Ստեղծել արտահամակարգային քաղաքական բեւեռ. «Սասնա ծռեր»-ի ուղերձը

«Սասնա ծռերի» եւ ընկերները ուղերձ են հղել բանտից եւ ընդհատակից՝ «Սասնա Ծռերի» ապստամբության տարեդարձի առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցնե՛ր, Մեկ տարի առաջ Սասնա Ծռեր ռազմաքաղաքական խմբավորումը 1921թ․-ից ի վեր առաջին անգամ զինված ապստամբություն կատարեց թրքաբոլշեւիկյան համակարգի դեմ։ Ազգային ազատագրման եւ ժողովրդավարության հաստատման նպատակ հետապնդող այդ գործողությունը բխում էր ապստամբության աստվածային եւ բնական իրավունքից, այդ պատճառով միանգամայն իրավաչափ էր  եւ նրա մասնակիցներն անպարտ են օրենքի առաջ։ Ապստամբությունն իր ճանաչողական- գաղափարական, քաղաքական-իրավական եւ հոգեբանական-հուզական դրսեւորումներով տիպական, բնորոշ, հարազատ եւ յուրային էր ազգային էությանն ու ինքնությանը եւ համահունչ էր նաեւ արժանապատվության, ազատության, արդարության ու այլ առաքինությունների վերաբերյալ համամարդկային ընկալումներին։ Այս ամենի շնորհիվ ապստամբությունը կարողացավ թափանցել մինչեւ հայի անհատական ու կոլեկտիվ  ներաշխարհների ամենախորը ծալքերը, բորբոքել նրա ոգու հնոցը, արթնացնել նրա գիտակցությունը, բացել նրա աչքերը եւ վերստին ծնունդ տալ իր եւ իր զավակների կյանքի գնով ազգային առաքելությանը հավատարիմ, հայրենատեր ու ժառանգորդ տեսակին։ Ուստի ապստամբության հիմնական եւ գլխավոր ձեռքբերումը պետք է համարել այդ տեսակի նորովի ծնունդը։ Այս երեւույթը տեսել եւ հասկացել է նաեւ համակարգը։ Նա գիտի, որ Սասնա Ծռերի ապստամբությունը կտրել է իր կյանքի թելը։ Ուստի ստիպված վերանայել եւ շատ հարցերում կասեցրել է մեզ մարսելու իր ծրագիրը։ Կտրված թելը կապելու եւ իր հրեշավոր ծրագիրն ավարտին հասցնելու համար Դեւ համակարգը հրեշտակի կերպարանք առած ձգտում է ամեն գնով եւ կերպով խաբել ու մոլորեցնել, գինով հարբեցնել, մեղքերով գայթակղել եւ իրենց հանցակից դարձնելով՝ կրկին քառսուն գազ հորը գցել, այսինքն՝  իր մահացու գիրկը վերադարձնել արթնացած Ծուռ տեսակին։ Այդ նպատակով համակարգի հիմնական հայաստանյան գործիքի՝ գաղութային վարչակազմի գլխավորությամբ մոբիլիզացրել է ամբողջ ենիչերիական ռեսուրսը՝ պետածառայողական վերնախավ, կուսակցություններ եւ դրանց պարագլուխներ, պատգամավորներ, ԶԼՄ-ներ եւ առանձին լրագրողներ, քարոզչական պայքարի մասնագետներ, վերլուծաբաններ, առհասարակ՝ տարաբնույթ գործակալներ, կարիերիստներ, հարմարվողներ եւ Հայրենիք ու արժանապատվություն չունեցող այլազան տականք։ Իրենց դավադիր միասնությունը քողարկելու համար նրանք երգում են նույն երգի տարբեր հատվածները, հաճախ՝ տարբեր ձայներանգներով։ Սակայն նրանց մատնում է կրկներգը, որ նրանք պարտադիր կերպով կատարում են։ Այս ենիչերիական «երգչախմբին» հանձնարարված է լուծել խնդիրների մի ամբողջ փունջ, առաջին հերթին՝ նսեմացնել Սասնա Ծռերի ապստամբության արժեքն ու նշանակությունը, վարկաբեկել նրանց եւ մերժել ու չեզոքացնել «ծռություն»-ապստամբությունը որպես մեր պարագայում միակ իրական ելք եւ առհասարակ՝ որպես իրավունքի պաշտպանության, սոցիալական վարքի ու արարքի ձեւ, բթացնել ժողովրդի գիտակցությունը եւ ընկճել նրա կամքը՝ նրան տարուբերելով հեռավոր ապագայի վարդագույն պատրանքների եւ դառը իրականության միջեւ, «ընտրությունների» կամ ապստամբությունը բացասող այլ «ելք»-եր հրամցնել համակարգի ներսում, եթե հնարավոր է՝ խորհրդարանում, իսկ եթե ոչ՝ ապա գոնե համակարգի վերասկողության ներքո գտնվող արտախորհրդարանական տիրույթում։ Իսկ այս արշավի վերջնական արդյունքը պետք է լինի անզորություն եւ դատապարտվածություն սերմանելը, թե մենք ի վիճակի չենք պահել Արցախը եւ գոյատեւել առանց Ռուսաստանի կամ այլ օտար տիրոջ, որպեսզի հիմնավոր դառնա Արցախը եւ ՀՀ ինքնիշխանությունը կլանելու համակարգի ծրագիրը։ Այսօր յուրաքանչյուր հայի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու առջեւ ծառացած է ճակատագրական ընտրության հրամայականը՝ մնալ մեզ որպես սպառվող ռեսուրս օգտագործող համակարգի ներսում, սպասարկել նրա օրակարգը եւ, ի վերջո, ոչնչանալ՞, թե՞ դուրս գալ այնտեղից եւ որդեգրել հայության առաքելության, հայրենատիրության ու ժառանգության ռազմավարական ուղենիշներով առաջնորդվող յուրային համակարգ  (որի միջուկն ու առանցքը պետք է դառնա Հայկական բարձրավանդակի ամբողջ տարածքի վրա կառուցված ազգային պետությունը) ստեղծելու համահայկական օրակարգ եւ անհատական, խմբային ու հանրային բոլոր ջանքերն ուղղել դրա իրականացմանը։ Մենք կասկած չունենք, որ հավերժի ճամփորդ Հայը ընտրելու է ազգային համակարգ կառուցելու օրակարգը։ Անկախ այս երկարաժամկետ եւ բազմափուլ համազգային օրակարգի հարցերի հերթականությունից եւ նրանց բովանդակությունից, դրա առաջին հարցը պետք է դառնա ինքնուրույն ազգային սուբյեկտ- պետության (ազգային կամքի կենտրոնի) ձեւավորումը, ինչի համար առնվազն անհրաժեշտ է․ 1․ Ձերբազատվել այդպիսի սուբյեկտի ձեւավորմանը խոչընդոտող  հանգամանքներից, որոնցից հիմնականներն են՝ ռուս-թուրքական դաշինքով ստեղծված տարածաշրջանային ճարտարապետությունը (որն առնվազն ենթադրում է Հայաստանից Արցախի եւ Նախիջեւանի անջատ վիճակ․ եւ հայկական պետության տարածքի սահմանափակվածություն նախկին ՀԽՍՀ սահմաններում), Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը եւ այդ կախյալությունն ապահովող հայաստանյան գաղութային վարչակազմը։ 2․ Համախմբել եւ արդյունավետ կերպով գործադրել ներկայումս հայության իրավազորության տակ գտնվող եւ 1-ին կետում նշված հանգամանքներից ձերբազատվելու շնորհիվ հայությանը հասանելի դարձող պետական ռեսուրսը՝ տարածքը, բնակչությունը, ինքնիշխանությունը, պետական կառավարման համակարգը եւ այլ ռեսուրսը։ 3․ Այս սուբյեկտը ձեւավորել ազգային համակարգ կառուցելու համահայկական օրակարգի հաջորդ հարցերի շղթայական լուծման համար նվազագույն բավարար (տվյալ դեպքում՝  տարածաշրջանային հայկական գործոնի մակարդակի) պայմաններ ու նախադրյալներ ստեղծելու մեկնարկային նպատակադրությամբ ու լիցքով։ Ուստի նա իր տարածքը, բնակչությունը, ինքնիշխանությունը, կառավարման համակարգը եւ այլ ռեսուրսը որակապես ու քանակապես պետք է ավելացնի եւ համապատասխանեցնի տարածաշրջանային գործոն դառնալու համար բավարար չափանիշներին։ Դիտարկվող պարագայում հենքային եւ գլխավոր ռեսուրսը տարածքն է, որի գործոնային նվազագույն չափանիշը Կուր եւ Արաքս գետերով ամփոփվող միջակայքն է։ Վերը նշվածից բխում է, որ համահայկական օրակարգի առաջին հարցը պետք է դառնա ներկայումս հայության իրավազորության տակ գտնվող Հայաստանի Հանրապետության եւ Արցախի տարածքների վրա ինքնիշխան (ապագաղութացված եւ ինքնուրույն) եւ ժողովրդավարական Նոր Հանրապետության հիմնադրումը։ Նոր Հանրապետություն, որը պետք է ստեղծվի Կուր-Արաքսյան Հանրապետություն դառնալու մեկնարկային նպատակադրմամբ ու լիցքով։ Բնականաբար, այս գործընթացը առնվազն հետեւյալ առարկայական պատճառներով պետք է սկիզբ առնի եւ ընթանա առկա համակարգից ու նրա վերահսկողությունից դուրս․ 1․ Առհասարակ՝ որեւէ համակարգի ներսում հնարավոր չէ լուծել տվյալ համակարգի մակարդակի պրոբլեմը։ 2․ Կոնկրետ մեզ գաղութացնող համակարգն ունի իրեն ծնած եւ պահպանող նպատակը՝ մինչեւ վերջ սպառել ու կլանել մեզ։ Այդ նպատակով ԽՍՀՄ-ի լուծարումից հետո այն մեկ այլ ձեւաչափով վերականգնելու համար համակարգը խորհրդային մոդելի հենքի վրա վերանախագծվել, կառուցվել եւ կատարելագործվում է որպես արտաքուստ պետության ձեւ ունեցող, սակայն խորքի մեջ յուրօրինակ մի հակապետություն՝ սպիտակ ցեղասպանության միջոցով մեզ դիմադրողականությունից զրկելուն միտված իր համապատասխան հակագործառույթներով։ Ուստի, եթե նա խոստանում է բազմակի տեմպերով առաջընթաց, ապա արագացնելու է քայքայման ու հետընթացի տեմպերը, անվտանգություն եւ Ազգ-բանակ՝ խորացնելու է ազգի առջեւ ծառացած գոյութենական մարտահրավերները, իսկ բանակն ամբողջությամբ հանձնելու է օտարին, արդարություն՝ ավարտին է հասցնելու երկիրը բաց սահմաններով համակենտրոնացման ճամբարի վերածելու գործը եւ միակ ընտրությունը թողնելու է ստրկանալու կամ հեռանալու միջեւ, կոռուպցիայի դեմ պայքար՝ կատարելագործելու եւ ծավալելու է կոռուպցիան, բնակչության աճ՝ մարդաթափ է անելու Հայաստանը։ Ակնհայտ է, որ ազգային պետականության ոչնչացման, ցեղասպանության ու հայրենազրկման այսպիսի հականպատակ եւ հակագործառույթներ ունեցող համակարգում հնարավոր չէ որեւէ շոշափելի դրական արդյունքի հասնել։ Ընդամենը կարելի է կեղծ արդյունքի հետամուտ լինելով նպաստել նրա կատարելագործմանը եւ հրեշավոր ծրագրին։ 3․ Համակարգի կենտրոնը, նրա գլուխը Հայաստանում չէ։ Հայաստանում նրա ենթակա բաղադրիչն է, նրա գործիք գաղութային վարչակազմը։ Ուստի ընդամենը ենթակա բաղադրիչի հետ հարաբերվելով, այն էլ՝ նրա գերակա ու վերահսկող կարգավիճակի պարագայում, հնարավոր չէ ազդել համակարգի վրա։ 4․ Համակարգի հայաստանյան գործիք գաղութային վարչակազմի ղեկավար դասն անդառնալի կերպով թաղվել է Հայրենիքի դավաճանության, իշխանության յուրացման, համակարգային կոռուպցիայի, սպանությունների եւ ծանր ու առանձնապես ծանր այլ հանցագործությունների ճահճում։ Անձնական ու խմբային շահերով կազմակերպված այդ հանցավոր համագործակցության անդամների համար փոփոխությունը հավասարազոր է ազատազրկման եւ ունեզրկման, այդ պատճառով նրանք մինչեւ վերջ փորձելու են պահպանել առկա իրավիճակն ու կառավարման լծակները։ Ասվածի թարմ եւ խոսուն ապացույցն է դատարանի նկուղում թրքաբոլշեւիկյան այս համակարգի ոստիկանների միջոցով Սասնա Ծռերին դաժանաբար ծեծելը, ինչն առանց այլեւայլության 1921թ. փետրվարին Երեւանի բանտում կատարված կացնահարման ժամանակակից դրսեւորումն էր: Նոր Հանրապետության հիմնադրման գործընթացը նախապատրաստելու եւ սկսելու համար հարկավոր է այս ամենը հաշվի առնելով ստեղծել արտահամակարգային քաղաքական բեւեռ, որը կդառնա ապագա ազգային համակարգի սաղմը եւ իր վրա կվերցնի քաղաքական եւ ժողովրդային ռեսուրսի մոբիլիզացիայի, համաժողովրդական ընդվզման, գաղութային վարչակազմի հեռացման, ինչպես նաեւ Նոր Հանրապետության հիմնադրման Անցումային փուլի  մեկնարկն ապահովող Ժողովրդի վստահության կառավարության ձեւավորման կազմակերպական բեռը։ Արտահամակարգային բեւեռը կենսականորեն անհրաժեշտ է նաեւ արտաքին հակառակորդի հավանական հարձակման դեպքում, որպեսզի հնարավոր լինի մոբիլիզացնել ժողովրդին եւ խափանել պայմանավորված պատերազմով տարածք հանձնելու ունակ վարչակազմի դավաճանությունը։ Արտահամակարգային բեւեռում համախմբվող գործիչները եւ ժողովուրդը պետք է մտածեն եւ գործեն «ծռավարի»՝ ընդառաջ գնալով վերահաս վտանգին եւ այն դիտելով որպես հաղթանակի լիցք ու ռեսուրս։ Հայությունը շուտով իր հետեւում է թողնելու անկումների ու կորուստների ժամանակը եւ մտնելու է վերածննդի, վերելքների ու ձեռքբերումների ժամանակ։ Սասնա Ծռերի ապստամբությունն այս գործընթացի օրինաչափությունը հաստատող անցման գործողություն էր եւ ապագան մեկնարկող գալիք համաժողովրդական ընդվզման հաջողված փորձարկումն ու կազմակերպական խթանը։ Ապստամբական հանգուցալուծումն անխուսափելի է։ Նախապես արտահամակարգային բեւեռի ստեղծումը այն կդարձնի հնարավորինս նվազ կորստաբեր եւ առավելագույնս արդյունավետ։ Մենք՝ ներքոստորագրյալ ռազմագերիներս, քաղբանտարկյալներս եւ քաղհալածյալներս՝ ա/ դիմում ենք Հայրենիքի եւ պետականության ապագայով մտահոգ բոլոր ուժերին ու անհատներին եւ հորդորում ենք մեր գոյության հաշվին ապրող համակարգի ներսում խորհրդարանական կամ արտախորհրդարանական լուծումներ փնտրելու փոխարեն համախմբվել արտահամակարգային տրամաբանությամբ, բ/ մեր կողմից պատրաստ ենք պատասխանատվության մեր բաժինը ստանձնել ինչպես արտահամակարգային բեւեռի կայացման ու գործունեության, այնպես էլ Ժողովրդի վստահության կառավարության մեջ եւ Անցումային փուլում: Մենք ենք տերը մեր երկրի։ Ստորագրություններ 1.Ժիրայր Սեֆիլյան 2.Գարեգին Չուգասզյան 3.Մխիթար Ավետիսյան 4.Պավել Մանուկյան 5.Վարուժան Ավետիսյան 6.Արայիկ Խանդոյան 7.Արմեն Լամբարյան 8.Կարո Եղնուկյան 9.Հայկ Կյուրեղյան 10.Սերգեյ Կյուրեղյան 11.Արեգ Կյուրեղյան 12.Աշոտ Պետրոսյան 13. Լիպարիտ Պետրոսյան 14. Հովհաննես Հարությունյան 15. Գեւորգ Իրիցյան 16. Արամ Մանուկյան 17. Արթուր Մելքոնյան 18. Գառնիկ Հովակիմյան 19. Արթուր Սողոմոնյան 20. Թաթուլ Թամրազյան 21. Գագիկ Եղիազարյան 22. Արամ Հակոբյան 23. Մարտիրոս Հակոբյան 24. Տիգրան Մանուկյան 25. Վարդան Գերավետյան 26. Ներսես Պողոսյան 27.Գեւորգ Սաֆարյան 28.Թորոս Թորոսյան 29.Սեդրակ Նազարյան 30.Էդվարդ Գրիգորյան 31.Արայիկ Հակոբյան 32. Արթուր Մովսիսյան 33.Տիգրան Սարգսյան 34.Արմեն Բիլյան 35.Հովհաննես Վարդանյան 36.Սմբատ Բարսեղյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am