Գործարքի տերերը. «Տեխնիկական աջակցություն»՝ հայ-ադրբեջանական տրանսպորտային ապաշրջափակմանը

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ ունեցավ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ ու նշեց, թե տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, և Վաշինգտոնի օժանդակությունը հայտնեց հայ-ադրբեջանական հաղորդակցական ուղիների վերաբացման գործում, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն էլ շարունակել է զարգացնել թեման...

ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը, «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին:

ԱՄՆ-ի ընկալումն է, որ «պատմական հնարավորություն ունենք առաջընթաց գրանցելու՝ տարածաշրջանում շատ երկարատև հակամարտության կայուն և համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ», նույն գնահատականներն է տվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։ Ապա, հավելել է, թե՝ «դա չի նշանակում, որ հեշտ է լինելու»։ Դժվար է լինելու, բայց Վաշինգտոնը՝ «միևնույն ժամանակ այլընտրանք չի տեսնում, քան հետամուտ լինել և աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին՝ ուղիղ բանակցելու և փորձելու հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Դեսպանն ուղղակի ասել է. «Եվ մենք պատրաստվում ենք կենտրոնացած մնալ դրա վրա: Դիվանագիտական մեծ ներգրավվածություն կա, և ոչ միայն Միացյալ Նահանգներից: Եվրոպական միության մեր գործընկերները ևս ներգրավված են, ինչպես նաև ուրիշներ։ Եվ ես կարծում եմ, որ դա շատ օգտակար է այս թափը պահպանելու համար, և հասկանալու, որ դրանք բարդ հարցեր են, և լուծումները հեշտ չեն լինի։ Բայց մենք պետք է համառենք»:

Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարն առաջարկել է ԱՄՆ-ի աջակցությունը տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական կապերի դյուրացման գործում։ Լրագրողի հարցին՝ կմանրամասնե՞ք՝ ինչ օգնություն է առաջարկում Վաշինգտոնը, դեսպան Լին Թրեյսին մանրամասնել է. «Այն, ինչ մենք քննարկում ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ, որոշակի տեխնիկական աջակցությունն է, որոշ տեխնիկական գնահատականներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Մենք շատ ենք կարևորում այդ նպատակը։ Նշեմ, որ մյուս թեման, որին անդրադարձել է պետքարտուղարը, վերաբերում էր Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Այդ ուղղությունը ևս մենք շատ կարևոր ենք համարում: Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք մինչ այժմ արել են Հայաստանն ու Թուրքիան, և երկու կողմերին էլ կոչ ենք անում առաջընթաց գրանցել: Որովհետև մենք տեսնում ենք, որ այս հարցերից շատերը, ի վերջո, փոխկապակցված են և, երբ տեսնում ենք դրական քայլեր մեկ ուղղությամբ, դա կարող է ամրապնդել թափը՝ հասնելու տարածաշրջանում առավել լայն խաղաղության»:

Գալով հայ-թուրքական հարաբերություններին և լրագրողի դիտարկմանը, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են առաջ գնալ առանց նախապայմանների, սակայն Անկարան շարունակում է գործընթացը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Այս առիթով Լին Թրեյսին ասել է. «Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք փորձարկել առաջարկներն ու ներգրավվածությունները, փորձենք ոլորտները, որոնք առանձնացվել են Հայաստանի և Թուրքիայի կողմից։ Մենք նաև տեսել ենք լավ բանակցություններ հատուկ բանագնացների մակարդակով, որոնց արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշ սահմանային կետերի բացման վերաբերյալ: Մենք տեսել ենք որոշակի պայմանավորվածություն ուղիղ բեռնափոխադրումների վերաբերյալ: Մանրամասները պետք է մշակվեն, և կարծում եմ, որ այստեղ է, որ մենք կշարունակենք խրախուսել և՛ Հայաստանին, և՛ Թուրքիային առաջընթաց գրանցել և տեսնել, որ առաջընթացն այստեղ, ի վերջո, կարող է իր դրական ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական քննարկումներում»:

Ինչպես նկատում ենք՝ բացարձակ անորոշ ու լղոզված պատասխան և որևէ գնահատական չի հնչում Անկարայի կողմից շարունակաբար Հայաստանին նախապայմաններ հնչեցնելու բացահայտ քաղաքականությանը: Ընդ որում, վերջին թարմ նախապայմանը նախօրեին ներկայացրել է Թուրքիայի նախագահն՝ ասելով, թե Հայաստանը պետք է խոսքից՝ գործի անցնի, որպեսզը Անկարան բացի հայ-թուրքական սահմանը:

Այսինքն, էլ ուրիշ ի՞նչ ձև կարող է լինել նախապայմանը, եթե ոչ այսպիսին:
Ի դեպ, պաշտոնական Անկարայից հնչող այս հայտարարությունների ֆոնին նախօրեին հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Կարս՝ հայ-թուրքական սահման։

Հայ-թուրքական սահման թուրք պաշտոնյայի այցը ցույց է տալիս, որ պայմանավորվածություններն արդեն գործնական փուլ են մտնում, ասում է Հայաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Նա երեկ, սակայն, չհայտնեց, թե հայկական կողմը գործնականում ինչ քայլեր է ձեռնարկում սահմանը բացելու համար։ «Հայելային տրամաբանությամբ նույն հարցերը և պրակտիկ խնդիրները ենթադրվում է, որ առկա կլինեն թե՛ հայկական, թե՛ Թուրքիայի կողմից սահմանամերձ տարածքներում։ Եվ հաշվի առնելով, որ խոսքը, որ պայմանավորվածությունները ենթադրում են, այդ թվում նաև լոգիստիկ բնույթի խնդիրների լուծում, այո, բնականաբար, Հայաստանի կողմից ևս նմանատիպ գործընթացներ պետք է տեղի ունենան, և կարծում եմ` սա ողջունելի է և ցույց է տալիս, որ պայմանավորվածությունները արդեն գործնական փուլ են անցնում, և սա լավ նորություն է», - հայտարարեց Աղաջանյանը: Վերջինս նաև անդրադարձել Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և գործակցության առումով կիսում է Անկարայի տեսակետները։ Լրագրողները հետաքրքրվել էին՝ արդյոք դա նշանակում է, որ Երևանը դեմ չէ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը. «Չի կարող առկա լինել մտածելու, ենթադրելու, պնդելու, թե հայկական կողմը երբևէ որևէ պարագայում կարող է նույնիսկ քննարկման առարկա դիտարկել որպես «Զանգեզուրի միջանցքը»:

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանն, ըստ «Ազատության», անդրադառնալով Անկարայի հատուկ ներկայացուցչի հայ-թուրքական սահման այցին, ասում է՝ դա ցույց է տալիս, որ թուրքական կողմը պատրաստվում է սահմանը բացել։ Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր պատգամավորը նույն կամքը նաև հայկական կողմում է տեսնում։

«Կարծում եմ՝ Անկարայում անկեղծ ցանկություն կա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Ավելին, պարոն Փաշինյանի կառավարությունը ևս կամք ունի կարգավորելու այդ հարաբերությունները։ Այսպիսով, եթե կա կամք, ուրեմն նաև ճանապարհ կա, մենք պետք է դիտարկենք այդ ճանապարհները։ Իհարկե, Ադրբեջանը դերակատարում ունի այս գործընթացում», - ասաց նա։

Անկարայից հնչող հայտարարությունները հաշվի առնելով` Փայլանն ասում է՝ կարգավորման գործընթացն առանց խոչընդոտների չի լինի, հատկապես, որ Թուրքիան այն կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Համոզված է՝ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորումը միաժամանակ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ է ընթանալու. «Այստեղ, այս գործընթացում միշտ էլ խոչընդոտներ կլինեն, որովհետև երեք երկրները ինչ-որ կերպ ազգայնական երկրներ են և կանխակալ վերաբերմունք ունեն իրար նկատմամբ», - հավելեց պատգամավորը:
Չնայած առկա խոչընդոտներին` Փայլանը կարծում է, որ կողմերը մոտակա ամիսներին կնորոգեն ու կվերականգնեն ճանապարհները, կամուրջներն, ու սահմանը կբացվի այլ երկրների քաղաքացիների համար։

Հայաստանի և Թուրքիայի բանագնացները վերջին հանդիպման ընթացքում՝ այս ամսվա սկզբին, պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև հնարավորություն տալ երկու երկրների միջև իրականացնելու ուղիղ օդային բեռնափոխադրումներ։ Թուրքիայի և Հայաստանի առաջնորդներն էլ հեռախոսազրույցի ընթացքում հույս էին հայտնել, որ այդ պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: Բայց ոչ Երևանը, ոչ էլ Անկարան հստակ ժամկետներ չեն նշում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1189 անգամ
Լրահոս
Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am