Ռուսները նոր ռազմաբազա են կառուցում Տավուշում

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ տարածքում ռուսական նոր ռազմաբազայի կառուցման մասին առաջին լուրերը հայտնվեցին հունիսի կեսերին, երբ կառավարությունը հերթական նիստում ընդունեց ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման վերաբերյալ 2012թ. հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Հիմնավորման մեջ նոր ռազմակայանի մասին խոսք չկա, այլ ասվում է, որ փոփոխվում են «ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերը» եւ ռուսաստանյան կողմին փոխանցվող հողատարածքների ու անշարժ գույքի կազմն ու իրավական հիմք հանդիսացող փաստաթղթերը:

Բայց, ըստ էության, սա նոր ռազմաբազայի տեղաբաշխման մասին որոշում է, որի վերաբերյալ առանձին՝ թիվ 2 արձանագրություն է ստորագրվելու: Դրան հետեւելու է միջազգային պայմանագրի ստորագրումը, որը դեռ վերջնականապես մշակված չէ եւ պետք է վավերացվի խորհրդարանի կողմից, ապա ստորագրվի երկու պետությունների՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Այսինքն, ագրեսորների համար այնքան էլ հեշտ չի լինի նոր պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը՝ ռուսները կներգրավվեն այդ պատերազմում։ Եվ երկրորդ հանգամանքը կա՝ սրանով Ռուսաստանն իրավունքներ է ամրագրում եւ հայտ ներկայացնում տարածաշրջանում, գուցե նաեւ հող է նախապատրաստում նոր միության ձեւավորման համար։


Ռուսական ռազմաբազային փոխանցվող հողատարածքները Նոյեմբերյան եւ Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում են: Մեր տեղեկություններով, դրանք տեղակայվելու են Այգեպար եւ Ոսկեպար բնակավայրերի, ինչպես նաեւ Նոյեմբերյան համայնքի տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների, այստեղ մոտ 2 հազար ռուս զինծառայող է բերվելու:

«Չէ, դա չափազանցված թիվ է: Որքան գիտեմ, մի կետ Այգեպարում է, մեկն էլ մեզ մոտ են սարքելու: Շինարարական աշխատանքներ դեռ չեն կատարվում, ընդամենը հողային աշխատանքներ են առայժմ կատարվում: Կառավարության որոշումը եղել է հողերի վերաբերյալ, մենք էլ հատկացրել ենք»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը:

Բնակիչներն իրենց ավելի՞ ապահով կզգան, եթե այդտեղ ռուսական զորք լինի, թե՞ ոչ։ «Չենք իմանում, թե նպատակն ինչ է, որ դրանից մեզ ավելի ապահով ենք զգալու, թե անապահով: Չգիտենք էլ՝ դա բազա՞ է, թե՞ ինչ է: Կարող ա պատահի՝ մի 30-40 մարդ կանգնեն, ու վերջ: Դա էնպիսի բան է, որ մեզ չեն էլ տեղեկացնի, ուղղակի կառավարության որոշում է, անում ենք։ Հիմա թե վերջում ինչ է ստացվելու, դա հետո կերեւա»,- ասաց Աղբալյանը:

Մյուս կետը, որտեղ տեղակայվելու է ռուսական զորքը, Բերդ խոշորացված համայնքում է, Այգեպար բնակավայրից ոչ հեռու գտնվող հին, չգործող օդանավակայանի տարածքում: ԽՍՀՄ ժամանակ այստեղից Як-40 օդանավերն էին թռչում, հայերն ու թուրքերն ակտիվ անցուդարձի մեջ էին: Այսօր հին օդանավակայանի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքներ են, ռուսական զորքի համար արագ հավաքվող, կոմպակտ շինություն է կառուցվում:

Այգեպար բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը չգիտի, թե արդյոք կարելի՞ է նոր կառուցվող օբյեկտի անունը ռազմաբազա դնել: «Մարդիկ չգիտեն, թե դա ինչ է: Ինչ-որ շինարարություն է գնում, բայց ռուսական է, թե հայկական է, ժողովուրդը չգիտի: Էդ հողը մի կիլոմետրից ավելի մեզնից հեռու է, մեր համայնքինը չի: Նենց չի, որ մենք համայնքային հող ենք ունեցել ու տվել ենք, օդանավակայանի տարածքն է»:

Ըստ Արկադի Յամուկյանի, այսօր Այգեպարը խաղաղ է, կրակոցներ չկան, բայց պատճառն ամենեւին նոր ռազմաբազան չէ: «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մի հատ կրակոց էս կողմերում չի եղել: Մարդիկ, երեւի, հոգնել են կրակելուց, ոչ մի կրակոց չկա էս պահին»: Իսկ եթե ռուսական ներկայություն լինի, ավելի՞ հանգիստ կլինեն մարդիկ, որ պատերազմ չի լինի:

«Իմ անձնական կարծիքով՝ այո, բնակիչները հանգիստ կլինեն, եթե այդտեղ ռուսական ներկայություն լինի: Նենց չի, որ մենք նախկինում վախից մեռել ենք: Կռիվ էր, կռվում հո փլավ չե՞ն բաժանում: Էս պահին ոչ մի վատ բան չենք տեսնում, խաղաղ է»,- ասաց համայնքապետը:

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կարծում է, որ Տավուշում նոր ռազմաբազայի ստեղծումը չի կարող կանխել պատերազմի վտանգը: «Դա շատ մեծ է, իսկ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը կտրուկ նվազել է, դրանից օգտվելու են»,- ասաց նա:

- Ինչո՞ւ է Ռուսաստանին պետք հրատապ կարգով նոր ռազմաբազա բացել այստեղ:

- Կա փաստ, որ Ռուսաստանն Աբխազիայից ու Հարավային Օսիայից զորքեր է հանում եւ ուղարկում կռիվ՝ Ուկրաինա: Այս պայմաններում, եթե ՌԴ-ն Տավուշում նոր ռազմակայան է բացում, նշանակում է՝ ցույց է տալիս, որ ինքը դեռեւս կա տարածաշրջանում, հարցեր է լուծում: Երեւի թե փորձում է հսկիչ դեր խաղալ:

- Ինչո՞ւ Նոյեմբերյանում, ոչ թե, ասենք, Սյունիքում, որտեղ խնդիր ունենք:

- Գյումրու 102-րդ ռազմաբազան Թուրքիայի սահմանին է, իսկ սա Ադրբեջանի Հանրապետության սահմանին է: Ռուսներին, կարելի է ասել, ձեռք չի տալիս պատերազմն այս տարածաշրջանում, նոր ցնցում այստեղ պետք չէ: Ռազմաբազայի տեղակայումն ազդանշան է, որ մենք այստեղ ենք, ՀԱՊԿ անդամ երկիր ենք, ինչը, սակայն, չի նշանակում, որ ՀԱՊԿ-ն կատարում է իր դերը մեր հանդեպ, որովհետեւ կան Իշխանասարի եւ Սեւ լճի ուղղությամբ տարածքներ, որտեղ ներխուժել է թշնամին:

- Մարդիկ ավելի ապահովագրված չե՞ն զգա պատերազմի վտանգից:

- Կզգան, ինչ-որ չափով չեղածից լավ է, բայց եթե Հայաստանն ուզում է գոյատեւել, հույսը պետք է նախեւառաջ դնի իր վրա, սա օրենք է: Հասարակությունը հիմա շատ ընկճված է, տեսավ, որ իշխանությունն անզոր է, էն կողմը նախաձեռնող է, էս կողմը ոչինչ չի անում: Թեեւ ռուսների ազդեցությունը, դիրքն ու ուժը էապես նվազել են, Ադրբեջանն ու Թուրքիան ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ:

Բերդի, Նոյեմբերյանի բնակիչներն էլ երկու հույս ունեն՝ Տավուշում ռուսական ներկայության հետ կապված: Նախ՝ անվտանգային: Ադրբեջանի սահմանից 1 կմ այս կողմ գտնվող Այգեպարը մշտապես եղել է թշնամու կրակի տակ, տեղանքը բավականին ցածր է: Ադրբեջանական գյուղեր սահմանից այն կողմում չկան, եւ ադրբեջանցիները հանգիստ կրակում էին մերոնց ուղղությամբ: Հիմա դա հեշտ չի լինի անել: Երկրորդ՝ հնարավոր է, որ ռուսական ռազմաբազան նոր աշխատատեղերով ապահովի բնակիչներին, ու այդ դեպքում գործազրկությունն այս կողմերում կնվազի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 960 անգամ
Լրահոս
Նիկոլը սպառնում է դառնալ ամեն մեկի տան պրոբլեմը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Նիկոլը 1 մլն մարդու վիրավորել է, հասկանալով է արել, չի´ խորշել, չի վախեցել․ Վահե Հովհաննիսյան Երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում․ «Առաջարկ Հայաստանին» Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը․ Աբրահամյան Հայտնի են՝ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 տասնյակի թեկնածուները Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, չափալախդ ստացել ես, հիմա ու՞մ վրա ես հիստերիկանում»․ Տիգրան Չոբանյան (video) Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» 65 հազար դոլարի դրամաշնորհ հիվանդանոցին՝ առանց հաշվետվության. «Ժողովուրդ» Եվրամիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» Ընդդիմադիրներին տանում են բանակ․ «Հրապարակ» Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. «Ժողովուրդ» Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և նրա որդին. «Ժողովուրդ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am Իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել․ «Հրապարակ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բախվել է կայանված «Mazda»-ին. կա վիրավոր Բրյուսել․ Հայ Տունը մշակույթը դնում է Արցախի հանդեպ իր հանձնառության կենտրոնում Ինչու են ձերբակալել մանկավարժական համալսարանի պրոռեկտորին և մի շարք այլ աշխատակիցների Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am