Պայթյունավտանգ պահ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. Խոսվում է անձամբ Պուտինի դեմ պատժամիջոցի մասին

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն երեկ մերժեցին Ռուսաստանի պահանջը, բայցև պատրաստ են շարունակել երկխոսությունը...

Երեկ ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վերաբերյալ հայտարարություններին:

Վաշինգտոնը մերժեց Ռուսաստանի պահանջը դեպի Արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը կանխելու և Դաշինքին Կիևի անդամակցությունը բացառելու վերաբերյալ։ Իր գրավոր պատասխանը, որի բովանդակությունը Միացյալ Նահանգները նախընտրել է չհրապարակել, ամերիկյան կառավարությունը փոխանցել է ռուսական կողմին։ «Գնդակն այժմ նրանց դաշտում է», - երեկ ուշ երեկոյան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ընդգծելով, որ Նահանգները շարունակում է պնդել և պաշտպանել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության սկզբունքը։

Բլինքենի խոսքով՝ Միացյալ Նահանգները իր գրավոր պատասխանում Մոսկվային հասկացրել է, որ «խոսքը հիմնարար սկզբունքների մասին է, որոնք պարտավորվել են պաշտպանել»։ Այդ սկզբունքներից մեկն էլ, ըստ ամերիկացի պաշտոնյայի, Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն է և պետության իրավունքը՝ ինքնուրույն ընտրելու դաշինքը, որին ցանկանում է անդամակցել։ «ՆԱՏՕ-ի դռները բաց են և կշարունակեն բաց մնալ», - ասել է պետքարտուղարը։

Էնթոնի Բլինքենը տեղեկացրել է, որ Մոսկվային ուղարկված նամակում, որն, ըստ պետքարտուղարի, համաձայնեցվել է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ եվրոպացի դաշնակիցների հետ, Վաշինգտոնը որոշ առաջարկներ է ներառել՝ միջուկային զենքի կարգավորման, զորավարժությունների և հարձակողական սպառազինության տեղակայումների թափանցիկության վերաբերյալ։ Դրանք ռուսական կողմին քաջ հայտնի են, այդ մասին ամերիկացի դիվանագետները ռուսաստանցիների պաշտոնյաների հետ խոսել են վերջին շաբաթների քննարկումներում։

Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, թե Ուկրաինայի սահմաններին տասնյակ հազարավոր զինվորականներ և ծանր զինտեխնիկա կուտակած Ռուսաստանին ԱՄՆ պետքարտուղարը կրկին կոչ է արել ձեռնպահ մնալ Կիևի դեմ ռազմական ագրեսիայից՝ հայտարարելով, որ իրադարձությունների նման զարգացման հավանականությունը շարունակում է բարձր մնալ։ Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը կրկնել է՝ ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում։ «Մենք պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման», -ասել է Բլինքենը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Նահանգները նախընտրում է դիվանագիտությունը։

Մոսկվա է հասել նաև Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի առանձին պատասխանը։ Իր հերթին կրկնելով, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե որ դաշինքին անդամակցի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ, այդուհանդերձ, պատրաստ են լսել ռուսական կողմի բոլոր մտահոգությունները։ Ստոլտենբերգը համոզմունք է հայտնել, որ բոլոր տարաձայնությունները կարելի է լուծել երկխոսության և դիվանագիտական ճանապարհով։ «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է», - հիշեցրել է Ստոլտենբերգը՝ հավաստիացնելով, որ կազմակերպությունն առճակատում չի փնտրում, բայց «կկիրառի ցանկացած միջոց դաշնակիցներին պաշտպանելու համար և մտադիր է իր գործողությունները համակարգել Ուկրաինայի ղեկավարության հետ»։ «Մենք իրավիճակից դրական ելքի հույս ունենք, սակայն պատրաստ ենք նաև վատթարագույն սցենարին և արդեն բարձրացրել ենք մեր ուժերի պատրաստությունը», ասել է Ստոլտենբերգը։

Այսպիսով, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պատասխանեցին Ռուսաստանի առաջարկներին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստի ժամանակ, ասել է, որ Ռուսաստանը չի հրապարակի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանը, սակայն Վաշինգտոնի արձագանքի էությունն ու բովանդակությունը կփոխանցվի հանրությանը։ Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը, արձանագրել է Լավրովը:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին ասել է, որ ՆԱՏՕ-ն չի կատարել խոստումները՝ առաջ չշարժվելու դեպի արևելք, և այժմ մոտեցել է անմիջապես Ռուսաստանի սահմաններին։ Մեդվեդևի խոսքով՝ խոստացել են, բայց խոստումը չեն կատարել։ «Ասում են՝ ոչ մի բան չենք ստորագրել։ Բայց այդպիսի խոստումներ, նման հավաստիացումներ են տրվել, հայտնի է՝ երբ և ում», - նշել է ՌԴ նախկին նախագահը և նախկին վարչապետը՝ շարունակելով․ - «Ցավոք սրտի, մենք գործնականում սպառել ենք նահանջի սահմանները։ Գիտե՞ք, ինչպես ասում են՝ հետևում Մոսկվան է, նահանջելու տեղ չկա»։

Ռուսաստանի անվտանգության ապահովման փաստաթղթերը, որոնք հանձնվել են ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, կոշտ չեն, այլ՝ շատ կոնկրետ, նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։ «Այս կարմիր գծերը, որոնց մասին խոսել է երկրի նախագահը, արդեն շատ, շատ մոտ են, սրա հետ են կապված այն փաստաթղթերը, որոնք փոխանցվել են անվտանգության երաշխիքների հետ կապված, դրանք կոշտ չեն, ուղղակի շատ կոնկրետ են, շատ հստակ, դրանք ամրագրում են մեր մտահոգությունները», - ասել է Դմիտրի Մեդվեդևը։

Ուկրաինայի հարցով՝ Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը գագաթնակետին է: Աշխարհը, կարծես երրորդ համաշխարհայինից 5 րոպե պակաս ռեժիմում լինի: Տպավորություն է, որ Արևմուտքը դրդում է Ռուսաստանին, որ հարձակումը լինի հենց ռուսական կողմից:

Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին հայտարարեց, թե պատրաստ է քննարկել Ռուսաստանի առաջնորդի` Վլադիմիր Պուտինի դեմ անձնապես պատժամիջոցներ սահմանելու հարցը, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինայի տարածք: Լրագրողի հարցին՝ «դուք ինքներդ երբևէ պատժամիջոցներ կսահմանե՞ք նրա նկատմամբ», Բայդենը դրական պատասխան է տվել։ Ավելին՝ Սպիտակ տան ղեկավարը չի բացառել, որ կարող է արագացնել 8,5 հազար ամերիկացի զինվորների գործուղումը Եվրոպայի արևելյան երկրներ, միաժամանակ կրկին ընդգծել, որ այդ ուժերը տեղակայվելու են ՆԱՏՕ-ի անդամ երկրներում և Ուկրաինայի նկատմամբ հնարավոր ագրեսիային չեն մասնակցելու: «Այդ ուժերը մարտական բարձր պատրաստվածության են բերվել, և ես հստակ փոխանցեցի նախագահ Պուտինին, որ մենք սուրբ պարտականություն ունենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների առջև: ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր չպետք է կասկածի, որ մենք` դաշինքով պատրաստ ենք ցանկացած անդամի պաշտպանության», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Դե իսկ Մոսկվայում կոշտ են արձագանքում Պուտինի դեմ հնարավոր պատժամիջոցներին: Թեև Ռուսաստանի իշխանություններն ու նրանց մերձավոր գործարարները պարբերաբար հայտնվել են արևմտյան երկրների սև ցուցակներում, սակայն անձամբ նախագահը ցանկում չի եղել: Մինչ օրս Վաշինգտոնը նման քայլի է դիմել բռնապետական կոշտ կառավարմամբ հայտնի առաջնորդների` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի, սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և լիբիայի նախկին նախագահ՝ Մուամար Քադաֆիի դեպքում: Արձագանքելով այս շարքում նաև Վլադիմիր Պուտինին դասելու հնարավորությանը` նրա խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է` դա կլինի քաղաքականապես ապակառուցողական քայլ, բայց` ոչ ցավոտ:

«Ամերիկացի գործիչները, որոնք խոսում են Պուտինի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին բավարար փորձագիտական գիտելիքներ չունեն այս հարցի վերաբերյալ», - ասել է Պեսկովը: Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, թե մինչև այս շաբաթվա վերջ Վաշինգտոնից գրավոր պատասխան է սպասում անվտանգության երաշխիքների շուրջ` իր առաջ քաշած պահանջներին: Դրանց թվում Մոսկվան պահանջում է Նահանգներից երաշխավորել, որ Ուկրաինան և Վրաստանը երբեք չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

Օրերս Պետդումայում ունեցած իր ելույթում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոր նախազգուշացում է տվել Վաշինգտոնին. «Եթե կառուցողական պատասխան չլինի և Արևմուտքը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, Մոսկվան, ինչպես ասել է նախագահ Պուտինը, կդիմի պատասխան քայլերի»: Թե հատկապես ինչ պատասխանի մասին է խոսքը Լավրովը չի հստակեցրել:

Արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայի շուրջ, ամենալուրջ ճգնաժամն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3190 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am