Ազնիվ երկխոսություն առաջարկեցինք, բայց ՆԱՏՕ-ի երկրները չլսեցին մեզ. Հաղթանակի օրվա Պուտինի ուղերձն աշխարհին

Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակին նվիրված զորահանդեսն ընթացավ։ Կարմիր հրապարակում հնչել են՝ «Ուշադրություն, խոսում և ցուցադրում է Մոսկվան, լսեք և դիտեք Կարմիր հրապարակը։ Ի նշանավորումն 1941-1945թթ. Մեծ հայրենականում տարած հաղթանակի 77-ամյակի՝ հնչեցին Հաղթանակի զորահանդեսի ավանդական խոսքերը։

«Սրբազան պատերազմ» երգի հնչյունների ներքո Պրեոբրաժենյան գնդի պատվո պահակի գումարտակի խումբը հրապարակ է բերել Ռուսաստանի և Հաղթանակի դրոշները՝ 1945թ. 150-րդ Իդրիցյան դիվիզիայի կողմից Ռեյխստագի վրա բարձրացված կարմրաձող դրոշը։ Ռուսաստանի և Հաղթանակի խորհրդանշաններն անցնում էին տրիբունաների և շքերթի հաշվարկների առջևով։ Կենտրոնական տրիբունայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր, վետերանները և միջոցառման հյուրերը։ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը գլխավորում էր շքերթը, նրան ընդունում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Զորահանդեսին պատրաստ լինելու նախարարի զեկույցից հետո գլխավոր հրապարակի տրիբունայից ռուսաստանցիներին դիմեց պետության ղեկավարը։ Քայլերթով անցնելու էր մոտ 11 հազար մարդ։

Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են հատուկ օպերացիան Ուկրաինայում, իսկ զուգահեռ Մոսկվան սկսեց Հաղթանակի օրվա տոնակատարությունները նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ՝ հսկայական ռազմական շքերթով՝ նշելով Խորհրդային Միության դերը 1945 թվականին նացիստական Գերմանիայի պարտության մեջ:

Պուտինը ելույթում կրկնեց իր հին թեզը, որ հրաման է տվել հարձակվել Ուկրաինայի վրա, քանի որ կար սպառնալիք, որ Ուկրաինան կհարձակվի Ռուսաստանի վրա։ Նա ասաց, որ Ռուսաստանի սահմանների մոտ անմիջական սպառնալիք էր ստեղծվում, հարձակում էր նախապատրաստվում, այդ թվում՝ Ղրիմի վրա։

Արևմուտքը չցանկացավ լսել մեզ. Պուտինի ելույթը Կարմիր հրապարակում

Ռուսաստանի սահմանների մոտ անմիջական սպառնալիք էր ստեղծվում, հարձակում էր նախապատրաստվում, այդ թվում՝ ռուսական Ղրիմի վրա, այսօր Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բացահայտորեն նախապատրաստվում էին մեկ այլ պատժիչ գործողության Դոնբասում՝ ներխուժելու մեր պատմական հողեր, այդ թվում՝ Ղրիմ: Կիևում հայտարարվեց միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման մասին, և ՆԱՏՕ-ի դաշինքը սկսեց ակտիվ ռազմական զարգացումը հարակից տարածքների վրա: Այսպիսով, մեզ համար բացարձակապես անընդունելի վտանգ է ստեղծվեց, ընդ որում՝ անմիջականորեն մեր սահմաններին»,- ըստ Tert.am-ի, ասել է ՌԴ ղեկավարը։

Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված է տվել ագրեսիային։ «Մենք տեսել ենք, թե ինչպես է զարգանում ռազմական ենթակառուցվածքը, ինչպես են սկսել աշխատել հարյուրավոր օտարերկրյա խորհրդականներ, ՆԱՏՕ-ի երկրներից ամենաժամանակակից սպառազինությունների կանոնավոր մատակարարումներ են եղել։

Ամեն օր վտանգը մեծանում էր։ Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված տվեց ագրեսիային: Դա հարկադրված, ժամանակին և միակ ճիշտ որոշում էր՝ ինքնիշխան, ուժեղ, անկախ երկրի որոշում»,- ասել է Պուտինը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը կոչ է արել Արևմուտքին ազնիվ երկխոսության, բայց ամեն ինչ ապարդյուն էր։ «Ռուսաստանը միշտ հանդես է եկել հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի ստեղծման օգտին, մի համակարգ, որը կենսական նշանակություն ունի ողջ համաշխարհային հանրության համար»,- ընդգծել է Պուտինը։ «Անցյալ տարվա դեկտեմբերին մենք առաջարկեցինք պայմանագիր կնքել անվտանգության երաշխիքների վերաբերյալ, Ռուսաստանը կոչ արեց Արևմուտքին ազնիվ երկխոսության, խելամիտ փոխզիջումային լուծումներ գտնել, միմյանց շահերը հաշվի առնելու: Ապարդյուն: ՆԱՏՕ-ի երկրները չցանկացան լսել մեզ»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը։

Պուտինն ընդգծել է, որ արևմտյան երկրների նման դիրքորոշումը նշանակում է, որ «իրականում նրանք բոլորովին այլ ծրագրեր ունեին»։ «Եվ մենք դա տեսանք»,- ասել է նա։ Պուտինն ասել է, որ Դոնբասի աշխարհազորայիններն ու ռուսական բանակի զինվորները կռվում են սեփական հողի վրա, որտեղ նրանց նախնիները հաղթել են թշնամուն։ «Այժմ այստեղ՝ Կարմիր հրապարակում, մեր հսկայական Հայրենիքի շատ շրջանների զինվորներն ու սպաները կանգնած են ուս ուսի, ներառյալ նրանք, որոնք ժամանել են անմիջապես Դոնբասից, անմիջապես մարտական գոտուց», - ըստ Tert.am-ի՝ ասել է նա:

Պուտինը չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում․ Մեծ յոթնյակի առաջնորդներ

Պուտինը չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում, կրկին հայտարարում են Մեծ յոթնյակի առաջնորդները։ «Նախագահ Պուտինը չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում։ Մենք պետք է դա անենք հանուն բոլոր նրանց հիշատակի, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել են ազատության համար, հանուն Ուկրաինայի և Եվրոպայի ժողովրդի», - նշված է Սպիտակ տան կայքէջում հրապարակված հայտարարությունում։ Մեծ յոթնյակի երկրների առաջնորդները երեկ տեսակոնֆերանս են անցկացրել և Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային աջակցությունը մեծացնելու մասին հայտարարություն ընդունել։

Տեսակոնֆերանսին մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ում կողքին նստած էր Կիև ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Զելենսկին նորից հայտարարել է սեփական երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վճռականության մասին։ Կիևի վերջնական նպատակը, նրա խոսքով, Ռուսաստանի ռազմական ուժերի և տեխնիկայի դուրսբերումն է Ուկրաինայի ամբողջ տարածքից և ապագայում երկրի անվտանգության ապահովումը։
Մեծ յոթնյակի առաջնորդները, իրենց հերթին, կրկին պնդել են, որ պատրաստակամ են Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու հարցում։

Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարությունում նշված է նաև, որ հանդիպումը տեղի է ունեցել Երկրորդ աշխարհամարտի ավարտի տարեդարձին, և դրա մասնակիցները հարգում են միլիոնավոր զոհերի հիշատակն ու հարգանքի տուրք մատուցում ֆաշիզմին հաղթած դաշնակից երկրներին, այդ թվում՝ Սովետական Միությանը։

«77 տարի անց նախագահ Պուտինն ու նրա ռեժիմը որոշեցին ներխուժել Ուկրաինա՝ չհրահրված ագրեսիա սկսելով ինքնիշխան երկրի դեմ։ Պուտինի գործողություններն անարգանք է Ռուսաստանի և նրա ժողովրդի պատմական զոհաբերություններին», - ինչպես հաղորդում է «Ազատությունը», ասվում է հայտարարությունում։

Աշխարհի ամենազարգացած երկրները ևս մեկ անգամ հայտարարում են նաև, որ կգործադրեն բոլոր ջանքերը «նախագահ Պուտինին, ինչպես նաև այս ագրեսիայի կազմակերպիչներին ու մեղսակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին, միջազգային իրավունքի համաձայն պատասխանատվության ենթարկելու համար»։ Հանդիպման մասնակիցները նաև հայտարարեցին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ ներառյալ նախագահ Պուտինին աջակցող ֆինանսական էլիտայի և նրա ընտանիքի անդամների դեմ արշավի շարունակությունն ու ուժեղացումը, ինչպես նաև ռուսական նավթի ներկրման աստիճանական արգելքը։

Բոլոր ջանքերը կգործադրենք Պուտինին և Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար

«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները համատեղ հայտարարությամբ խոստացել են միջազգային իրավունքին համապատասխան պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի դեմ ագրեսիայի ճարտարապետներին ու մեղսակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին։ «Մենք բոլոր ջանքերը կգործադրենք նախագահ Պուտինին և այս ագրեսիայի ճարտարապետներին ու մեղսակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին, պատասխանատվության ենթարկելու իրենց գործողությունների համար՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Դա անելու համար մենք կշարունակենք աշխատել մեր դաշնակիցների և գործընկերների հետ ամբողջ աշխարհում»,- ասվում է G7-ի առաջնորդների հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Պուտինին կոչ է արել հանել զորքերն Ուկրաինայից
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգն էլ իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել անհապաղ դադարեցնել հատուկ ռազմական գործողությունը և զորքերը դուրս բերել Ուկրաինայից։ «Ես մեկ անգամ ևս կոչ եմ անում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մայիսի 9-ին անհապաղ դադարեցնել պատերազմը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից և սկսել խաղաղ բանակցություններ»,- ասել է Սթոլտենբերգը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ դաշինքը ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին և կօգնի նրան «իրականացնելու ինքնապաշտպանության իր իրավունքը»։

Պուտինի բանակն այս պահին գտնվում է լիակատար պարտության եզրին, պնդում է Ավակովը

Ռուսաստանը ցանկանում էր մինչև մայիսի 9-ը գրավել Ուկրաինայի ամբողջ արևելքն ու հարավը, նրանց դա չհաջողվեց, «Ազատության» հետ զրույցում ասել է Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը՝ շեշտելով՝ Ռուսաստանն ուզում էր գրավել Մարիուպոլը, որն այնտեղ պաշտպանվում է մեկ ստորաբաժանման՝ «Ազովի» գումարտակի գլխավորությամբ, դա էլ չեն կարողանում անել։ Ավակովի խոսքով՝ Պուտինի բանակն այս պահին գտնվում է լիակատար պարտության եզրին։

Արևմտյան մի շարք աղբյուրներ՝ այդ թվում CNN-ը, վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել են, թե Ռուսաստանի նախագահը կարող է մայիսի 9-ին պաշտոնապես պատերազմ և պահեստազորի մոբիլիզացիա հայտարարել։ Հավելյալ ուժերն, ըստ նույն աղբյուրների, անհրաժեշտ են Ուկրաինայի արևելյան և հարավային տարածքները գրավելու համար։ Ավակովի խոսքով՝ իրենց համար միևնույն է, թե ինչ է Պուտինը հայտարարելու՝ շեշտելով՝ «պատերազմն արդեն ողջ թափով ընթանում է» և նույնիսկ «Պուտինի մոբիլիզացիան մեծ դեր չի խաղում»։ «Այո՛, Ռուսաստանը հսկայական երկիր է՝ 140 միլիոն բնակչությամբ, և տեսականորեն նրանք կարող են մեծ թվով մարդկանց զորակոչել։ Բայց ես տեսնում եմ, թե ինչով են Ուկրաինայում այժմ կռվում, ինչպես նրանք են ասում, աշխարհի ամենահզոր բանակի զինվորները: Բանակի ամենավատ ապահովումներից մեկն է, որ ես երբևէ տեսել եմ․ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա սաղավարտներով, շատերն առանց զրահաբաճկոնների և այլն», - ասաց Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարարը՝ շեշտելով՝ Ռուսաստանն ի վիճակի չէ որևէ պատրաստված ուժեր արագ զինելու:

400-500 հազար մարդու կարող են զորակոչել, բայց ապահովելու, զինելու, պատրաստելու համար ժամանակ է պետք, որը չունեն, ասաց Ավակովն ընդգծելով՝ հետևաբար Պուտինի բանակն այս պահին գտնվում է լիակատար պարտության եզրին։ «Երկու-երեք շաբաթ առաջ նրանք հայտարարեցին արևելքում տոտալ գերհարձակման մասին։ Եվ դրանից հետո, հիմա արդեն երկու շաբաթ է անցել, և գերհարձակման արդյունքում նրանք առաջ են եկել երկու, երեք, հինգ կիլոմետր, իսկ տեղ-տեղ, ընդհակառակը, մենք նրանց հետ ենք մղել։ Նրանք առաջ գնալու հնարավորություն չունեն», - ասաց Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարարը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1705 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am