Պարզվեցված, բայց` բարդ ու ոչ միանշանակ. Մոսկվայի կոմբինացիան

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, սակայն հայկական տարածքների նկատմամբ Երևանի ինքնիշխանության առնչությամբ որևէ երկիմաստություն լինել չի կարող՝ երեկ Երևանում Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչպես գիտեք, [Հայաստանի ու Ադրբեջանի միջև] երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու համաձայնեցումը և ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց այն հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և որևէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող։ Սրանք բաներ են, որ կապված են պրակտիկ գործողությունների հետ, որոնք կապված են տևական ենթակառուցվածքի ստեղծման հետ, ուստի այստեղ ավելի լավ է տասը անգամ չափել, մինչ կտրելը։ Մեզ մոտ ընկալում կա, որ և՛ ադրբեջանական, և՛ հայկական գործընկերները ելնում են սրանից», - նշեց Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը, սակայն, չհստակեցրեց, թե ինչ է նշանակում «պարզեցված ռեժիմ», արդյո՞ք ադրբեջանական բեռնատարները, ուղևորափոխադրումներն անցնելու են հայաստանյան մաքսային, անձնագրային ստուգում։ Հայտնի չէ նաև՝ եթե Ադրբեջանը պարզեցված ռեժիմով է մուտք ունենալու դեպի Նախիջևան, արդյո՞ք նույն՝ պարզեցված ռեժիմով Հայաստանը Ադրբեջանի տարածքով կապվելու է Իրանի կամ Ռուսաստանի հետ։ Կամ արդյո՞ք Սյունիքով անցնող ճանապարհների պարզեցված ռեժիմը հավասարեցվել է Լաչինի միջանցքի ներկայիս ռեժիմին, որով Հայաստանը կապվում է Լեռնային Ղարաբաղին։

Հայաստան-Ադրբեջան հաղորդակցական ուղիների վերագործարկմանն անդրադարձավ նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, սակայն այս հարցերի պատասխանը չհնչեց։ «Ես արդեն ասացի, որ բազմաթիվ հարցերում այս ուղղությամբ կա համընդհանուր ընկալում և համաձայնություն: Առաջին հերթին սա վերաբերում է նրան, որ բոլոր ճանապարհները, որոնք պետք է վերաբացվեն կամ բացվեն, մնալու են և գործելու են այն երկրների սուվերենության և իրավասությունների ներքո, որոնց տարածքով անցնում են: Այսինքն, բնականաբար, միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, և սա ուզում եմ ընդգծել՝ համընդհանուր ընկալում է: Միևնույն ժամանակ նաև առիթ ունեցա այսօր ասելու, որ կան նաև մի շարք մանրամասներ, բազմաթիվ մանրամասներ, որոնցում դեռևս կողմերը տարբեր պատկերացումներ ունեն, բայց աշխատանքները շարունակվում են, և ես կարծում եմ, որ կունենանք փոխադարձ ընդունելի լուծումներ այստեղ», - նշեց Միրզոյանը:

44-օրյա պատերազմից հետո` հայ-ադրբեջանական հաղորդակցական ուղիների վերագործարկմանն անդրադառնալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս է խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչին ի պատասխան պաշտոնական Երևանը արձագանքում էր, թե ճանապարհները չեն կարող բացվել «միջանցքային տրամաբանությամբ»։

Նկատենք, որ գրեթե կես տարվա դադարից հետո՝ մոտ մեկ շաբաթ առաջ, Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի ղեկավարած աշխատանքային խմբի հերթական հանդիպման արդյունքում՝ ռուսական կողմը հայտարարեց, թե կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։ Այնինչ, հայկական կողմի հաղորդագրությամբ՝ կողմերը հստակեցրել են մոտեցումները այդ հարցերի շուրջ։ Թե որոնք են այդ մոտեցումները, չէր նշվում։

Հատկանշական էր, որ Փառուխի հարցը Լավրովը կապեց սահմանազատման հետ: Երեկ ասուլիսում արտգործնախարարներն անդրադարձան Արցախի Փառուխ գյուղի հարցին։ Երկուսուկես ամիս է անցել, ինչ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական զինուժը նոր դիրքեր գրավեց գյուղի ուղղությամբ՝ նաև զբաղեցնելով կարևոր նշանակություն ունեցող հարակից Քարագլուխ բարձունքի մի մասը։

«Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն, մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ մարտի 24-ին լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ», - հայտարարեց Արարատ Միրզոյանը:

Լավրովը Փառուխի շուրջ իրավիճակը կապեց հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի հետ «Ինչ վերաբերում է [Փառուխի շուրջ] իրավիճակին, ապա ռուսաստանցի զինվորականների համար այն իրենց առաջնահերթություններից մեկն է, և մեր հայ ընկերները այդ մասին շատ լավ տեղյակ են։ Այնտեղ արդեն իսկ որոշակի արդյունքներ կան՝ իրավիճակի դեէսկալացիայի առումով, և մեզ մոտ ընկալում կա, որ սահմանազատման՝ արդեն մեկնարկող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը կքննարկվեն և անպայման կլուծվեն», - ասաց Լավրովը։

Լավրովի այս հայտարարությունից պարզ չդարձավ, թե սահմանազատման գործընթացը ինչպես է կապվում Փառուխի իրադարձությունների հետ։ Միրզոյանը ևս հստակեցում չմտցրեց։

Ինչևէ, Հայաստան-Ադրբեջան հաղորդակցական ուղիների վերագործարկման մասին Լավրովի հայտարարությունը կարելի է հասկանալ երկակի՝ միջանցքի թեման փակված է, կամ որ միջանցք, այնուամենայնիվ, լինելու է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, սակայն այդ միջանցքի նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են ռուսները, ոչ հայկական կողմը:

Բացի այդ, Լավրովը հայտարարեց, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, սակայն հայկական տարածքների նկատմամբ Երևանի ինքնիշխանության առնչությամբ որևէ երկիմաստություն լինել չի կարող։ Լավրովը, սակայն, չհստակեցրեց, թե ինչ է նշանակում «պարզեցված ռեժիմ»: Այս հարցերին չանդրադարձավ նաև Արարատ Միրզոյանը։
Այսինքն, ամեն ինչ մնում է առայժմ անորոշ. Կամ քննարկումների փուլում ենք, կամ՝ ամեն ինչ որոշված է, բայց առայժմ հրապարակավ չեն հստակեցնում:

Ի դեպ, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ խմբագրվել է այդ երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արված հայտարարությունը Փառուխի մասին: Լավրովը, ըստ aravot.am-ի, պատասխանելով Փառուխի վերաբերյալ լրագրողի հարցին, մասնավորապես ասել էր. «Ռուս զինվորականները դա իրենց առաջնահերթություններից են համարում, դրա մասին մեր հայ ընկերները լավ տեղեկացված են: Տեղում արդեն իսկ կան որոշակի արդյունքներ այս իրավիճակի դեէսկալացիայի առումով և կա ընկալում, որ նախատեսվող սահմանազատման աշխատանքներում այս հարցերը նկատի կառնվեն և արդեն կլուծվեն»:

Մինչդեռ Ռուսաստանի ԱԳՆ սղագրության մեջ ասվում է հետևյալը: «… Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա ռուս զինվորականները (մեր հայ բարեկամներն այդ մասին լավ տեղեկացված են) այն «պահում են» որպես իրենց առաջնահերթություններից մեկը: Այնտեղ «գետնի վրա» արդեն կան որոշակի արդյունքներ՝ իրավիճակի ապաէսկալացման տեսանկյունից: Ակնկալում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը կնպաստի Բաքվի ու Երևանի միջև վստահության բարձրացմանը և ռուս խաղաղապահ զորամիավորման պատասխանատվության գոտում Փառուխի նման միջադեպեր թույլ չտալուն»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3190 անգամ
Լրահոս
Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am