Լրտեսների գործը փլվում է. սիրային նամակներն իրեղեն ապացույց են համարել

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարին ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտն աղմկեց օտարերկրյա լրտեսական ցանցի բացահայտման մասին։ Հայրենիքի դավաճանության այս գործով անցնում է 19 զինվորական։ Նրանք իբր սոցցանցերով ինչ-որ ֆեյք կանանց հետ են ծանոթացել եւ գումարի դիմաց նրանց փոխանցել են տվյալներ՝ հայկական զորամասերի տեղակայման, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, անձնակազմի եւ այլնի վերաբերյալ:

Մի քանի հոգի էլ՝ հնամաշ կոշիկներ հագած, հեռուստատեսությամբ ուրախ ձայնով պատմեցին, որ դոլարներ են ստացել տվյալներ փոխանցելու դիմաց։ ԱԱԾ-ն չի հայտնում, թե որ ժամանակահատվածում են իրականացվել լրտեսական գործողությունները, ինչ վնաս է հասցվել պետությանը, անգամ փաստաբանների անուններն են գաղտնի պահվում։ Տեղեկատվական վակուումի պայմաններում սկսեցին լուրեր տարածվել, թե այս գործը կարվել է հենց հակահետախուզությունում, իսկ այժմ մեզ հայտնի է դարձել, որ գործի կարերը պայթում են, եւ ԱԱԾ քննիչները ոչ մի կերպ չեն կարողանում գլուխ բերել ու քննությունը հասցնել տրամաբանական ավարտին։


«Եթե իմ որդին մեղավոր է, բերեք` դրեք դեմս, ես ինքս նրան փրթիկ-փրթիկ անեմ»,- ասել է Վեդիում բնակվող կադրային սպա, կապիտան Տարոն Ամիրխանյանի մայրը՝ Ալվարդ Մանուկյանը, իրեն հարցաքննող ԱԱԾ-ականներին։ Նա իր փաստաբանի օգնությամբ միջնորդություն է ներկայացրել՝ պարզելու, թե որտեղից են եկել ֆեյք-աղջկա նամակները որդուն, միջնորդել է վեր հանել Տարոն Ամիրխանյանի եւ այդ աղջկա խոսակցությունը, հեռախոսազրույցները։ Ոչ մի միջնորդություն ԱԱԾ քննիչները չեն բավարարել։ «Ուրեմն, էդ նամակ ուղարկողը հենց քո կողքը նստած է, ոչ մի ադրբեջանցի էլ չի,- եզրակացրել է Ալվարդ Մանուկյանը։- Ո՛չ բանկային հաշիվ կա կամ այլ փաստաթուղթ, որ որդուս փող են փոխանցել, ո՛չ էդ աղջկա հետ պերեպիսկեն են ցույց տալիս, ո՛չ գոնե ասում են, թե որտեղից է էդ աղջիկը նամակներ գրել տղայիս»։

Որքան էլ զարմանալի է, քիչ էր մնացել՝ նա գնար էդ աղջկա ձեռքն ուզելու իր տղայի համար։ Կինը պատմում է, որ իր հերոս, պատերազմի մասնակից, կադրային զինվորական որդին մի թերություն ունի՝ կնամոլ է։ Նախկին կնոջ հետ էլ հարաբերությունները վատ են եղել, ու Տարոնի սոցցանցերի էջերում բազմաթիվ կանայք են «բնակվել»։

Պատերազմը սկսվելուց հետո նրա էջին «մի սիրուն աղջիկ» նամակ է գրել, ներկայացել է որպես Վրաստանի բնակիչ։ Խոսել է նրա որդու հետ 2020 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021 թվականի հունվար, մի երկու անգամ՝ վայբերով։ Խոսել է ռուսական համարներով, մաքուր հայերենով ու առանց ակցենտի։ «Տղաս կնոջ հետ հաշտ չէր, որոշեց, որ սրա հետ ամուսնանալու է։ Ոսկի մատանի առանք, պատրաստվեցինք, որ գնանք Վրաստան՝ էդ աղջկան ուզելու։ Բայց էդ աղջիկն ինձ դուր չէր գալիս։ Մի օր նարգիլե ծխելով նկար ուղարկեց, հասկացանք, որ էն աղջիկը չի, որ տուն բերենք։ Տղաս դրան հանեց գլխից։ Մի օր էլ դա կապ հաստատեց Տարոնի նախկին կնոջ հետ, բայց նրա որեւէ տվյալ կամ հեռախոսահամար, կամ անուն տղաս չէր ասել։ Ադրբեջանցին ի՞նչ իմացավ, թե նա նրա կնիկն է, որ նրան զանգեց»,- հարցնում է Ալվարդ Մանուկյանը։

Նա վստահ է, որ այդ աղջկան տվյալները փոխանցել են հենց մեր ԱԱԾ-ականները։ Պատմում է նաեւ, որ Տարոնին մի օր իր մոտ է կանչել Արարատի ԱԱԾ պետը, հարցրել է «դրսերի հետ» նամակների մասին, եւ Տարոն Ամիրխանյանը ցույց է տվել այդ նամակները ԱԱԾ-ականին։ «Թեման փակվել է։ Պատերազմի մասին խոսք անգամ չի եղել էդ նամակներում, ո՛չ քարտեզ, ո՛չ բան։ Մի երկու նկար է եղել տղայիս, մեկը՝ բենզակալոնկի առաջ նկարված, մեկն էլ՝ իր կաբինետում, էլ ոչինչ։ Եթե տղաս կարեւոր տվյալներ փոխանցած լիներ, հիմա վաղուց փակել էին գործը, ուղարկել էին դատարան»,- ասում է մայրը։

Նա արցունքով պատմում է, որ ընտանիքը ծանր վիճակում է հայտնվել այն բանից հետո, երբ որդուն պիտակավորեցին որպես հայրենիքի դավաճան։ Բարեկամներն իրենցից երես են թեքել, իսկ թոռնիկը՝ Տարոնի երեխան, արդեն մի քանի ամիս է, հոգեբանորեն ընկճված վիճակում է, հորն է ուզում։ Տարոն Ամիրխանյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, Ջեբրայիլում մարտերի ժամանակ նա 30 հոգանոց խումբ է հանել շրջափակումից, ինքը վիրավորվել է, բուժվել է հոսպիտալում, ապա կրկին մեկնել է ռազմաճակատ։ «Եթե դավաճան լինեի, ինչո՞ւ պետք է մարդկանց հանեի շրջափակումից»,- հարցրել է նա դատավորին` իր կալանքը երկարաձգելու որոշումը քննարկելու ժամանակ։

Դատարանում ԱԱԾ քննիչները որեւէ ապացույց չեն ներկայացրել, ընդամենը պահանջել են դատարանից՝ երկարացնել կալանքը, որ Տարոն Ամիրխանյանը հանկարծ փախուստի չդիմի։ Տարոն Ամիրխանյանը փայլուն ծառայության համար բազմիցս խրախուսվել է վերադաս հրամանատարության կողմից, պատվոգրեր ունի, շնորհակալագրեր, դրական բնութագրեր, բայց այս փաստաթղթերը, որոնք բնութագրում են կապիտան Ամիրխանյանի անձն ու հայրենասիրական որակները, քրեական գործին չեն կցվել։

Քննիչը համարել է, որ դրանք գործի հետ առնչություն չունեն։ Ամիրխանյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել կալանքը երկարաձգելու դատարանի որոշման դեմ։ Մտավախություն կա, որ դատարանը կաշկանդված է այս գործով արդար որոշում կայացնելու հարցում, եւ գործը մակագրվելու է երդվյալ իշխանականներին՝ դատավորներ Արմեն Դանիելյանին կամ Տիգրան Սիմոնյանին։

Հետաքրքիր է, որ հայրենիքի դավաճանության քրեական գործով ներգրավված մեղադրյալների մեծ մասը հանրային պաշտպաններ ունեն, որոնց անունները գաղտնի են պահվում։

Տպավորություն է, թե ԱԱԾ քննիչները մնացել են իրենց արած «աղմկոտ բացահայտման» ու Նիկոլի՝ դավաճանների անուններ հրապարակելու խոստման տակ եւ հիմա ամեն գնով ձգտում են այս գործը հորով-մորով անել, որ մի քանի անձի դատեն ու ցույց տան, թե ովքեր են պատերազմում պարտության մեղավորները։

Մենք փորձեցինք դատախազությունից ճշտել, թե քրեական գործում կա՞ն արդյոք տվյալներ կամ փաստաթղթեր, որոնք հաստատում են այն փաստը, որ գումարներ են փոխանցվել մեղադրյալներին, կամ` մեր զինվորականներին զանգողների JPS-ով հաստատված կոորդինատներ ունե՞ն։ «Իհարկե, սակայն դրանք ուղղակի նախաքննության տվյալներ են, որոնք չեն կարող հրապարակման ենթակա լինել»,- պատասխանեցին մեզ դատախազությունից: Կսպասենք այդ փաստաթղթերի հրապարակմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 445 անգամ
Լրահոս
«Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան Կիրանց գյուղում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող պատը «խաղաղության» խորհրդանիշ չէ․ Ռոբերտ Քոչարյան Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Թույն ու թարախով ապրած շորթո՛ղ, բոմժությունից խոսելուց առաջ քո շանգյալներին տեր կանգնի»․ Շահինյան (video) Ղեկավար դառնալուց առաջ բժշկական ստուգում պետք չէ՞, կիսահիվանդն է կառավարում. քաղաքացին` Քոչարյանին (video) «Ես շուն պահող եմ,բայց դրան շան տեղ մի դրեք»․Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի վիրավորանքին (video) «Էս խուլիգան խունտան քրեորեն պատժվելու՞ է»․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանի դիպուկ պատասխանը քաղաքացու պահանջին (video) Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց՝ ինչու էր Փաշինյանը երեկ իրեն կորցրել․․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am