաջիկայում կշոյի այցելուների աչքը: -Կխնդրեի մանրամասնել հատկապես ինչ ծրագրերի մասին է խոսքը: -Գառնիում և Զվարթնոցում բազմաթիվ ծրագրեր ենք նախատեսում իրականացնել: Դրանք նախագծային փուլում են, ինչը ՊՈԱԿ-ի համար ֆինանսական լուրջ ծանրաբեռնվածություն է ենթադրում ու բնականաբար այդ ամենը տեսանելի չէ մեր հայրենակիցներին: Հեղինակավոր մի քանի կազմակերպությունների արդեն նախագծեր ենք պատվիրել, դրանք ևս բավականին լուրջ ծախսեր են ենթադրում: 2004 թ. Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է Գառնու բաղնիքի և խճանկարի հատվածը: Առանց նսեմացնելու որևէ շինարարի կամ ճարտարապետի աշխատանք պետք է ասեմ, որ պատշաճ մակարդակով չի արվել: Ամիրյանի աջակցությամբ այդ կարևոր խնդրին լուծում է տրվել: Արդեն պատրաստ է իտալացի ճարտարապետ Լուչիո Սպեկայի նախագիծը, որը չեմ վախենա ասել թանկարժեք նախագիծ է ու համապատասխանում է միջազգային ճարտարապետության ու արգելոց-թանգարաններին հարիր չափանիշներին: Այցելուներն առաջիկայում տարբեր դիտանկյուններից կարող են տեսնել բաղնիքը, խճանկարը: Մյուսը` հնադարանի կառուցումն է, որի համար ֆինանսներ են պետք: Այն իր մեջ կընդգրկի նաև ենթակառուցվածքներ, այդ թվում նաև` հուշանվերների խանութ: Գառնիում արդեն սկսել ենք սալահատակի վերանորոգումը: 1976 թ. սալահատակը բավականին մաշված էր, ինքս բազմաթիվ անգամներ ականատես եմ եղել, թե ինչ անհարմարություններ է ստեղծում այցելուների համար: Երկար տարիներ ոչ մեկի մտքով չի էլ անցել սահմանափակ կարողություններով անձանց համար դեպի սանհանգույց տանող ճանապարհի հարցը լուծել: Խնդիրը ևս մեր ուշադրության կենտրոնում է` այն կարող է թեքահարթակով լինել կամ էլ` կտեղադրվեն ժամանակակից ապակեպատ վերելակներ: Մեր հայրենակիցներից նաև դժգոհություններ ենք ստացել աղբամանների ու նստարանների մասով: Դիզայնը կա, բանակցում ենք արտադրողի հետ: Լանդշաֆտի դիզայն ենք նախատեսում նաև տաճարի դիմաց գտնվող փոքր խոտածածկ հատվածի համար: Հնարավորինս մանրամասնեցի որպեսզի հասկանալի լինի, որ տոմսի գնի թանկացումը ինքնանպատակ չէ: Իհարկե նաև բանակցություններ ենք վարում ներդրումային ծրագրերի իրականացման համար: -Պարոն Թարվերդյան բազմաթիվ ծրագրերից խոսեցիք, որոնց կյանքի կոչումն իսկապես մեծ գումարներ է պահանջում: Արդյոք տոմսերի գների բարձրացումը կօգնի դրանց լուծմանը: -Տոմսերի նոր սակագինը սահմանելիս հաշվի ենք առել հասարակության սոցիալական վիճակը: Իհարկե 250 դրամով տոմսը թանկացնելը չի կարող նպաստել ծախսերը հոգալուն, ինքնածախսածածկման դեպքում էլ` գոհ կլինենք: Այլ հարց է օտարերկրացիների համար նախատեսված սակագինը: Աշխարհի ոչ մի զարգացած երկրում 2 եվրոյին համարժեք գումարով չես կարող մտնել որևէ արգելոց-թանգարան: Եվրոպայում Գառնու տաճարին մի քանի անգամ զիջող արգելոց-թանգարանների մուտքի տոմսը 15 և ավելի եվրո է, առավելությունը` լավ ենթակառուցվածքներն են, որին, իհարկե, հասել են ծախսեր անելով ու եկամուտ ստանալով: -Վերադառնանք տոմսերի արժեքին: Խնդրում եմ հստակեցնել, թե որքան արժե ՀՀ քաղաքացու և օտարերկրացիների համար Գառնի այցելության տոմսը: -ԶԼՄ-ներում տեղ գտած իրարամերժ լուրերի առթիվ կխնդրեի համապարփակ ուսումնասիրել մեր գնային քաղաքականությունը, որը նոր ենք սահմանել: ՀՀ քաղաքացիները կվճարեն 500 ՀՀ դրամ, անփոփոխ է մնացել մինչև 18 տարեկան երեխաների տոմսի գումարը` 100 ՀՀ դրամ, մասնագիտական բուհերի համար 50 տոկոս զեղչ է նախատեսված: Արտոնություններ ենք սահմանել նաև կենսաթոշակառուների, արցախյան ու ապրիլյան քառօրյա պատերազմների մասնակիցների համար: Եթե նախկինում գիշերային լուսավորությամբ Գառնին տեսնելու համար այցելուն 1500 դրամ էր վճարում, ապա այժմ մի գին է` 500 ՀՀ դրամ: Այցելուն գումար է վճարում ինչ-որ բան տեսնելու համար: Դա նշանակում է, որ թանգարանի մուտքից արդեն նա պետք ինֆորմացիա ստանա, ինչը ենթադրում է ժամանակակից չափանիշներին համապատասխան վահանակների տեղադրում: Բարձրացել ենք նաև էքսկուրսիոն տոմսերի գները: Մենք իսկապես արժևորում ենք էքսկուրսավարի աշխատանքը, մասնագիտությունը: Էքսկուրսավարը նաև հայոց պատմությանը, օտար լեզվին տիրապետող որակյալ կադր է և կարծում եմ, որ այն պետք է բավականին գրավիչ, բարձր վարձատրվող ու լուրջ պահանջարկ ունեցող մասնագիտություն դառնա: ՀՀ մշակույթի նախարարությունը որպես քաղաքականություն ձևավորող մարմին գնային «միջանցք» է տվել ՊՈԱԿ- ին սակագին սահմանելու հարցում: Չի բացառվում, որ զբոսաշրջային պասիվ շրջանում ժամանակավոր նաև գնային անկում լինի կամ` հակառակը: Սա պարզ տնտեսագիտություն է` առաջարկի ու պահանջարկի օրենքն է: -Պարոն Թարվերդյան «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ևս ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից է: Հավաստի են արդյոք լուրերը, որ Մեծամորի այցելուներն էլ արդեն տոմս պետք է գնեն: -Այո, Մեծամորում տոմսային տնտեսությունը վերագործարկվում է: ՊՈԱԿ-ը ծախսային ծանրաբեռնվածություն ունի նաև այս արգելոց-թանգարանի ծրագրերի իրականացման մասով: Մեծամորի այցելուների համար սահմանված սակագինը հետևյալն է` 250 դրամ ՀՀ քաղաքացիների, 1000 ՀՀ դրամ` օտարերկրացիների և 100 ՀՀ դրամ դպրոցականների համար: Հայերեն էքսկուրսիայի համար կվճարեն` 1500, օտար լեզվով` 2500 ՀՀ դրամ: Կարծում եմ հետագայում ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող բոլոր արգելոց-թանգարանները` «Արփի», «Գլաձորի համալսարան» և մյուսները ևս կանցնեն տոմսային համակարգի: Մի քանի ամիս առաջ կառավարության որոշմամբ դրանց թիվն ավելացավ նաև «Ամբերդ» և «Բերդ» արգելոցներով: Մեր ուշադրության կենտրոնում է նաև Ամբերդ ամրոցի նորոգումը: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի իրավասությունների շրջանակում հուշարձանների պահպանությունն է, նաև նորոգման ու ամրակայման նախագծային աշխատանքների կազմակերպումը, ինչը կրկնում եմ մեծ գումարներ է պահանջում: «Արմենպրես»

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am