Ալիևի նավթն ու գազը՝ ԵՄ-ին լռեցնելու միջոց. իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնությունները՝ կարծիք հայտնելով, որ կապույտ վառելիքի մատակարման դիմաց Ադրբեջանը ԵՄ-ին ստիպում է փակել աչքերը մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա։

Բրիտանական The Guardian-ը, հղում անելով Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանը, գրել է, որ ԵՄ-ը չպետք է ոչ հուշագիր, ոչ էլ նոր երկկողմ համաձայնագիր կնքեր Ադրբեջանի հետ՝ առանց քաղաքական բարեփոխումների պահանջ ներկայացնելու։ Հեղինակավոր կազմակերպությունը մասնավորապես ընդգծել է, որ ԵՄ-ը Բաքվից պետք է պահանջեր ազատ արձակել բազմաթիվ քաղբանտարկյալներին, փոխել հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների խիստ սահմանափակումների վերաբերյալ օրենքները, հայտնում է «Ազատությունը»։

Շաբաթվա սկզբին Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ փաստացի ընդգծելով, որ սա այլընտրանք կլինի ռուսական գազին։ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ այս հուշագիրն է՛լ ավելի է ամրապնդում Բաքու-Բրյուսել էներգետիկ գործընկերությունը:

Երկկողմ նոր համաձայնագրի շուրջ աշխատանքները շուտով կավարտվեն, և արդեն հաջորդ տարի նախատեսվում է 12 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ հասցնել Եվրամիություն՝ նվազեցնելով կախումը ռուսականից և զգալիորեն ապահովելով մատակարարումների անվտանգությունը:

2021-ին Ռուսաստանից դեպի Եվրամիություն 155 մլրդ խորանարդ մետր գազ է արտահանվել, ինչը կազմում է գազի ընդհանուր սպառման 40 տոկոսը: Բրյուսելը ծրագրում է մինչև 2027 թվականը Ադրբեջանից «Հարավային գազային միջանցքով» տարեկան առնվազն 20 մլրդ խորանարդ մետր գազ հասցնել Եվրամիություն։

Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Ֆիլիպ Դամը, The Guardian-ի փոխանցմամբ, վստահ է՝ «Ադրբեջանը նավթն ու գազն օգտագործում է ԵՄ-ին հիմնարար իրավունքների հարցերում լռեցնելու համար»։ «Իրականությունն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները հայտնի են կոռուպցիան հետաքննող քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշումներ գործադրելով, հատկապես երբ խոսքը նավթի և գազի մասին է», - ասել է Դամը:

Ըստ Human Rights Watch-ի՝ մարտին բանտից ազատ են արձակվել ադրբեջանական ընդդիմության մոտ 40 առաջնորդներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության առաջնորդներ, սակայն տասնյակ մարդկանց դեռ շարունակում են ապօրինաբար անազատության մեջ պահել։ Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծել է նաև, որ բազմաթիվ են խոշտանգումների և բռնությունների դեպքերն անազատության մեջ:

The Guardian-ը միևնույն ժամանակ զուգահեռներ է անցկացնում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանին անվանել է «կարևոր» և «հուսալի» մատակարար, մինչդեռ իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է՝ «ԵՄ-ը չպետք է ասի, որ երկիրը վստահելի է, երբ այն սահմանափակում է քաղաքացիական հասարակության խմբերի գործունեությունը և ջախջախում քաղաքական այլախոհությունը»:

Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակալիստերն էլ երեկ իր հերթին նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը Բաքու վկայում է Եվրամիության և Ադրբեջանի հարաբերությունների կարևորության մասին։ Այդուհանդերձ, դա չէր զսպել Ալիևին՝ իր դժգոհությունը հայտնելու, իր ձևակերպմամբ, Եվրախորհրդարանի ընդունած հակաադրբեջանական բանաձևերից։

Եվրամիության և Ադրբեջանի գազային գործարքի մասին իր տարակուսանքն է հայտնել նաև Amnesty International-ի բրյուսելյան գրասենյակի տնօրեն Իվ Գեդին։ The Guardian-ը մեջբերել է կազմակերպության տնօրենի խոսքերը. - «Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ հիշեցում է այն մասին, որ ռեպրեսիվ և ոչ հաշվետու ռեժիմները հազվադեպ են հուսալի գործընկեր լինում, և որ կարճաժամկետ նպատակները նախընտրելը վնաս է մարդու իրավունքներին, դա աղետի դեղատոմսն է»։

Հիշեցնենք, որ ԵՄ-Ադրբեջան գործարքի նախաշեմին, երբ Բաքվում էր Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակալիստերի գլխավորած պատվիրակությունը, Ալիեևը հայտարարեց, թե Եվրախորհրդարանի հակաադրբեջանական բանաձևերը չեն խանգարում Բաքվին լավ հարաբերություններ ունենալ Բրյուսելի հետ:

Ալիևը հիշել էր, որ վերջին անգամ Եվրախորհրդարանի պատվիրակությունը Ադրբեջանում եղել է 2018-ին, ասել է, թե նույնիսկ փոքր-ինչ զարմացել է, երբ լսել է նրանց այցի մասին: «Եվրախորհրդարանի որոշ անդամների դիրքորոշումը բացարձակ անընդունելի է: Մեր հասցեին հնչել են մեղադրանքներ, վիրավորանքներ և տարածվել է սուտ տեղեկատվություն։ Ես նույնիսկ մոռացել եմ հակաադրբեջանական բանաձևերի քանակը, որոնք ընդունել է Եվրախորհրդարանը տարբեր ժամանակներում», - ասել է Ալիևը:

Ալիևը մատնանշել էր վերջին ամիսներին Եվրամիության օրենսդիր մարմնի պատգամավորների ճնշող մեծամասնության կողմից ընդունված բանաձևերից մեկը, որում կառույցը դատապարտել և կոշտ քննադատություն է հնչեցրել Ալիևի վարչակազմի հասցեին՝ հայկական մշակութային ժառանգությունը միտումնավոր ոչնչացնելու համար։ Եվրամիության օրենսդիր մարմինը մարտի սկզբին 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ քվեներով ընդունել էր Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձև:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը Ադրբեջանին կոչ էր արել դադարեցնել Ղարաբաղում հայոց պատմամշակութային կոթողների և եկեղեցիների ավերումը և հիշեցրել, որ ցանկացած կոթողի ոչնչացում կամ դրա ինքնության և պատկանելության աղավաղում հակասում է Եվրամիության սկզբունքներին:

Այս առիթով, Ալիևը տարակուսել էր, թե հաշվի առնելով Եվրամիության հետ դրական հարաբերությունները, Եվրախորհրդարանի գործելակերպը անհասկանալի է: Ալիևը նույնիսկ ասել է, թե Եվրախորհրդարանի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ ավելի ագրեսիվ է, քան Հայաստանի խորհրդարանի: Ադրբեջանի նախագահի խոսքով, երբեմն տպավորություն է ստեղծվում, թե հակաադրբեջանական բանաձևերի հետևում Հայաստանի խորհրդարանը կամ գուցե որոշ հայկական լոբբիստական խմբեր են կանգնած: «Չնայած Եվրախորհրդարանի որոշ անդամների փորձերին՝ հնարավոր չէ մեկուսացնել Եվրոպան Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը՝ Եվրոպայից», - ասել էր Ալիևը:

Փաստորեն, Ալիևը անթաքույց գործարք առաջարկեց ԵՄ-ին՝  մեր նավթն ու գազը՝ ձեր լռության դիմաց: Որքան էլ իրավապաշտպան կազմակերպությունները քննադատեն Ադրբեջանում բռնատիրությունը՝ որոշում կայացնելու են եվրոպացի պաշտոնյաները...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 970 անգամ
Լրահոս
«Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ «Հո դուք անшսուն չեք․ կողքի սենյակում դիшկներ են, դուք քեֆ եք անում»․ Հայկ Նահապետյանի կոշտ խոսքը (video) Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի․ Տիգրան Դումիկյան Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան Ծվեն-ծվեն կորցնում ենք հայրենիքը․ սխալվելու իրավունք այլևս չունենք․ մեր ժամանակը քիչ է․ Հովսեփյան (video) Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում Անկախության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video) Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից «Նիկոլի Սասո՛ւն, դե պատասխան տուր էսօրվա ասածիդ համար․ այդ ի՞նչ հողեր եք բա նվիրել Ադրբեջանին» (video) Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Հասմիկ Հակոբյա՛ն, դու ո՞վ ես, ի՞նչ ես էշ-էշ խոսում, կարո՞ղ է Պապիկյանի տեղն ես նստել». Նահապետյան (video) ՇՏԱՊ. Սպասեք աղետի․ ԿԲ նախագահը կործանարար հայտարարություն է տարածել. Զոհրաբյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին․ Լիտվայի ԱԳՆ «Ալիևն իրեն ճղում է, զանգել է Էրդողանին ու գիտե՞ք ինչ է պարզվել». Հայկ Նահապետյան (video) Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր խոսքերից՝ չարությունը. Խորեն Սրբազան Փաշինյա՛ն, խոսիր նրա մասին, թե ինչ մենք պետք է ստանանք․ոչ մի հող չի հանձնվելու Ադրբեջանին․Աբրահամյան (video) «Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am