Ում ձեռքում է Կիևի ճակատագիրը
Ֆրանսիան, Գերմանիան և Եվրամիությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային գործընկերներ պատրաստ են աջակցել Ուկրաինային պետության, տնտեսության և հասարակության արդիականացման գործում: Այս մասին «Deutsche Welle»-ի հաղորդմամբ հայտարարել են Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ու Ժան-Մարկ Էյրոն «Frankfurter Allgemeine Zeitung» պարբերականում հրատարակված համատեղ սյունակում: «Մեր աջակցության ու համաձայնության դիմաց մենք ակնկալում ենք, որ Ուկրաինայի վճռորոշ քաղաքական ուժերը շարունակեն բարեփոխումների ուղին: Այս իմաստով Ուկրաինան միջազգային հանրության հետ պակտ է ստորագրել ապագայի համար»,-նշվում է հրապարակման մեջ: Ըստ եվրոպացի արտգործնախարարների` Ուկրաինայի ղեկավարության ուսերին քաղաքական ու պատմական հսկայական պատասխանատվություն է դրված այն հույսերի ու ակնկալիքների իրականացման հարցում, հանուն որոնց իշխանությունն այդ ստացել է ուկրաինացի ժողովրդի ձայնը: «Ուկրաինան պետք է դառնա եվրոպական ընտանիքի պատասխանատու և հուսալի անդամ, և հիմա ամեն ինչ կախված է Կիևի իշխանություններից»,-ընդգծել են Շտայնմայերն ու Էյրոնը: Ըստ արտգործնախարարների` ամբողջ աշխարը հետևում է Ուկրաինայի քաղաքական կուրսի շուրջ ծավալվող պայքարին: «Ով էլ ելույթ ունենա Ուկրաինայի Գերագույն ռադայում, ով էլ հրապարակային հայտարարություններով հանդես գա Ուկրաինայում, պետք է գիտակցի, որ հանդես է գալիս համաեվրոպական ամբիոնից»,-նշված է համատեղ սյունակում:
