Կիևը «նեղացած» է Վրաստանի իշխանությունից, իսկ Էրդողանը պարծենում է թուրքական խորամանկ դիվանագիտությամբ

ՌԴ-ն տոնում է հաղթանակ, իսկ Զելենսկին պնդում է, թե հաղթելու են

Գերագույն Ռադան որոշել է ևս 90 օրով` մինչև օգոստոսի 23-ը, երկարաձգել ռազմական դրությունը և մոբիլիզացիան Ուկրաինայի տարածքում։ Նախորդ անգամ խորհրդարանը ռազմական դրությունը երկարաձգել էր 30 օրով՝ ապրիլի 25-ից, իսկ մինչ այդ՝ մարտի 26-ից, ևս 30 օրով։

Ուկրաինայում ռազմական դրություն է հայտարարվել ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման օրը՝ փետրվարի 24-ին։

Միաժամանակ, Մոսկվան հայտարարեց «Ազովստալը» վերջնականապես գրավելու մասին, մինչդեռ Ուկրաինայի նախագահն էլ պնդում է՝ վստահ է այս պատերազմում իր երկիրը հաղթելու է:

Փետրվարի 24-ից սկսված ռուսական ագրեսիայի հետևանքով Ուկրաինայում, երկրի գլխավոր դատախազի գրասենյակի տվյալների համաձայն, սպանվել է 232 երեխա, մինչդեռ պատերազմի վերջը դեռ չի երևում: Բանակցություններ չկան։ Ընդորում՝ Մոսկվան հայտարարում է, թե բանակցություններից ուկրաինական կողմն է հրաժարվել։ Ռուսաստանի դեմ շուրջ երեք ամիս պատերազմելուց հետո Ուկրաինայի նախագահը, ում Արևմուտքը ռուսական հարձակման հենց առաջին օրը առաջարկում էր լքել երկիրը, հայտարարում է՝ համոզված է, որ Ուկրաինան հաղթելու է: Այս մասին Վլադիմիր Զելենսկին ասել է ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հավելելով, թե թեև պատերազմի ճակատագիրը որոշվելու է ռազմադաշտում, այն, ամեն դեպքում, պետք է ավարտվի դիվանագիտական ճանապարհով։

Զելենսկին ասում է՝ հաղթանակը արագ ու հեշտ չի լինի, քանի որ Կիևը ցանկանում է վերադարձնել բոլոր օկուպացված տարածքները։ «Պատերազմը մենք չենք սկսել, բայց պետք է ավարտենք: Ես կարծում էի, որ պատերազմը կարող է ավարտվել միայն երկխոսությամբ: Բայց հիմա սա դժվար պատերազմ է, և հաղթանակը շատ դժվար, արյունալի է լինելու», - հայտարարել է Զելենսկին:

Պատերազմի առաջին ամիսը ուկրաինական կողմը Ռուսաստանի հետ բանակցում էր Դոնբասի և Զրիմի կարգավիճակների շուրջ։ Այսօր երբ ակնհայտ է, որ արագ հաղթել ռուսական բանակին չհաջողվեց, իսկ Արևմուտքն էլ հայտարարում է՝ կտա Ուկրաինային այնքան զենք, որքան պետք է հաղթանակի համար, Զելենսկին ասում է՝ Կիևը ցանկանում է վերադարձնել Ռուսաստանի կողմից օկուպացված բացարձակապես բոլոր տարածքները։ Այսինքն՝ և՛ Դոնեցկն ու Լուգանսկը, և՛ Մարիուպոլը ու Խերսոնը, և՛ նույնիսկ Ղրիմը։

Վլադիմիր Զելենսկին ասում է նաև, որ այսօր ուկրաինական բանակի շարքերում ռուսական ուժերին դիմադրում են ավելի քան 700 հազար մարդ։ Նախօրեին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել էր, որ Ուկրաինան չի զիջի Ղրիմն ու Դոնբասը հանուն հրադադարի։ Նա կարծում է, որ այդ տարածքները չեն կարող «սակարկության առարկա» դառնալ Ռուսաստանի հետ բանակցություններում։
Միևնույն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարը զեկուցում է երկրի նախագահին «Ազովստալը» վերջնականապես գրավելու մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը. «Ազովստալի ստորգետնյա օբյեկտները, որտեղ թաքնվել էին գրոհայինները, անցել են ռուսական զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ։️ Գործողությունն ավարտելու և ուկրաինացի զինյալներից գործարանի և Մարիուպոլ քաղաքի ամբողջական ազատագրման մասին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն զեկուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»։

Ռուսական կողմի տվյալներով՝ ընդհանուր առմամբ ուկրաինացի 2439 զինվոր, որոնք գտնվում էին գործարանի տարածքում, հանձնվել են։ Ուկրաինայի նախագահը պնդում է, որ հանձնվելու հրամանն ինքն է տվել, և որ փոխանակման միջոցով այդ մարդիկ վերադառնալու են տուն։

Ուկրաինացի զինվորականները, որոնք գտնվում էին «Ազովստալի» տարածքում, մայիսի 16-ին են սկսել հանձնվել։ Նրանց հետագա ճակատագիրը պարզ չէ։ Պետդումայում արդեն կոչեր են հնչել՝ «Ազովի» գնդի մարտիկներին Ուկրաինա ոչ մի պարագայում չտեղափոխելու մասին։ Իսկ դեռևս մայիսի 17-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Գերագույն դատարան՝ ուկրաինական «Ազովի» գունդը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու համար։ «Ազովի» գնդի և ուկրաինական այլ ստորաբաժանումների զինծառայողները պաշտպանում էին Մարիուպոլ քաղաքը, որը շրջափակման մեջ էր մարտի սկզբից, քաղաքը ռուսական բանակի կողմից գրավելուց հետո նրանք արգելափակված էին «Ազովստալ» մետալուրգիական գործարանում։ «Ազով» կազմավորումը հիմնադրվել է 2014-ին որպես կամավորական գումարտակ; Ազովի հիմնադիրների շարքում էին նաև մարդիկ, ում համարում էին ծայրահեղ։ Միևնույն ժամանակ, Ազովի շատ մարտիկներ շեշտում են, որ իրենք նեոնացիստներ չեն, և գունդն ինքնին դարձել է Ուկրաինայի զինված ուժերի անբաժանելի մասը։

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Ուկրաինայում

Մինչ Մոսկվան ու Կիևը շարունակում են պատերազմը, իսկ արևմուտքի նոր հավաստիացումներ է տալիս ուկրաինական իշխանություններին, որ կշարունակի զինել՝ տարածաշրջանային երկրները ուկրաինական հարցով նորանոր խնդիրներ են առաջ քաշում...

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլյութ Չավուշօղլուն կիրակի օրը հեռախոսազրույց են ունեցել: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ նրանք քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը, եռակողմ ձևաչափով համագործակցությունը, իրավիճակը տարածաշրջանում և Ուկրաինայում:

Վրաց գործարարները ռուսական ընկերություններում մեծ բաժնեմասեր ունեն, նրանք «ռուսական պատժամիջոցներից խուսափելուն հանցակից են»

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Atlantic Council-ի կազմակերպած զրույցի ժամանակ ասել է, որ Վրաստանն այն երկրների ցանկում է, որոնք օգնում են Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից, ըստ News.am-ի, գրում է NetGazeti-ն։ Ի պատասխան երկրորդական պատժամիջոցների մասին FOX News-ի թղթակից Նանա Սաջայայի հարցին, մասնավորապես, թե խնդրում է արդյոք Ուկրաինան պատժամիջոցներ կիրառել այն մարդկանց և ընկերությունների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից, Երմակը պատասխանել է, որ Վրաստանում որոշ ազդեցիկ գործարարներ ռուսական ընկերություններում մեծ բաժնեմասեր ունեն, և նրանք ռուսական պատժամիջոցներից խուսափելուն հանցակից են։

«Սա շատ կարևոր հարց է։ Մենք կարող ենք լուրջ պատժամիջոցներ մշակել (Ռուսաստանի դեմ), բայց միշտ կգտնվեն երկրներ կամ մարդիկ, որոնք սողանցք կգտնեն և կփորձեն օգնել նրանց։ Մենք շատ բաց ենք այս հարցում։ Մենք կարող ենք ապացուցել, որ որոշ ընկերություններ կամ անհատներ օգնում են Ռուսաստանին խուսափել այդ պատժամիջոցներից։ Մենք իսկապես մեծ հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերներին, ովքեր այս պատժամիջոցների ներքո ռիսկի են դիմում թե՛ տնտեսապես, թե՛ այլ կերպ: Եվ ազնիվ չէ, երբ ոմանք հերքում են նման պատժամիջոցները և դրանից փող են աշխատում։ Ցավոք, այդպես են վարվում որոշ ասիական երկրներ։

Շատ տխուր կլիներ այս ցուցակում տեսնել բարեկամ երկրներին, ինչպիսին Վրաստանն է, որը սև ցուցակում է։ Թեև մենք շատ զգույշ ենք և շարունակում ենք մեր գործընկերների հետ ուսումնասիրել այս հարցը։ Ամեն ինչ պետք է փաստաթղթավորվի և ապացուցվի։ Անկասկած, սա երկրորդական պատժամիջոցների շատ կարևոր մասն է։ ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների հետագա փաթեթները կավելանան։ Եթե խոսենք, օրինակ, Վրաստանի նման երկրի մասին, ապա գիտենք, որ որոշ ազդեցիկ գործարարներ մեծ մասնաբաժիններ ունեն ռուսական ընկերություններում, օրինակ՝ «Գազպրոմ»-ում։ Կարծում եմ, որ նրանք ներառված են (գործընթացի մեջ), որպեսզի Ռուսաստանը խուսափի պատժամիջոցներից»,- ասել է Անդրեյ Երմակը։

Անդրեյ Երմակը ղեկավարում է ուկրաինացի և միջազգային փորձագետների խումբը, որը գնահատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունը և նրանց աշխատանքը։

Թուրքական խորամանկ քաղաքականությունը՝ Մոսկվայի ու Կիևի հետ

Մինչ ուկրաինական իշխանությունները կշտամբում են վրացական իշխանություններին՝ Անկարան շարունակում է խորամանկ քաղաքականությունը՝ չնեղացնելով ոչ Ռուսաստանին, ոչ Ուկրաինային:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարեց, որ մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: «Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հարաբերություններում մենք վարում ենք հավասարակշռված քաղաքականություն։ Ես մտադիր չեմ խզել կապերը ո՛չ Պուտինի, ոչ էլ Զելենսկու հետ»,- նշել է Էրդողանը:

Նա հավելել է, որ Անկարան չի կարող հրաժարվել ռուսական գազի մատակարարումներից. դա ռազմավարական նշանակության հարց է: Էրդողանը հավելել է, որ երկրի սպառած գազի կեսը Թուրքիան ստանում է Ռուսաստանից: «Մենք կապեր ունենք երկու կողմերի հետ (Ռուսաստանի և Ուկրաինայի): Ռուսաստանի հետ մենք ունենք «Ակկույու» ատոմային Էլեկտրակայանի նախագիծը: Դա մեզ համար շատ լուրջ աղբյուր Է: Մենք Ռուսաստանից ստանում ենք մեր կողմից սպառվող գազի 50 տոկոսը: Դա մեզ համար ռազմավարական հարց Է, ռազմավարական հարաբերություններ: Մենք չենք կարող հրաժարվել դրանցից», ասել է Էրդողանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2621 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am