Ահա և վերջ, «կինոն» ավարտվեց...

Երեկ ամբողջ աշխարհը շունչը պահած սպասում էր գիշերը ժամը 3:00-ին, ըստ արևմտյան մամուլում հայտնված «աղբյուրների» տեղեկությունների՝ հենց այդ ժամին Ռուսաստանը հարձակվելու էր Ուկրաինայի վրա:

Բայց անգամ ռուսական իշխանությունների հայտարարությունների ֆոնին, որոնք միաբերան ասում էին, որ ՌԴ-ն պատերազմ չի ուզում, արևմտյան մամուլը, փորձագետները «հարձակման» քարտեզներ, ժամեր, տարբերակներ, անգամ «օպերացիայի» անվանումներ էին հրապարակում, վստահեցնելով, որ փետրվարի 16-ին հարձակումը կայանալու է: Այս հիստերիայի արդյունքում ԱՄՆ-ից տարածված տեղեկությունների ֆոնին արևմտյան երկրները մեկը մյուսի հետևից սկսեցին իրենց երկրի քաղաքացիներին կոչ անել՝ լքել Ուկրաինան:

Հիմա ռուսները ծիծաղում են, մեղադրում Արևմուտքին, որ իրենց զավեշտալի վիճակի մեջ դրեցին՝ իրենց իսկ բարձրացրած հիստերիայով, իսկ Արևմուտքից ասում են՝ ահա, տեսեք, թե ինչպես վախեցավ Ռուսաստանը, մենք կանխեցինք Ուկրաինայի նկատմամբ ռուսական հարձակումը...

Եվ ինչ արդյունքում՝ բոլոր կողմերը հիմա կգնան, կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Պուտինը հասկացրեց, որ իր հետ պետք է խոսեն, պայմանավորվեն, բանակցեն, Արևմուտքն էլ ցույց տվեց, որ, թեև Ուկրաինային աջակցում է, բայցև ՌԴ-ի հետ պետք է հաշվի նստեն:

«Զորքերը մասամբ ետ քաշելու մասին որոշում է կայացվել», որոշեց Պուտինը

Երեկ Ռուսաստանի և Գերմանիայի առաջնորդների միջև բանակցություններին հետևած համատեղ մամուլի ասուլիսին Պուտինը հայտարարեց. «Զորքերը մասամբ ետ քաշելու մասին որոշում է կայացվել»: Հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատերա՞զմ է ուզում, Պուտինը պատասխանել է. «Իհարկե, ոչ։ Հենց դրա համար էլ մենք ներկայացրել ենք առաջարկներ, որոնք նախատեսում են բանակցություններ, որոնց արդյունքը պետք է լինի բոլորի, այդ թվում` մեր երկրի համար անվտանգության հավասար ապահովման շուրջ պայմանավորվածությունը»:

Պուտինը հերթական անգամ ներկայացրեց ռուսական դիրքորոշումը` ասելով, թե առանցքային հարցերի շուրջ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանը ռուսական առաջարկներին Կրեմլին չեն գոհացրել, սակայն կան կետեր, որոնց շուրջ ռուսական կողմը համաձայն է բանակցել։ Ըստ «Ազատության», ամենաուշագրավը այսօրվա ասուլիսին Դոնբասի անջատականների հանրապետությունների անկախությունը ճանաչելուն վերաբերող Պետդումայի ընդունած փաստաթղթի մասին հարցին Պուտինի պատասխանն էր։ Նա չի ասել, թե Մոսկվան պատրաստվում է ճանաչել այդ հանրապետությունների անկախությունը` շեշտելով, թե ակնկալում է, որ ճգնաժամը կարգավորելու համար Արևմուտքը կստիպի Կիևին կատարել Մինսկի համաձայնագրերը:

Իսկ ի՞նչ կլինի, եթե Կիևը նման քայլի չգնա, և արդյոք Մոսկվան կճանաչի՞ ինքնահռչակ հանրապետությունները, Պուտինը չի ասել, սակայն պնդել է, թե Ռուսաստանի գերակշռող մեծամասնությունը համարում է, որ Դոնբասի հանրապետությունների անկախությունը պետք է ճանաչել. «Մեր երկրի բնակչության գերակշռող մեծամասնությունն աջակցում է Դոնբասի բնակիչներին և հուսով է, որ իրավիճակը կփոխվի»։

Ինչ վերաբերում է զորքերը ետ քաշելուն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հայտարարել է, թե Արևմտյան և Արևելյան ռազմական օկրուգի ստորաբաժանումները Բելառուսից վերադառնում են իրենց նախկին տեղակայման վայրեր։ Մոսկվան նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են տեղաշարժվում տանկերի և այլ զրահատեխնիկայի շարասյուները։
Վարժանքներն ավարտվում են, հայտարարել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Մարտական պատրաստության աշխատանքների մի մասն արդեն ավարտվել է, և զորքերն, ինչպես միշտ, այսօրվանից սկսում են վերադառնալ մշտական տեղակայման կետեր», - ասել է Կոնաշենկովը։ Դեռ հստակ չէ՝ այս տեղաշարժից հետո կոնկրետ քանի զինվոր է շարունակում մնալ Բելառուսի տարածքում, և արդյոք Մոսկվան պատրաստվում է ետ քաշել նաև հարյուր հազարանոց զորքը, որ կենտրոնացրել էր Ուկրաինայի սահմանների մոտ։

Պուտինն ու Շոլցը ծանոթացան, բանակցեցին մի քանի ժամ

Կրեմլում երեկ կայացան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի բանակցությունները։ Երկու գործիչների առաջին անձնական հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Արևմուտքն անտեսել է Մոսկվայի հիմնարար անվտանգության պահանջները, այնուամենայնիվ, Ռուսաստանը պատրաստ է առանձին հարցերի շուրջ բանակցել՝ Եվրոպայում նոր ռազմական հակամարտությունից խուսափելու համար։ Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ հավատարիմ է մնում դեէսկալացիային, ինչպես նաև նշել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ, մինչդեռ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը «քաղաքական աղետ» կլինի:

Լավրովն ու Բլինքենը կարևորում են դիվանագիտական լուծումը

Նախօրեին հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում Բլինքենը վերահաստատել է ճգնաժամի դիվանագիտական լուծման ԱՄՆ ցանկությունը, ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի տարածած հաղորդագրությունում։ Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգներն անհամբեր սպասում է Ռուսաստանի գրավոր պատասխաններին անցյալ ամիս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Մոսկվային ուղարկված փաստաթղթերին, որոնք առաջարկում են կոնկրետ թեմաներ եվրոպական անվտանգության հարցերի քննարկման համար: Դրանք պատրաստվել են դաշնակիցների և գործընկերների հետ համաձայնեցնելով։ Բլինքենը նաև ընդգծել է, որ թեև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր ագրեսիան արագ, կոշտ և միասնական արձագանք կստանա անդրատլանտյան համայնքի կողմից, սակայն ԱՄՆ-ը հավատարիմ է մնում դիվանագիտության ճանապարհին և համոզված է, որ դեռ հնարավորություն կա ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

«Դեռ պետք է համոզվենք՝ արդյո՞ք ռուսական զորքերը իրոք հետ են քաշվում», ասում են ՆԱՏՕ-ից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր հայտարարել է, թե նշաններ, որ ռուսական զորքերի մի մասը ետ է քաշվում Ուկրաինայի հետ սահմանի մոտից, դաշինքը չի տեսնում, սակայն փոխարենը տեսնում է երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն Ռուսաստանի կողմից։

Արևմուտքը, ինչպես և Մոսկվան հայտարարում է, որ բանակցությունների միջոցով ուկրաինական այս աննախադեպ ճգնաժամը կարգավորելու հնարավորություն դեռ կա։ Դրան զուգահեռ, սակայն երեկ Վաշինգտոնը հայտարարեց, թե ամերիկյան դեսպանությունը ժամանակավորապես Կիևից տեղափոխում է երկրի արևմտյան մաս՝ Լվով` ռուսական հնարավոր ներխուժման մասին լուրերի ֆոնին: «Մենք դեռ պետք է համոզվենք՝ արդյո՞ք ռուսական զորքերը իրոք հետ են քաշվում», - այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հավաքի մեկնարկին նշել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ առայժմ, չնայած Մոսկվայից հնչող հայտարարություններին, ռուսական զորքերի կուտակումն Ուկրաինայի սահմանների երկայնքով շարունակվում է։ «Ռուսաստանը դեռ պահպանում է Ուկրաինա առանց նախապատրաստության լայնածավալ ներխուժում իրականացնելու կարողությունը», - նշել է Ստոլտենբերգը։

Կրեմլը չի հստակեցնում՝ պատրաստվո՞ւմ է Պուտինը ճանաչել Դոնեցկն ու Լուգանսկը

Հիշեցնենք, որ Պետդուման օրերս Պուտինին է դիմել Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու խնդրանքով: Պետդուման լիագումար նիստի ժամանակ կողմ քվեարկեց Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին որոշման նախագծին։ Խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, թե փաստաթուղթն անհապաղ կուղարկվի նախագահ Պուտինին։

Դոնբասի հանրապետությունները ճանաչելու գործընթացը նախաձեռել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը։ Ռուսաստանցի վերլուծաբանները գրում են, որ Պետդուման ինչպես միշտ գործում է Կրեմլի թելադրանքով, սակայն Կրեմլը հրապարակավ գոնե զգուշավոր հայտարարություններ է անում այս թեմայով: Ամեն դեպքում դիտորդներն արձանագրում են, թե անջատականների հանրապետությունների ճանաչումը Մոսկվայի կողմից հնարավոր սցենարներից մեկն է, և Կրեմլում փորձում են հասկանալ, թե ինչպես կարձագանքի Արևմուտքը, և ինչքան կոշտ կլինեն անխուսափելի պատժամիջոցները։

Երկրորդ օրն է՝ պաշտոնական Կրեմլը չի հստակեցնում՝ պատրաստվո՞ւմ է արդյոք Վլադիմիր Պուտինը ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները՝ ընդառաջելով Պետդումայից ստացված դիմումին։

Խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ փաստաթուղթ ընդունեց՝ խնդրելով նախագահից ճանաչել Ուկրաինայից անջատված շրջանների անկախությունը։ Կրեմլի խոսնակը հաստատել է, որ Պուտինը ստացել է Պետդումայի հռչակագիրը, սակայն դրա հետագա ընթացքի մասին ոչինչ չի ասել, նշելով, թե որևէ ընթացակարգ նման դեպքերի համար նախատեսված չէ։ Այսինքն` Պուտինը կորոշի երբ և ինչպես արձագանքել Պետդումայի այդ կոչին։ Ընդ որում, Պեսկովը պնդել է, թե Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը որևէ կերպ չի հակասում Մինսկի պայմանավորվածություններին, որոնցով կողմերը պարտավորվել էին ճգնաժամը հարթել բանակցությունների և փոխադարձ համաձայնությունների միջոցով։ Կրեմլի խոսնակը պնդել է, թե Մինսկի համաձայնություններին չի հակասում նաև այն փաստը, որ այսօր արդեն Մոսկվան ռուսական անձնագրեր է բաժանում այդ շրջանների բնակիչներին։ «Մենք դա անում ենք զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով», - պնդել է Պուտինի խոսնակը։

Ինքը՝ Կրեմլի ղեկավարը, երեկ Գերմանիայի կանցլերի հետ ասուլիսում ասել էր, թե Մոսկվայի համար առաջնայինն այն է, որ Կիևը կատարի մինսկյան պայմանավորվածությունները։ Դրանք, ի թիվս այլ դրույթների, նախատեսում են նաև ուղիղ երկխոսություն Կիևի և ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարության միջև և հատուկ կարգավիճակ հետկոնլֆիկտային շրջանում, ինչը, վերլուծաբաններից շատերի կարծիքով, Մոսկվայի շահերից է բխում։ Մյուս կողմից, շատերն են վստահ, որ Պետդուման ինքնագլուխ նման քվեարկություն չէր նախաձեռնի, այն էլ այսչափ լարված իրավիճակում: Իսկ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան նշել է, որ այդ հանրապետությունները ճանաչելու դեպքում Ռուսաստանը դե ֆակտո դուրս կգա Մինսկի պայմանավորվածություններից։ Գերմանիայի կանցլերը երեկ Պուտինի հետ բանակցություններից հետո ասել էր, թե Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը կբերի քաղաքական աղետի։

Քարնեգի մոսկովյան կենտրոնի փորձագետ Կոնստանտին Սկորկինը, օրինակ, համարում է, թե գոնե առաջիկայում Մոսկվան նման քայլի չի գնա, իսկ եթե գնա, շատ հավանական են դառնում նոր ռազմական գործողությունները, այդ թվում՝ ռուսական զորքերի մասնակցությամբ, քանի որ այդ հանրապետությունները համարում են, որ իրենց տարածքի մեծ մասն այսօր վերահսկում է Կիևը։ «Քանի որ այս «հանրապետությունները» կարծում են, որ 2014թ. իրենց անցկացրած հանրաքվեի համաձայն, իրենց իրական տարածքը ընդգրկում է Լուգանսկի և Դոնեցկի շրջանների այն ժամանակվա ողջ վարչական տարածքը, նրանք ներկայումս ամբողջությամբ չեն վերահսկում իրենց տարածքը և պետք է վերականգնեն այդ վերահսկողությունը», - նշել է Սկորկինը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6616 անգամ
Լրահոս
Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am