Եթե դու արմյաշկա Խաչիկի նման չես ասում, թե «ես պատրաստ եմ զոհվել», այլ իրոք զոհվում ես այս պետության համար, ուրեմն դու հենց պետության քաղաքացի ես, ինչպիսին որ մեր սիրելի Արմենն էր

«Հրապարակի» զրուցակիցը գրող, դրամատուրգ, դերասան Վահրամ Սահակյանն է։


- Հանկարծամահ եղավ Ձեր ընկեր Արմեն Գրիգորյանը: Ի՞նչ գնահատական կտաք կատարվածին:

- Այո, Արմենը հանկարծամահ եղավ, բայց Արմենը հանկարծ չմահացավ, Արմենը վառվեց ու վառվեց երկարատեւ պայքարում, կռվի մեջ, կռվի պահին։ Նա կռիվ տվեց մեր պետության, մեր երկրի ու մեր քաղաքացիների ազատության համար։ Գուցե հիմա դուք կասեք, թե իբր որոշ քաղաքացիներ վիրավորվա՞ծ էին իրենց զգում Արմենի խոսքերից, բայց ես կասեմ. նման բան ասող քաղաքացի չի լինում։ Քաղաքացին լինում է պետությունը հարգող մարդ։ Ու ցանկացած մեկը, ով հիմա պայքարում է իշխանություն կոչվածի դեմ, պայքարում է պետության համար։ Ես նույնպես իմ ամբողջ կյանքում չեմ պայքարել ինչ-որ բանի դեմ, ես պայքարել եմ ինչ-որ բանի համար։ Իշխանությունն ի՞նչ է, որ մարդ դրա դեմ պայքարի, մարդը պայքարում է պետություն եւ հայրենիք ունենալու համար։ Մեր ընդդիմությունը նույնպես  պայքարում է պետության համար եւ իշխանության դեմ, այլ ոչ իշխանության համար ու պետության դեմ։ Ու եթե ոմանք սա չեն հասկանում, ուրեմն նրանք ունեն հոգեբանական, անձնային եւ վարքագծային խանգարումներ, պլյուս՝ մտավոր հետամնացություն, իսկ դա արդեն շիզոֆրենիայի նախանշան է։ Արիստոտելն ասել է․ «Քաղաքացին նա է, ով կարող է ե՛ւ տիրել, ե՛ւ ենթարկվել»։ Այսինքն՝ քաղաքացի է համարվում պետության մեջ ապրող մարդը։ Առանց պետության չի լինում քաղաքացի, առանց պետության գյուղացի էլ չի լինում, ասեմ՝ իմանաք։
Ցեղախմբերը դառնում են ազգ միայն պետության շնորհիվ։ Այն ազգերը, որոնք հիմա որպես ազգ գոյություն ունեն աշխարհում, նվազագույնը 800-500 տարվա պետական պատմություն ունեն, ու դա վերաբերում է վերջին 500-800 տարուն, ոչ թե անտիկ շրջանին կամ առաջին 1000-ամյակի սկզբներին։ Բացառություն է միայն Իսրայելը, որտեղ ժողովուրդը գիտակցեց, որ ամենաթանկ բանը պետությունն է, ու կարողացավ մի քանի տասնամյակում դառնալ աշխարհի հզորներից մեկը։ Իսկ պետություն ունեցող, սիրող եւ հարգող ազգը չի կարող ստորություն անել։ Դա կարող է անել միայն ցեղախումբը։

- Ունենք մի իրավիճակ, երբ հասարակությունը հրճվում է մարդու մահով: Երբեւէ մեր հասարակությունն այսքան չարացած եղե՞լ է: Ո՞նց եք վերաբերվում նրանց։

- Չի կարելի վերաբերվել մի բանի, որն ինքը ոչ մի բանի չի վերաբերվում։ Էստեղ են ասել՝ դու ո՞վ ես, որ քեզ էլ վերաբերվեմ։ Կոնկրետ ես միշտ դեմ եմ եղել, որ ինչ-որ սոցիալական խմբի անվանեն ժեխ, զոմբի կամ թուրք, բայց «լավ էղավ, որ մեռավ», «խի՞ եք քաղաքականացնում», «մեզ վիրավորում էր» ու նման բաներ ասող-գրողներին հարց ունեմ. «Էդ որ ասում եք մեզ, մեզ, մեզ, ձեզ՝ ո՞ւմ, քանի՞ հոգի եք դուք։ Ինչո՞ւ չես գրում՝ ինձ վիրավորել են։ Թե՞ դու «ես» չունես։ Մեզը ո՞րն է։ Գուցե նկատի ունես կենդանիների եւ մարդու երիկամներում մշակվող արտաթորության նյո՞ւթը, որի միջոցով օրգանիզմից հեռանում են ավելցուկային ջուրը, աղերը»։ Չգիտեմ։ Սրանք երբեք չեն գրի՝ «ես ուզում եմ, ես կարծում եմ»։ Իրենցը սա է․ «Մենք հոգնել ենք, մենք ընտրել ենք, մեր վարչապետը, մեր ենթաստամոքսային գեղձը եւ մեր միզասեռական օրգաններում տեղավորված քարը»։ Էդպես «մենք» ասելով իրենց թվում է, թե իրենք շատ են, բայց երեք հարց էլ ունեմ. 
1. ո՞վ է ասել, որ դուք շատ եք 
2. ո՞վ է ասել, որ շատ լինելը լավ բան է, եւ վերջին՝   
3. ո՞վ է ասել, որ ժողովուրդը պետք է լինի շատ։ 
Իրենք գիտե՞ն, որ երբ մի տեղ ասում են՝ հայ ժողովուրդ, նկատի չունեն իրենց մուղամչի բաթուլ-թաթուլներին, այլ նկատի ունեն Կոմիտասին, Ազնավուրին, Խաչատուրյանին, ինչու չէ՝ Համասյանին, Մխիթարյանին ու նման մարդկանց։ Ժողովուրդը նրա՛նք են, ժողովուրդը հող մշակող գյուղացին է, բժիշկն է, զինվորն է ու արվեստագետը, իսկ դու սովորական մատնոց ֆռռացնող արմյաշկա Խաչիկ ես։ Գիտեք, չէ՞, նման խաբեբա, ծախու, անկիրթ ու ռաբիս ստահակների պատճառով մեզ ասում էին ու ասում են «արմյաշկա Խաչիկ», որի տանը 24/7 հնչում է հայերեն լեզվով հորդող ադրբեջանական մուղամ կամ «դոլյա վառավսկայա», ու նա սոցցանցերում եւ յութուբներում դիտում, լայքում եւ կիսվում է այսպիսի բաներով․ «Բռնվեք, Բայդենը հայերին վերադարձրեց Ղարաբաղը, ու Ալիեւը խելագարվեց», «Էրդոգանը սարսափած ու ղզղնած է Փաշինյանից», «Մակրոնի զորքը գրավեց Վանը, սա տեսնել է պետք, բռնվեք»։ Հիմա ասեք՝ ո՞նց վերաբերվես սրանց։ Եթե նա քիչ թե շատ բանական մարդ է, պիտի հասկանա, որ մահացածի մասին վատ բան չի կարելի ասել, որովհետեւ մահվան հետ խաղալ չի կարելի։ Երբեք։ Եվ եթե դու հիմա ասում կամ գրում ես՝ «դրան տեղն էր», «հասնում էր», դու պետք է նաեւ անվերապահորեն հասկանաս, որ դրանով դու մահն ու դժբախտությանը ձեր տուն ես հրավիրում։ Այո։ Դե հիմա տնով-տեղով նստեք ու սպասեք։ Չնայած նրանք սպասեցնել չեն տա։ Իրենք շատ լավ գիտեն, թե բումերանգն ինչ է, քանի որ բոլոր աբորիգենները դա գիտեն, բայց չգիտեն, որ էդ բումերանգն արդեն հետ է պտտվել, մոտենում է իրենց ճակատին, ու բախումն անխուսափելի է։

- Ըստ Ձեզ, երբեւէ Հայաստանում գործե՞լ է նման ավտորիտար համակարգ։

- Այսպիսի մի խոսք կա՝ յուրաքանչյուր պետության մասին կարելի է դատել այն բանով, թե ինչպես են այնտեղ դատում մարդկանց։ Գիտեք, երբ ես անընդհատ տեսնում եմ, որ ինչ-որ մի վատ խոսք ասելու կամ թեկուզ ինչ-որ հայհոյանք արտաբերելու համար մարդկանց քարշ են տալիս դատարաններով, մտածում եմ՝ արա, դուք 2018-ին սրա՞ համար էիք ելել ու ընկել փողոցներն ու պարում՝ ձեր քրտնած ջան & ջանդակով։ Հենց երեկ մի վայրկյան պատկերացրեցի, որ հանկարծ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ինչ-որ մարդու դեմ քրեական գործ հարուցեին՝ հայհոյանքի կամ վատ խոսք հնչեցնելու համար։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես իրենց կպատառոտեր «քաղհասարակություն» կոչված պոռնկակույտը։ Բայց դե հեղափոխությունների պատմությունը ցույց է տալիս, որ միշտ այդպես է լինում։ Հեղափոխականներն են մարդկանց ստորացնում, նվաստացնում, խեղում, բանտարկում, սպանում ու տասնամյակներով կանգնեցնում նրբերշիկի հերթում, ինչպես Կուբայում կամ այլուր։ Այդպես է։ Չորս տարի առաջ ես հարցնում էի հեղափոխությամբ ոգեւորված եւ օրգազմավորված որոշ այծերի․ «Դու ինչի՞ ես ուրախացել, հը՞։ Արա, դու ինչի՞ ես դժբախտությամբ ուրախացել, դու պատերազմի կամ երկրաշարժի համար կուրախանա՞ս, որ հիմա հեղափոխությամբ ուրախացել ես»։ Իսկ ովքե՞ր են հեղափոխական կոչվածները։ Ասեմ։ Գաղջ ընտանիքներում ծնված, կեղտոտ ու անապահով մանկություն անցկացրած, ծնողական եւ շրջապատի սիրո կարոտ, կյանքում բոլորին նախանձած ստահակներ, որոնք հասնելով իշխանության՝ միշտ ընկնում են ինտելիգենտ, ապահովված, աշխատող ու կայացած մարդկանց հետեւից։ Ինչի՞ ենք հեռուն գնում՝ մեր աչքի առաջ տեղի ունեցած ողբերգությունը՝ Արմենի մահը։ Ի՞նչ ասես։ Սրանց համար բարոյական չափանիշներ չկան։ Սրանց համար կա միայն մուռ՝ «բա խի՞ իրենք պաղպաղակ ուտեին, իսկ ես՝ ծեծ»։ Էսքան բան։ Ես այդ նախանձախտով տառապող ընչաքաղց «հեղափոխականներին» տեսել եմ 90-ականներից։ Բայց ոչինչ։ Նման բաներից հետո երբեմն երկրները փրկվում են, քանզի հայտնվում է մի լավ Աուգուստո Պինոչետ կամ գեներալ Ֆրանկո, որն անասելի պատժում է նման բուլգակովյան շարիկովներին։ Իսկ շարիկովները մեզ մոտ դեռեւս բազմանում են։ Խոսում են, ելույթներ են ունենում՝ կարծելով, թե շրջապատին կարող են հավատացնել, որ վիրահատությունն օգնել է, եւ իրենք արդեն Շարիկը չեն, իրենք Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շարիկովն են։ Հիշո՞ւմ եք, երբ հարցնում են․ «Ո՞ւր է Շարիկովը»։ Պրոֆեսորը հարցնում է․ «Դուք նկատի ունեք իմ վիրահատված շա՞նը»։ «Ոչ, այլ նրան, ով արդեն մարդ էր»։ «Այսինքն՝ խոսո՞ւմ էր»,-  հարցնում է պրոֆեսորը,- բայց ո՞վ է ասել, որ եթե մեկը խոսում է, ուրեմն նա մարդ է։  Այսպես է։ Իսկ հայրենիք, ազգ եւ պետություն չսիրող ու չհարգող շնչավորը հենց մեր հիշատակած արմյաշկա Խաչիկն է։ Նրա համար ամեն ինչ սուտ է, կեղծ է, նա չգիտի, որ անձնական, հասարակական, քաղաքական կյանքում, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում դու պիտի ԼԻՆԵՍ այդպիսին, ինչպիսին կաս, այլ ոչ ԹՎԱՍ այդպիսին, ինչպիսին կուզենայիր թվալ, որովհետեւ եթե քեզ թվում է, թե մյուսներին էլ է թվում, որ դու մարդ ես, ուրեմն դու արմյաշկա Խաչիկ էլ չես, դու ավարտված ավանակ ես։  Իսկ եթե դու այնպիսին ես, ինչպիսին կաս, եւ բոլորը գիտեն, որ դու կաս, քանի որ այդպիսին ես, ու դու կռիվ ես տալիս քո ազատության եւ պետության համար։ Եվ ամենակարեւորը՝ դու արմյաշկա Խաչիկի նման չես ասում, թե «ես պատրաստ եմ զոհվել» այս պետության համար, այլ իրոք զոհվում ես այս պետության համար, ուրեմն դու հենց պետության քաղաքացի ես, ինչպիսին որ մեր սիրելի Արմենն էր։

 

դիտվել է 817 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am