ՆԱՏՕ-ն ընդլայնվում է. Մոսկվան ու Անկարան դեմ են, բայց Էրդողանը «առևտուր» կանի

Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցության համար

Ֆինլանդիան և Շվեդիան այսօր ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել դաշինքի կենտրոնակայան։ Պաշտոնական արձագանքը սպասվում է մի քանի շաբաթից։ Համաձայն կանոնների՝ դաշինքին նոր անդամի միանալու համար անհրաժեշտ է բոլոր դաշնակիցների միաձայն հավանությունը։ Դրական որոշման դեպքում վավերացման ընթացակարգը, դիվանագետների կարծիքով, կարող է տևել մոտ մեկ տարի։
Սկանդինավյան երկու պետությունների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ֆորմալ գործընթացի մեկնարկի առջև վերջին խոչընդոտները վերացան այս շաբաթասկզբին։ Ըստ «Ազատության», երկուշաբթի անդամակցության գործընթաց սկսելու օգտին քվեարկեց Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիկսդագը։ Երեկ երեկոյան էլ քվեների 188 կողմ և 8 դեմ հարաբերակցությամբ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթաց սկսելու օգտին արտահայտվեց Ֆինլանդիայի խորհրդարանը։

Արևմտյան մայրաքաղաքներից արդեն իսկ հայտարարություններ են հնչում, որ սրընթաց փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների՝ նախևառաջ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ֆոնին, Շվեդիան և Ֆինլանդիան պետք է որքան հնարավոր է արագորեն անդամակցեն Հյուսիսատլանտյան դաշինքին։ «Հստակ է, որ թե' ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, թե' որպես Եվրամիության անդամ բարեկամ և գործընկեր երկրներ մենք պարտավորություններ ունենք Շվեդիայի և Ֆինլանդիայի առջև։Երկու երկրներն էլ կարող են վստահ լինել, որ այս իրավիճակում կարժանանան մեր աջակցությանը», - ըստ «Ազատության» նախօրեին հայտարարեց Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։

Սկանդինավյան երկրների առջև ծառացած գլխավոր խոչընդոտը, սակայն, ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ անդամներից մեկի՝ Թուրքիայի առարկություններն են։ Պաշտոնական Անկարան սպառնում է օգտվել վետոյի իրավունքից՝ մատնանշելով այն հանգամանքը, որ թե՛ Շվեդիան և թե՛ Ֆինլանդիան չեն շտապում Թուրքիային արտահանձնել ահաբեկչական կառույցների հետ առնչություններ ունեցող անձանց։ Խոսքը Քրդական բանվորական կուսակցության (PKK) և իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի Սկանդինավիայում բնակվող աջակիցների մասին է։ Բեռլինում, այդուհանդերձ, հույս ունեն, որ Թուրքիայի կոշտ մոտեցումն ի վերջո կփոխվի։ «Ինչպես և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ես ևս վստահ եմ՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության պրոցեսը բավական արագ կընթանա։ Դրան նպաստելու է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների՝ այդ թվում Թուրքիայի աջակցությունը։ Դրա հավանականությունը շատ մեծ է, քանի որ մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է գործում Թուրքիան, ինչպես է ստեղծված իրավիճակում բազմաթիվ կառուցողական առաջարկներով հանդես գալիս», - հայտարարում էր Գերմանիայի դաշնային կանցլերը։

«Թող նեղություն չքաշեն ու մեզ համոզելու չգան». Թուրքական արձագանք

«Թող նեղություն չքաշեն ու մեզ համոզելու չգան», - նախօրեին ասել է նախագահ Էրդողանը՝ արձագանքելով Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո դաշինքին անդամակցելու ցանկություն հայտնած Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտարարություններին։ «Ասում են՝ երկուշաբթի Թուրքիա են գալու: Գալու են մեզ համոզելու։ Կներեք, բայց թող նեղություն չքաշեն: Նախ և առաջ մենք չենք կարող այո ասել նրանց անդամակցությանը ՆԱՏՕ-ին այն դեպքում, երբ նրանք Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառում: Այդ դեպքում ՆԱՏՕ-ն այլևս չի լինի անվտանգային կառույց, կվերածվի ահաբեկիչների կենտրոնացման տեղի: Հնարավոր չէ հավանություն տալ սրան: Ներեցեք, բայց մենք նույն թակարդը կրկին չենք ընկնի», - ասել է Էրդողանը:

Չնայած Անկարայի բացահայտ առարկությանը, այսօր Շվեդիայի արտգործնախարարը արդեն ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը: Իսկ այցով Շվեդիայում գտնվող Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն այդ երկրի խորհրդարանում ասել է, թե լավատեսական է տրամադրված և վստահ է, թե կկարողանան համաձայնության գալ Թուրքիայի հետ: «Մենք հիմա ընդհանուր մարտահրավերի առաջ ենք: Վերջին մի քանի օրվա ընթացքում Թուրքիայից հնչող հայտարարությունները շատ արագ փոխվեցին՝ դառնալով ավելի կոշտ: Սակայն համոզված եմ, որ կկարողանանք հարթել իրավիճակը կառուցողական քննարկումների ճանապարհով», - ասել է Նինիստոն: Նա հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները կաջակցեն իրենց անդամակցությանը, և գործընթացը կարճ ժամանակում կավարտվի:

Թուրքիայի նախագահը, սակայն, դեռ անցած շաբաթ էր հայտարարել, որ Անկարան չի աջակցում Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի մտադրությանը և նույնիսկ ակնարկել, թե կարող է վետոյի իրավունքով արգելափակել այդ գործընթացը: Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկանդինավյան երկրներին մեղադրել էր քուրդ զինյալներին և Թուրքիայում ահաբեկիչ համարվող այլ անձանց ապաստանելու համար և այդ պետություններն անվանել «ահաբեկչական կազմակերպությունների հյուրատուն»:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը այսօր պնդել է, թե մինչ օրս Ֆինլանդիան ու Շվեդիան Թուրքիային ոչ մի ահաբեկիչ չեն արտահանձնել, միայն սին խոստումներ են տվել: Վերջին հինգ տարում Անկարան այդ երկրներից պահանջել է արտահանձնել 33 մարդու, որոնք, ըստ թուրքական կողմի, առնչություն ունեն գյուլենական շարժման և քրդական զինված խմբավորումների հետ:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան վետոյի իր իրավունքը չկիրառելու համար Հելսինկիի և Ստոկհոլմի առաջ պայմաններ է առաջ քաշում՝ «դադարեցնել իրենց երկրներում ահաբեկչական խմբավորումների աջակցությունը», «ապահովել անվտանգության հստակ երաշխիքներ», «չեղարկել Թուրքիայի արտահանման արգելքները»:

Հյուսիսատլանտյան դաշինքը անդամ մյուս երկրները չեն առարկում Ռուսաստանի սկանդինավյան հարևանների անդամակցությանը։ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը այսօր հույս է հայտնել, որ ռազմական դաշինքի անդամ երկրները կկարողանան հաղթահարել տարաձայնությունները և կաջակցեն Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը:

Օրերս նույն կարծիքն էր հայտնել նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր. - «Թուրքիան կարևոր դաշնակից է, և պետք է փարատել անվտանգության հետ կապված Անկարայի մտահոգությունները; Վստահ եմ, որ կկարողանանք փոխզիջման հասնել, համաձայնության գալ, թե ինչպես առաջ շարժվել այս հարցում»:

Թուրքիայից բացի, Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում բացասական դիրքորոշում ունի նաև Ռուսաստանը, որն Ուկրաինա էր ներխուժել նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի ցանկությանն ի պատասխան։ Մոսկվան հայտարարում է, թե սկանդինավյան հարևանների որոշման հետ խնդիր չունի, բայց Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի այդ երկրների տարածքներում դաշինքի ռազմական ենթակառուցվածքների ընդլայնման պարագայում։

Հիմնադրումից ի վեր, 73 տարվա ընթացքում ռազմական դաշինքի անդամների թիվը հասել է 30-ի: Վերջինը կառույցին միացել է Հյուսիսային Մակեդոնիան՝ 2020 թվականին։ Արևմտյան մամուլը գրում է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումի հաստատման դեպքում անդամակցության վավերացումը բոլոր անդամ երկրների կողմից կարող է մինչև մեկ տարի տևել։

Թուրքիայի ախորժակը բացվել է

Թեև պաշտոնյաները հայտարարել են, որ Թուրքիան չի պատրաստվում սակարկել Ֆինլանդիայի և քրդական հակամարտության հանդեպ Շվեդիայի դիրքորոշման շրջանակներից դուրս եկող հարցերի շուրջ, Անկարայի հավակնությունները ՆԱՏՕ-ի հանդեպ խորն են, և նրա ցանկությունների ցանկը երկար է, ըստ News.am-ի, գրում է Bloomberg-ը: «Թուրքիան ուզում է, որ իրեն կրկին ընդգրկեն F-35 կործանիչների ծրագրում, որից դուրս է մնացել Ռուսաստանից Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելուց հետո։

Նա նաև ԱՄՆ-ից պահանջել է մեկ տասնյակ F-16 ինքնաթիռներ և արդիականացման կոմպլեկտներ իր գոյություն ունեցող պարկի համար: Ավելին, Թուրքիան ցանկանում է, որ ԱՄՆ-ը չեղարկի Ս-400-ների գնման համար նախատեսված պատժամիջոցները։

Պաշտոնյաները հերքել են այն գաղափարը, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալուն Թուրքիայի դիմադրությունը որևէ կապ ունի Ռուսաստանի հետ նրա կապերի կամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարեկամության հետ:

Աղբյուրները նաև հերքել են, որ ՆԱՏՕ-ի գամբիտը կապված է ներքին քաղաքականության հետ՝ հերքելով այն առաջարկությունները, թե քրդական հարցը համաշխարհային հարթակ դուրս բերելը նպատակ ունի օգուտ բերել Էրդողանին՝ հաջորդ տարի նախատեսված ընտրություններից առաջ ազգայնականների աջակցության հաշվին: Պաշտոնյաներն ասում են, որ Թուրքիան իր ազգային շահերին համահունչ արտաքին քաղաքականություն է վարում և կհամաձայնի ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, եթե սկանդինավյան երկրների վերաբերյալ իր արտահայտած մտահոգությունները բավարարվեն:

Թուրքիան նաև ուզում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան չեղարկեն զենքի արտահանման սահմանափակումները, որոնք նրանք սահմանել էին Թուրքիայի և Եվրամիության մի քանի այլ անդամների հետ՝ 2019 թվականին Սիրիա ներխուժումից հետո: Թեև երկու երկրների հետ Թուրքիայի զենքի առևտուրը աննշան է, և նա չի ձգտում որևէ մեծ պաշտպանական գնումների, պաշտոնյաներն ասում են, որ Անկարան չի համաձայնի ռազմական դաշինքի ընդլայնմանն այն երկրների հետ, որոնք արգելափակում են զենքի գործարքները: Այդ մասին հրապարակայնորեն հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ասելով, որ սպառազինությունների սահմանափակումները դաշինքի «ոգու դեմ են»:

«Թուրքիան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության համար 10 պայման է առաջադրել»

Թուրքիան պատրաստվում է Ֆինլանդիային և Շվեդիային, որոնք հայտարարել են ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մտադրության մասին, 10 պայմանից բաղկացած մանիֆեստ ներկայացնել, ըստ News.am-ի՝ գրել է Sabah թերթը։ Ինչպես գրել է թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին, որպեսզի Թուրքիան այդ երկու երկրների հետ «դաշնակցային» հարաբերությունների մեջ գտնվի, պետք է կատարվեն Անկարայի տասը պայմանները։ Թերթի տվյալներով՝ խոսքը Ֆինլանդիայի և Շվեդիայի այն դիրքորոշումը հստակեցնելու մասին է, որը վերաբերում է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը և նրա «ածանցյալները» «ահաբեկչական կազմակերպություններ» համարելուն։

Թուրքիան, գրել է Sabah-ը, Շվեդիայից և Ֆինլանդիայից կպահանջի դադարեցնել իրենց խորհրդարաններում ընդունել այն կազմակերպությունների անդամներին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական, ինչպես նաև դադարեցնել քրդական կազմավորումների ֆինանսական աջակցությունը ԻՊ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի անվան տակ։

Անկարան, նշվել է հոդվածում, ՆԱՏՕ-ի թեկնածուներից կպահանջի խուսափել Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավար կազմի հետ շփումներից, ինչպես նաև դադարեցնել իսլամական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի՝ Թուրքիայում արգելված կազմակերպության «գործունեությունը»։

Թուրքիան Ստոկհոլմից և Հելսինկիից կպահանջի արագացնել իր տարածքում արգելված կազմակերպությունների հետախուզվող անդամների արտահանձնումը, ինչպես նաև չաջակցել «Թուրքիայի անվտանգության դեմ ցանկացած գործողության»։ Անկարան Շվեդիային և Ֆինլանդիային առաջարկում է «հանդես գալ այնպիսի մեխանիզմի ստեղծման համատեղ նախաձեռնությամբ, որը կսատարի կանոնավոր խորհրդակցությունների անցկացմանը և Թուրքիայի հետ սերտ համագործակցությանը ահաբեկչության դեմ պայքարում», գրել է թերթը։ Նրա տվյալներով՝ Թուրքիան կխնդրի «դադարեցնել ահաբեկչական կազմակերպություններին տրվող դրամական հոսքը, փակել նրանց բանկային հաշիվները սկանդինավյան երկրների տարածքում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1128 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ից հաստատում են․ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվում Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Հայաստանի իշխանությունները կարող էին եվրոպացիներից խնդրել ոստիկանական ուժեր՝ ընդդիմադիրների գրասենյակները շրջափակելու համար. Մանուկյան Ռուս-վրացական սահմանին մոտ 2000 բեռնատար է մնացել․ «Ինտերֆաքս» Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «ՎԱԶ 2104»-ը և «ՎԱԶ 21099»-ը․ կան վիրшվորներ Դատախազը դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Կատարվել է Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հnւղարկավորության արարողությունը. Մայր Աթոռ ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ». Ազատություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am