Հայ-թուրքական 2-րդ հանդիպում. Էրդողանի խաղը վտանգավոր է ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում

Այսօր Վիեննայում կայանալիք հայ-թուրքական բանակցությունների երկրորդ փուլից առաջ նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան պատրաստ է բացել սահմանը, եթե Հայաստանը վճռական է շարունակել բանագնացների մակարդակով ընթացող գործընթացը։

Աֆրիկայից տուն վերադառնալու ճանապարհին Էրդողանը լրագրողների հետ զրույցում խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, ասել, թե գիտեն, որ Հայաստանը հստակ ակնկալիքներ ունի, մասնավորապես` սահմանները բացելու և դիվանագիտական կապեր հաստատելու ուղղությամբ։ «Եթե Հայաստանը հավատարիմ մնա բանագնացների մակարդակով նախաձեռնված գործընթացը շարունակելու գաղափարին, մեզ համար այլևս չեն կարող փակ սահմաններ լինել: Մարդկային շփումների ամրապնդման համար որոշեցինք վերականգնել երկրների միջև ուղիղ չվերթները: Այս ամսվա սկզբին մեկնարկեցին Ստամբուլ-Երևան կանոնավոր թռիչքները», - նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ տարածաշրջանը խաղաղության, կայունության և բարգավաճման կարիք ունի և այդ գիտակցումով իրենք անկեղծ ջանքերով Հայաստանի հետ կարգավորման գործընթաց են սկսել: Թուրքիայի նախագահը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս կողմ է այս քայլերին: «Անկարան գոհ է, որ Հայաստանը հարաբերությունների կարգավորման համար կամք է ցուցաբերում և ակնկալում ենք, որ հայկական կողմը կշարունակի իր դրական մոտեցումը», - ընդգծել է նա։

Էրդողանը հավելել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորումը նաև վեցի հարթակի շրջանակում է, որը Անկարան նպատակ ունի գործարկել. «Այս առումով Ադրբեջան-Հայաստան և Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացները միմյանց աջակցելով կարող են առաջ գնալ: Տարածաշրջանային համագործակցության գաղափարը ևս օգնում է այս գործընթացներին և սնվում դրանցից»։

Նկատենք, որ հայ և թուրք բանագնացների երկրորդ հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Ավստրիայի մայրաքաղաքում։ Բանակցությունների օրակարգը հայտնի չէ, բայց պաշտոնական Երևանը հայտարարել է, թե առաջին՝ ճանաչողական հանդիպումից հետո առավել առարկայական քննարկում է ակնկալում։

Ի դեպ, հանդիպումից առաջ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև արտգործնախարարության Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավարը։ Պատրիարքարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն, Սերդար Քըլըչը գոհունակությամբ է խոսել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած առաջին հանդիպման մասին և հույս հայտնել, թե երկու երկրների տեսլականի համաձայն, փոխադարձ առողջ քայլերով պետք է հող նախապատրաստվի դրական զարգացումների համար: Պատրիարք Մաշալյանը ողջունել է թուրք դիվանագետին և մաղթել, որ նրա ստանձնած դիվանագիտական առաքելությունը հաջողությամբ պսակվի։ Բարձրաստիճան հոգևորականը ընդգծել է, որ աջակցում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին և համոզմունք հայտնել, որ բարիդրացիական հարաբերությունները չեն սահմանափակվի երկու երկրներով, խաղաղության մթնոլորտ կձևավորվի ողջ տարածաշրջանում՝ դուռ բացելով տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումների համար:

Եվ այսպես, այսօր Վիեննայում բանակցելու են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները։ Հունվարին Մոսկվայում առաջին հանդիպումից հետո Երևանն է առաջարկել հաջորդ անգամ Ավստրիայի մայրաքաղաքում քննարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։

Թուրքիայի նախագահը սպասվող բանակցություններից ժամեր առաջ հայտարարել է՝ Անկարան կարող է բացել սահմանները և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, եթե Երևանը հավատարիմ մնա գործընթացը շարունակելու գաղափարին։ Չակերտներ Էրդողանը չի բացել։

Առաջին հանդիպումից հետո Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները հայտարարեցին, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների՝ ընդգծելով, որ հանդիպումն ընթացել է դրական և կառուցողական մթնոլորտում։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հրավիրված են մարտի 11-ից 13-ը թուրքական Անթալիայում անցկացվելիք դիվանագիտական ֆորումին։ Երևանը հայտարարել է, որ այսօրվա բանակցությունների արդյունքներից է նաև կախված որոշումը՝ կընդունե՞ն հրավերը, թե՞ ոչ։ «Հույս ունեմ, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջև, քննարկումներ ուղղված Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Պաշտոնական Անկարայից այս մասին եկող ազդակները, ուղերձները, ակնարկները առավելապես դրական կոնտեքստի մեջ են և մեր ակնկալիքներն էլ այդպիսինն են», - ասաց Միրզոյանը։

Այսօր արդեն վաղ առավոտից հայտնի դարձավ, որ Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն կլինի: «Նախագահ Էրդողանը նախագահական համալիրում Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Հանդիպմանը գնահատվելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Հանդիպումից հետո սպասվում է Թուրքիայի ղեկավարի հայտարարությունը», - հայտնում են թուրքական պարբերականները:

Ռուսաստան-Ուկրաինա՝ այսօր վաղ առավոտից ծավալված պատերազմն անշուշտ կփոխի իրավիճակը ողջ աշխարհում, ինչպես նաև մեր տարածաշրջանում: Թուրքիայի խաղը մեր տարածաշրջանում կարող է ավելի վտանգավոր դառնալ:

Մետաքսյա Շալուն

դիտվել է 2221 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am