Կրեմլը «մտահոգված» է, խորհուրդ են տալիս սպասել՝ Պուտին-Էրդողան վաղվա հանդիպմանը

Իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, այսօր կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ պիտի աշխատեն այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Սրացմամբ Ադրբեջանը մի նպատակ ունի՝ վերացնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և խուսափել արձանագրված իրողությունների ամրագրումից՝ Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք, նշեց նա՝ շեշտելով՝ այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը։ «Հայաստանը կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները, Ադրբեջանն էլ պետք է կատարի իր երեք պարտավորությունները՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, պիտի հարգի Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը և պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապը ապահովող կարևորագույն ինստիտուտն է», - ասաց նա՝ հավելելով՝ հակառակ պարագայում Հայաստանը պետք է դիմի միջազգային մեխանիզմների գործարկմանը, որպեսզի դրանցով Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները։

«Եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի»

Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, ասաց Փաշինյանը՝ այն ևս համարելով եռակողմ հայտարարության կոպիտ խախտում. «Իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները և հետևաբար գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը։ Ադրբեջանի նման ձևակերպումը և հայտարարությունները նույնպես եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են»։
Վկայակոչելով նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, որում ասվում է, որ «կողմերի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում, մինչև 2023թ. նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար», Փաշինյանը վերահաստատեց՝ եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և հայկական կողմը մի քանի անգամ առաջարկել է և հիմա էլ առաջարկում է հաստատել եռակողմ ֆորմատով պլան։ «Խոսքը ոչ թե նոր ճանապարհի կառուցման, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին է, որը եռակողմ գործընթաց է, բարդ գործընթաց է, մեզ նման պլանի նախագիծ չի էլ ներկայացվել», - ասաց նա։

Շփման գծի լարվածության այս ֆոնին Ստեփանակերտը հայտնեց, որ Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Թե ի՞նչ ժամկետներում ու արդյոք հայկական կողմը համաձայն է ադրբեջանական կողմի պահանջին, չէր հստակեցվել։ Երեկ Արցախի նախագահականից էլ չպարզաբանեցին։
Բաքվի պահանջին ավելի ուշ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ՝ հայտարարելով, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։ Գրիգորյանը նաև նշեց, որ Հայաստանն արդեն իսկ առաջարկել է եռակողմ ձևաչափով համաձայնեցնել և ստորագրել պլանն ու համաձայնեցված ժամանակացույցով ու ճանապարհային քարտեզով գնալ առաջ: «Դա այն է, ինչ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ», - ասել է Ա.Գրիգորյանը՝ չհստակեցնելով, թե Հայաստանի առաջարկած ժամանակացույցը ինչ ժամկետներ է ենթադրում։

«ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա»

Անդրադառնալով Բաքվի մեկ այլ շահարկմանը, թե Հայաստանը դուրս չի բերել իր զինված ուժերն Արցախից՝ Փաշինյանն այսօր վստահեցրեց՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա։ Արցախում Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պետք է դուրս հանի զորքերը Լեռնային Ղարաբաղից և ապահովի հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև՝ վկայակոչելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը։

Խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտում

Ռուսաստանի խաղաղապահների ներկայությամբ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը, խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը, պարզապես անընդունելի են, այսօր ասաց Փաշինյանը՝ խիստ անհրաժեշտ համարելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Նա խոստովանեց՝ սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, բայց գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։

«Մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ ՀՀ-ՌԴ ստորագրությունները բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, հակառակ դեպքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ:

Վկայակոչելով եռակողմ հայտարարության 3-րդ կետը՝ Փաշինյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են խաղաղապահ ուժերը. «Հենց այս տարածքն է կոչվում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, և մենք ակնկալում ենք, որ շփման գծի ցանկացած փորձ կասեցվի խաղաղապահ խմբի կողմից իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն»։

Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։ Բաքուն, սակայն պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

Ադրբեջանի նախագահի մեկ այլ դժգոհությանը, թե ինչու են Պաշտպանության բանակի զինվորները տեղակայված շփման գծի երկայնքով, Փաշինյանն այսպես արձագանքեց՝ եթե Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, Պաշտպանության բանակը մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ «Նման անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է», - ասաց գործադիրի ղեկավարը։

Կրեմլը ինչպես միշտ՝ «մտահոգված է»

Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ «Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ և կողմերին զսպվածության ու եռակողմ պայմանավորվածությունների իրականացման կոչ է անում»։ Պեսկովը նաև ասել է, որ վաղը Սոչիում կայանալիք հանդիպմանը Պուտինն ու Էրդողանը կարող են կարծիքներ փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։

ՀԱՊԿ-ը կոչ է անում կողմերին՝ տարաձայնությունները հաղթահարել բացառապես դիվանագիտական մեթոդներով

ՀԱՊԿ քարտուղարությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ցավակցություն հայտնելով զոհված զինվորների ընտանիքներին և հարազատներին։ «Կոչ ենք անում հակամարտող կողմերին՝ զերծ մնալ ուժի կիրառումից և օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու համար», - ասված է Զասի հայտարարությունում։

ԱՄՆ Պետդեպը լարվածությունն անհապաղ թուլացնելու կոչ է անում

Միացյալ Նահանգները հայտարարում է, որ խորապես մտահոգված է և ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների։ «Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը» ,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում։

ԵՄ-ն կողմերին կոչ է անում՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները, ասվում է Եվրոպական միության արտաքին գործերի ծառայության հայտարարության մեջ։ «Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք բռնկվել են Ադրբեջանի և Հայաստանի ուժերի միջև Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ մասերում: Ցավոք, այդ բախումներն արդեն հանգեցրել են մարդկային զոհերի և տուժածների», - ասվում է հայտարարության մեջ։ «Անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցային սեղան, որպեսզի դրանց հիման վրա գտնվեն իրավիճակի կարգավորման ուղիներ», - ասվում է նաև փաստաթղթում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1646 անգամ
Լրահոս
Հրազդանի ԳԱՅ-ի նախկին պոստի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ները. կան վիրшվորներ Իսրայելը Գազայի հիվանդանոցին կրկնակի հարվածելու դեպքով հետաքննություն է անցկացրել Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսը Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության օրը, սպասվում է հանրահավաք Խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից խթան է հանդիսացել «խաղաղության գործընթացին»․ Բայրամով Վախի աչքերը մեծ են լինում: Երկու վախն էլ մի մահ է Փաստացի փրկվել ենք մահից. ուղևորը պատմել է Փարիզ-Երևան չվերթը սպասարկող օդանավի անսարքության մասին. abcmedia.am Արտահոսած զեկույց. 44-օրյա պատերազմում Ադրբեջանը բելառուսական զենքով հայկական 11 ԱԹՍ է խոցել. Hetq.am ՆԳՆ պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել Իրանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները միջուկային հարցի շուրջ Լիբանանում նախատեսում են մինչև տարեվերջ զինաթափել բոլոր կիսառազմական խմբավորումներին Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կnրծանիչ արտադրող 4-րդ երկիրը ՌԴ-ն Հայաստանի հետ նավիգացիոն կնիքների կիրառման նախագիծ կիրականացնի ԱՄՆ-ն ամրապնդվում է Հարավային Կովկասում, Իրանը դա համարում է սպառնալիք, իսկ Մոսկվան զգուշանում է․ Washington Times Չնայած բոլոր դժվարություններին, անհամաձայնություններին Ալիևի պահանջը ընդունվել է Հայաստանի կողմից. Ասադով Տնային կալանքը չի կարող դիտվել որպես վերջնական արդարացում, սա ընդամենը նվազ վնասակար միջոց է. Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմ Ադրբեջանի հատուկ ջոկատայինները Թուրքիայում վերապարտրաստում են անցնում Ադրբեջանը օկուպացված Արցախում ոչնչացրել է Հովհաննես Այվազովկսու հուշարձանը Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Սահմանադրությունը՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար 15․000 պայուսակ, 15․000 ժպիտ․ ինչու՞ է իշխանությունը փորձում սևացնել Կարապետյանի նախաձեռնությունը Բաքուն ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը, պետք է կանխել․ դիմում՝ Գերմանիային ԵՄ-ն օգոստոսի 28-30-ը կքննարկի Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Ձերբակալվել է Արագածոտնի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկի օգնականը Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը» Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից մոտ 50 պաղեստինցի է զոհվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am