Բաքվի «մեծահոգությունը» Հայաստանի ուղղությամբ ու խորամանկ «տրյուկը»

Հայաստանը ձգձգում է «Զանգեզուրի միջանցքի» հարցով ստանձնած պարտավորությունների կատարումը, երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ Բաքուն ամեն դեպքում տրանսպորտային հաղորդակցություն կհաստատի Նախիջևանի հետ։ «Արդեն մեկնարկել է Արազ գետով անցնող առաջին կամրջի շինարարությունը։ Այսինքն` մենք Նախիջևանի հետ տրանսպորտային կապի այլընտրանք ունենք»,- Բայրամովի խոսքերն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը հավելել է, թե «պարզապես Հայաստանին հնարավորություն է տրվել, որպեսզի դուրս չմնա տարածաշրջանային համագործակցությունից, և եթե Երևանը սխալ որոշում կայացնի, ապա կվնասի ինքն իրեն»։

Այսինքն, ըստ էության, պաշտոնական Բաքուն մի նոր թեմա է նետել քննարկման, թե Նախիջևանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը, և այդ նպատակով, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը:

Սա, ըստ երևույթին, շեղող հայտարարություն է, որով Բաքուն ուզում է հիմնավորել Հայաստանի «ապակառուցողական» կեցվածքը, որի հիմքում էլ Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են Հայաստանին մեղադրել: Իսկ հիմնական «պատճառաբանությունը» իսկապես ծիծաղելի է, թե Հայաստանին հնարավորություն են տալիս, որպեսզի դուրս չմնանք տարածաշրջանային համագործակցությունից...

Ու սա արվում է այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին ապահովել, որ ադրբեջանական կողմը կարողանա անարգել անցնել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան: Միաժամանակ, նա ընդգծեց, որ դա պիտի լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: «Մենք այս ընթացքում ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել, Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու: Մենք ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել, այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջևան: Հենց այսօր», - նշեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերջին կետը նշում է, որ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև` քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Ադրբեջանական կողմից պնդում են, թե անխոչընդոտ տեղաշարժ նշանակում է, որ հայկական կողմը չպետք է որևէ վերահսկողություն իրականացնի:

Ամիսներ առաջ, մասնավորապես, այդ մասին խոսել էր Ադրբեջանի նախագահը Բրյուսելում`պատասխանելով «Ազատության» հարցին: «Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանն ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք: Հայաստանը պետք է մեզ նույն անարգել մուտքը տա դեպի Զանգեզուրի միջանցք։

Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները։ Սա տրամաբանական է», - նշել էր Ալիևը։

Հայկական կողմը, մինչդեռ, հակադարձում է, թե ի տարբերություն Լաչինի միջանցքի` «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա: Անդրադառնալով ազատ տեղաշարժի մասին դրույթին` Նիկոլ Փաշինյանն անցյալ շաբաթ հայտարարեց, թե դա էլ պետք է լինի Հայաստանի Սահմանադրության ու օրենսդրության շրջանակներում. «Ինչ վերաբերում է հայտարարության այն կետին, որտեղ ասվում է, որ ազատ տեղաշարժ պետք է տեղի ունենա, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ գրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ազատ տեղաշարժի իրավունք: Դա չի նշանակում, որ այդ ազատ տեղաշարժը պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ շրջանցմամբ»:

Փաշինյանը նշեց, թե երկրորդ փուլի քննարկման հարց է, թե հատկապես որ կետերով է Բաքուն ուզում կազմակերպել տարանցումը: Կարևոր է արձանագրել, որ տեղում պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով անձնագրային, մաքսային և անվտանգության հսկողություն իրականացվի: Ընդ որում, խոսելով այս հսկողության մասին` Փաշինյանը նաև ռուսական կողմին հիշատակեց: Թե ռուսական կողմն ինչ դերակատարություն է ունենալու ինքնիշխան Հայաստանի տարածքով ադրբեջանական մարդատարների և բեռնատարների ընթացքն ապահովելու գործում, Փաշինյանը չհստակեցրեց։ «Թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատեն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն և, իհարկե, անվտանգության ապահովում, որը մենք երթևեկության անվտանգության ապահովում, որտեղ նաև ռուսաստանցի մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ամեն ինչը կարող ենք և պատրաստ ենք և կապահովենք: Որևէ կասկած դրանում չունենք», - հայտարարեց նա:

Ի դեպ, մոտ ամիսուկես առաջ «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի շուրջ կողմերը մոտ են հետևյալ պայմանավորվածության՝ նախ ռուսաստանյան սահմանապահ ծառայությունն է ստուգելու Հայաստանի տարածք մտնող ադրբեջանական բեռներն ու ուղևորներին, հետո՝ հայաստանյան մաքսային ծառայությունը, այնուհետև անցումն իրականացվելու է հայաստանյան հատուկ պահակախմբի ուղեկցությամբ, որի կազմում լինելու է ռուսաստանցի առնվազն մեկ սպա։ Այս մասին հրապարակումներ էին եղել նաև այլ լրատվամիջոցներում: Պաշտոնական Երևանը, սակայն, առայժմ այդ տեղեկությունները չի հաստատել, բայց և չի էլ հերքել:

Իսկ ինչպե՞ս է ապահովվելու Հայաստան - Արցախ կապը առաջիկա 8 ամիսների ընթացքում, մինչև որ եկող տարվա գարնանը հայկական կողմը ավարտի Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհի Կոռնիձորի հատվածի շինաշխատանքը: «4 կիլոմետրանոց հողային ճանապարհ կա, որը միանում է այս պահին գործող մայրուղուն. մի մասը` Հայաստանի, իսկ մյուս մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է: Մենք ժամանակավոր կերթևեկենք այդ 4 կմ-ով: Դա նույնպես միջանցքի տրամաբանությամբ կգործի, մինչև հիմնական ճանապարհի կառուցումը», - ըստ «Ազատության», ասել է Արցախի տարածքային կառավարման նախարարի օգնական Վիկոտրիա Պետրոսյանը: Նրա տեղեկացմամբ՝ հողային այս ճանապարհն էլ ռուս խաղաղապահների հսկողության տակ կլինի: Օգոստոսի 25-ից Արցախից Հայաստան երթևեկությունը կանցնի Հագարի գետի վրա ադրբեջանցիների կառուցած կամրջով: «Կամրջից անցնում ա, Աղավնոյի վերևով արդեն աջ ես անում արոտավայրերի, դաշտերի կողքով գնում ես», - ներկայացրել է Աղավնոյի բնակիչ Անուշ Առաքելյանը

Նորակառույց կամրջից այս կողմ, սակայն, միայն անորոշություն է, Աղավնոյի բնակիչները շեշտում են՝ ճանապարհը երթևեկելի չէ մարդատար մեքենաների համար: «Էս պահին անցանելի չի, բայց դե պիտի աշխատանքներ կտարվեն. ցածր մեքենաներ չեն կարա գնան», - նշել է Աղավնոյի բնակիչ Կարեն Հակոբյանը: 4 կիլոմետրանոց այս ճանապարհը ժամանակավոր է, բայց որպեսզի այն իսկապես ծառայի մարդկանց, պետք է բարեկարգվի: Թե՛ Կոռնիձորի ու թե՛ Աղավնոյի բնակիչներն ասում են՝ որևէ աշխատանք առայժմ չի կատարվում: Դիմեցինք Հայաստանի ճանապարհային դեպարտամենտ՝ ճշտելու արդյոք ծրագրում են կարգի բերել այն արահետը, որ 15 օրից միակ կապն է լինելու Հայաստանի ու Արցախի միջև, պատասխանեցին՝ Ճանապարհային դեպարտամենտն այդ մասին տեղեկություն չունի: Արցախից էլ պատասխանը միայն հարցեր է առաջացնում: «Հնարավորինս աշխատանքներ են տարվում, որպեսզի կարողանանք 25-ից հետո, գոնե, դրանով երթևեկել, մինչև հիմնական ճանապարհը կառուցվի, ամեն բան կարվի», - ասել է Վիկտորիա Պետրոսյանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3163 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am