Պուտին-Էրդողան հանդիպում՝ Թեհրանում, ռուս, թուրք, ուկրաինացի զինվորականների բանակցություններ՝ Ստամբուլում

Հաջորդ շաբաթ Պուտինին սպասում են Իրանում

Իրանում հաջորդ շաբաթ սպասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահին։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կմեկնի Իրան»,- ասվում է Twitter-ում գործակալության գրառման մեջ։

Կրեմլում հաստատել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան, որտեղ կմասնակցի եռակողմ գագաթաժողովին Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կունենա: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է. «Այո, մենք կարող ենք հաստատել դա։ Իսկապես, պատրաստվում է նախագահի ուղևորությունը Թեհրան։ Այնտեղ կկայանա Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների հանդիպումը։ Դա, ինչպես հայտնի է, սիրիական կարգավորման աջակցության գործընթաց է»,- ասել է նա լրագրողներին։

Պեսկովը նշել է, որ Իրանում նախատեսված են ՌԴ նախագահի ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ հանդիպումներ։ «Իսկապես, տեղի կունենա Պուտինի, Ռայիսիի և Էրդողանի հանդիպումը։ Բացի եռակողմ հանդիպումից, բնականաբար, տեղի կունենա նաև երկկողմ հանդիպում։ Երեկ մենք տեղեկացրել ենք Պուտինի և Էրդողանի միջև բարձր մակարդակով գալիք շփումների մասին։ Ահա այդ հանդիպումն էլ հենց տեղի կունենա այնտեղ»,- ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Պուտինը Թեհրան կմեկնի հուլիսի 19-ին, Էրդողանի հետ Պուտինի հանդիպումը նախատեսվում է նույն օրը։

Հուլիսի 11-ին կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց, փաստորեն Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի հետո: Խոսելով Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ երեկ կայացած հեռախոսազրույցի մասին, Պեսկովը նշել է, որ դրա ընթացքում Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման հարցը չի քննարկել։

Մյուս շաբաթ սպասվող Պուտին-Էրդողան հանդիպումը՝ Թեհրանում, իսկապես, կարևոր իրադարձություն է լինելու նաև Հայաստանի մասով՝ Փաշինյան-էրդողան, իսկ ավելի վաղ՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցների համատեքստում:

Ըստ Սպիտակ տան՝ Իրանը նախատեսում է անօդաչուներ մատակարարել Ռուսաստան

Մինչ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարները պատրաստվում են հանդիպել մի քանի օրից՝ ամերիկյան իշխանությունները Իրանին մեղադրեցին, թե Իրանը նախատեսում է Ռուսաստանին տրամադրել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում այնպիսիները, որոնք կարող են սպառազինություն կրել։ Լրագրողների համար ճեպազրույցում այսպիսի վարկած է ներկայացրել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ «Մեր տեղեկությունը վկայում է այն մասին, որ Իրանի կառավարությունը պատրաստվում է արագացված կարգով Ռուսաստանին տրամադրել մի քանի հարյուր անօդաչուներ, ներառյալ այնպիսիները, որոնք կարող են սպառազինություն կրել,- ասել է նա։- Մեր տեղեկությունը վկայում է նաև այն մասին, որ Իրանը նախատեսում է ռուսաստանյան ուժերին ուսուցանել, թե ինչպես կիրառեն այդ անօդաչուները։ Ուսուցման առաջին փուլերը պետք է սկսվեն արդեն հուլիսի սկզբին»։ «Պարզ չէ, թե արդյոք Իրանն արդեն մատակարարել է այդ անօդաչուները Ռուսաստան,- ավելացրել է ԱՄՆ նախագահի օգնականը։- Բայց սա օրինակ է այն բանի, որ Ռուսաստանը դիմում է այնպիսի երկրների, ինչպիսին է Իրանը, տեխնիկական միջոցների համար, որոնք նաև օգտագործվում կամ օգտագործվել են մինչև այն պահը, երբ մենք ապահովեցինք հրադադարը Եմենում Սաուդյան Արաբիայի դեմ գրոհների համար»։

Իրանի ԱԳՆ-ն հերքեց ՌԴ-ին անօդաչու թռչող սարքերի փոխանցման մասին լուրերը

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին մամուլի ասուլիսում հերքել է ռուսական կողմին իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր փոխանցման մասին ԱՄՆ-ի պնդումները՝ նշելով, որ «վերջին ժամանակներս այդ ոլորտում համագործակցության առանձնահատուկ զարգացում չի դիտարկվել»։ «Ռուսաստանի և Իրանի միջև մի շարք ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության պատմությունը սկսվում է Ուկրաինայի մինչպատերազմական ժամանակաշրջանից, և վերջին շրջանում այդ ոլորտում համագործակցության զարգացում չի դիտարկվել»,- ասել է Քանաանին, ում խոսքերը հրապարակվել են Իրանի ԱԳՆ-ի Telegram-ալիքում։

Նա նշել է, որ Իրանի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ բավականին հստակ է և այդ մասին բազմիցս հայտարարվել է։ Իրանցի դիվանագետը հավելել է, որ «ԱՄՆ-ը և Եվրոպան տարիներ շարունակ երկրներին վերածել են օկուպանտների և ագրեսորների, այդ թվում՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, իրենց տարբեր մահաբեր զենքերի պահեստի»:

Ստամբուլում այսօր ուկրաինական հացահատիկի ճգնաժամի հարցով հանդիպում տեղի կունենա

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին Սիրիայում տիրող իրավիճակը և «հացահատիկի հարցի» լուծումը: «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին, հայտնել էր. «Բանակցությունների ընթացքում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ուկրաինա-ռուսական պատերազմը և Սև ծովում հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքների ստեղծումը։ Նախագահ Էրդողանը հաստատել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը պետք է ավարտվի բանակցությունների միջոցով կայուն ու արդար խաղաղությամբ, և հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ամեն հնարավոր ներդրում ունենալ բանակցային գործընթացի ակտիվացման գործում, ինչպես դա արել է մինչ այժմ»։

«Ուկրաինական նավահանգիստներում կուտակված հացահատիկի պաշարների դուրսբերման հարցով հերթական բազմակողմ բանակցությունները կկայանան վաղը՝ Ստամբուլում», - երեկ հայտնեց Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ բանակցությունների ընթացքում ռուս, ուկրաինացի և թուրք զինվորականներից կազմված պատվիրակությունները հանդիպելու են ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ռուսական, ուկրաինական և թուրքական զինվորական պատվիրակությունները ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ կքննարկեն Սև ծովի նավահանգիստներում արգելափակված ուկրաինական ցորենի դուրսբերման հրատապ խնդիրը:

Պուտինն ու Էրդողանը քննարկել էին ռուս-ուկրաինական պատերազմի հումանիտար խնդիրները, մասնավորապես Սև ծովով հացահատիկի անվտանգ դուրսբերման հարցը։ Թուրքիայի ղեկավարն ասել էր, թե ժամանակն է քայլեր ձեռնարկել` կյանքի կոչելու հացահատիկի միջանցքի ստեղծման ՄԱԿ-ի առաջարկած պլանը: Կրեմլը հպանցիկ է անդրադարձել այս հարցին, պաշտոնական հաղորդագրությունում միայն նշվում է, որ առաջնորդները կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին, այդ թվում` անդրադարձել են Սև ծովով նավերի անվտանգ անցմանը և հացահատիկի արտահանմանը միջազգային շուկա։

Հացահատիկի ճգնաժամի շուրջ Էրդողանը նախօրեին զրուցել է նաև ուկրաինացի պաշտոնակցի հետ՝ կրկին շեշտելով այս խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը։ Վլադիմիր Զելենսկին Թվիթերում գրել է՝ գնահատում է Էրդողանի ջանքերը ցորենի արտահանումը վերականգնելու հարցում, ինչպես նաև ընդգծել, որ պետք է թույլ չտալ Ռուսաստանին վերցնել ուկրաինական ցորենը գրավված տարածքներից: Մինչ այդ, Կիևը կողմից Զմեինի կղզու նկատմամբ վերահսկողության վերականգնումից հետո երեկ ուկրաինական նավահանգիստներ են հասել օտարերկրյա ութ նավեր, որոնք էլ արտահանելու են ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը:

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո սևծովյան նավահանգիստներից ուկրաինական ցորենի արտահանումը դադարել է, և ավելի քան 20 մլն տոննա հացահատիկ մնացել է ամբարներում: Ռուս-ուկրաինական պատերազմը գլոբալ պարենային ճգնաժամի և ցորենի ու պարարտանյութի կտրուկ գնաճի պատճառ է դարձել: Ռուսաստանն ու Ուկրաինան մատակարարում են աշխարհի ցորենի գրեթե մեկ երրորդը:

Պաշտոնական Կիևը պնդում է, թե ռուսական ուժերն արգելափակել են բոլոր ուկրաինական նավահանգիստները՝ թույլ չտալով արտահանել ամբարված ցորենը: Մի շարք արևմտյան երկրներ ևս քննադատում են Ռուսաստանին համաշխարհային պարենային անվտանգությանը սպառնալու համար: Մոսկվան հերքում է մեղադրանքները՝ պատրաստակամություն հայտնելով Սև ծովով նավերի անվտանգ անցում ապահովել միայն այդ ջրային տարածքների ականազերծման պայմանով:

Ուկրաինան, սակայն, չի կարող կատարել այդ պայմանը՝ պատճառաբանելով, թե Ռուսաստանը հացահատիկի միջանցքը կօգտագործի նոր հարձակման համար:
ՄԱԿ-ի գնահատմամբ, այս պատերազմը կարող է սովի պատճառ դառնալ աշխարհի մի շարք երկրներում: Ուկրաինական ցորենից մեծ կախում ունեն հատկապես Մերձավոր Արևելքն ու Աֆրիկան: Ուստի ՄԱԿ-ը առաջարկել է, որ Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան այս հարցի լուծման համար համագործակցության մեխանիզմ մշակեն:

Հացահատիկի հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն համաձայնությունների ձեռքբերումը դեռ հեռու է, երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1251 անգամ
Լրահոս
Հրազդանի ԳԱՅ-ի նախկին պոստի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ները. կան վիրшվորներ Իսրայելը Գազայի հիվանդանոցին կրկնակի հարվածելու դեպքով հետաքննություն է անցկացրել Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսը Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության օրը, սպասվում է հանրահավաք Խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից խթան է հանդիսացել «խաղաղության գործընթացին»․ Բայրամով Վախի աչքերը մեծ են լինում: Երկու վախն էլ մի մահ է Փաստացի փրկվել ենք մահից. ուղևորը պատմել է Փարիզ-Երևան չվերթը սպասարկող օդանավի անսարքության մասին. abcmedia.am Արտահոսած զեկույց. 44-օրյա պատերազմում Ադրբեջանը բելառուսական զենքով հայկական 11 ԱԹՍ է խոցել. Hetq.am ՆԳՆ պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել Իրանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները միջուկային հարցի շուրջ Լիբանանում նախատեսում են մինչև տարեվերջ զինաթափել բոլոր կիսառազմական խմբավորումներին Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կnրծանիչ արտադրող 4-րդ երկիրը ՌԴ-ն Հայաստանի հետ նավիգացիոն կնիքների կիրառման նախագիծ կիրականացնի ԱՄՆ-ն ամրապնդվում է Հարավային Կովկասում, Իրանը դա համարում է սպառնալիք, իսկ Մոսկվան զգուշանում է․ Washington Times Չնայած բոլոր դժվարություններին, անհամաձայնություններին Ալիևի պահանջը ընդունվել է Հայաստանի կողմից. Ասադով Տնային կալանքը չի կարող դիտվել որպես վերջնական արդարացում, սա ընդամենը նվազ վնասակար միջոց է. Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմ Ադրբեջանի հատուկ ջոկատայինները Թուրքիայում վերապարտրաստում են անցնում Ադրբեջանը օկուպացված Արցախում ոչնչացրել է Հովհաննես Այվազովկսու հուշարձանը Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Սահմանադրությունը՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար 15․000 պայուսակ, 15․000 ժպիտ․ ինչու՞ է իշխանությունը փորձում սևացնել Կարապետյանի նախաձեռնությունը Բաքուն ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը, պետք է կանխել․ դիմում՝ Գերմանիային ԵՄ-ն օգոստոսի 28-30-ը կքննարկի Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Ձերբակալվել է Արագածոտնի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկի օգնականը Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը» Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից մոտ 50 պաղեստինցի է զոհվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am