Փաշինյանի ղազախական գամբիտը

ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը մեկնել են Ղազախստան: Ըստ կազմակերպության պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության՝ խաղաղապահ ուժերի կազմում անդամ վեց պետություններից բոլոր հինգի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղըզստանի զինված ստորաբաժանումներն են ներառված։ Թե քանի հոգի, չի հաղորդվում, նաև տեղակայման ժամկետների մասին մանրամասներ չկան, միայն նշված է՝ «մեկնել են սահմանափակ ժամանակահատվածով»։

Ինչպես ՀԱՊԿ պաշտոնական էջից ենք տեղեկանում, խաղաղապահ ուժերի թվաքանակը մոտ 3600 է՝ շուրջ 3 հազարը զինված ուժերի զինծառայողներ ու ներքին գործերի մարմինների գրեթե 600 ներկայացուցիչներ։ Թե բոլորը միասին, նաև Հայաստանից քանի զինծառայող է մեկնել Ղազախստան և որ ստորաբաժանումներից ու մասնավորապես, ինչ գործառույթներ են իրականացնելու, օրինակ, մասնակցելո՞ւ են ցույցերի ցրմանը, Պաշտպանության նախարարությունից չի հաջողվել ճշտել։

ՀԱՊԿ հաղորդագրությունն էլ այս հարցերը չի հստակեցնում: Որոշ լրատվականներ, մասնավորապես, «Սպուտնիկը», օրինակ հայտնել էր, որ Հայաստանից 70 զինվորական է մեկնել, սակայն սա պաշտոնապես հաստատված տեղեկություն չէ:

Մի քանի օր է Հայաստանում հասարակությունը փորձում էր տրամաբանական բացատրություն գտնել, թե Հայաստանի գործող իշխանությունն էլ որքան ցածր կարող էր իջնել, ինքնասիրության կորստի ինչ աստիճան կարող էր ցույց տալ՝ իր ընդունած որոշման արդյունքում, երբ ինքնամոռաց այսպիսի համերաշխություն ցուցադրեր մի կազմակերպության, որը Արցախում ողջ պատերազմի ընթացքում, թե՛ այս տարվա մայիսից բացարձակ անգործություն է ցուցաբերել և ցուցաբերում և՛ Արցախում թուրք-ադրբեջանական տանդեմի ահաբեկչական պատերազմի, և՛ ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների հանդեպ:

Փաշինյանի շտապողական քայլի մեջ բացատրություններն իրականում շատ պարզունակ են. նա պարզապես կատարել է Մոսկվայից իջեցված հրահանգ, և որպես ՀԱՊԿ անդամ պետություն իր՝ մյուսներից տարբերվելու համար ստեղծված հարմար առիթն օգտագործեց, որպեսզի մյուսներն, այսպես ասած՝ իրենից առաջ չընկնեն:

Մի կողմից Փաշինյանը հերթական «բոնուսը» ստացավ, ինչպես ասում են՝ «Պուտինի աչքը մտնելու» հարցում, մյուս կողմից գործընկեր պետություններին, ինչպես նաև՝ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին ցույց տվեց, որ Մոսկվան ու Երևանը միասնական են գործում, ու ինքը «կարևոր» ղեկավար է Պուտինի համար...

Ինչևէ, Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու Փաշինյանի որոշումը բուռն արձագանք է առաջացրել: Նրա քննադատները նախ հիշեցնում էին նախ Ղազախստանի նախագահների անթաքույց ադրբեջանամետությունը, նաև ՀԱՊԿ անտարբերությունը Հայաստանի համար կարևոր հարցերում. ՀԱՊԿ-ը չարձագանքեց ոչ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում, այլև անցած տարվա մայիսին Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման օրերին, երբ Հայաստանից անգամ պաշտոնական դիմում ստացավ։ Ռազմական կառույցից մշտապես միևնույն՝ ստանդարտ նախադասությունն էր հնչում՝ ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին։

Երեկ մի շարք ՀԿ-ներ, մասնավորապես՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ն, Իրազեկ քաղաքացիների միավորումը, արևմտյան ֆոնդերից սնվող ՀԿ-ները, որոնք պաշտպանում էին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, անգամ նրանք կոշտ դատապարտել են նրա կայացրած որոշումը:

Փաշինյանին սատարող՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն էլ, օրինակ, փաստել է, որ նրա կայացրած որոշումը հղի է մի շարք անցանկալի հետևանքների ռիսկով: Կուսակցության տարածած հայտարարությունում ասվում էր. «Անհրաժեշտ ենք համարում, որ Ազգային ժողովի բոլոր այն պատգամավորները ում համար կենտրոնական տեղում Հայաստանի շահն է պետք է կառավարության ղեկավարին կանչեն բացատրություններ տալու և մանրամասն պատասխաններ ստանան հետևյալ հարցերի առնչությամբ. Արդյո՞ք Հայաստանը հետայսու մասնակցելու է ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների կոնֆլիկտներին սեփական զորքերով։ Եվ ինչպե՞ս է դա հարաբերվում մեր անվտանգային հարցերում ՀԱՊԿ անտարբերության հետ։ Ինչպե՞ս և ինչ չափով է Հայաստանը պատասխանատվություն կրելու միջազգային հարթակներում ՀԱՊԿ զորքերի գործողությունների համար։ Ի՞նչ քանակի, ի՞նչ տեսակի զորքեր են ՀՀ ԶՈւ կազմից ուղարկվում Ղազախստան` ի՞նչ ժամկետով և ի՞նչ իրավական գործընթացի արդյունքում։ Ինչպե՞ս է Հայաստանը ապահովելու Ղազախստանի հայերի անվտանգությունը հիմա և զորքերի դուրսբերումից հետո»։

Երեկոյան Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը նոր տվյալներ հրապարակեց զոհերի ու վիրավորների մասին։ Ըստ այդմ, արդեն հինգերորդ օրը շարունակվող բախումներում զոհվել է ուժային կառույցների 18 աշխատակից, 13-ը՝ Ալմաթիում, վիրավորվել է 748, ձերբակալվել՝ 2298 մարդ։ Պաշտոնական աղբյուրները, սակայն չեն խոսում քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված կորուստների մասին։ Ականատեսները, սակայն, ռուսական լրատվամիջոցներին պատմել են Ալմաթիի գլխավոր հրապարակում հնչող կրակահերթերի մասին։ Ըստ այդ հաղորդումների, իրավապահները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, նրանցից առնվազն մեկը սպանվել է։

ԵՄ արտգործնախարարը մտահոգությամբ է արձագանքել ղազախստանյան իրադարձություններին, այդ թվում՝ խաղաղապահ զորախումբ ուղարկելու ՀԱՊԿ որոշմանը։ «Քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն։ Արտաքին ռազմական աջակցությունը հիշողություններ է արթնացնում իրավիճակների մասին, որոնցից անհրաժեշտ է խուսափել»,- Թվիթերում գրել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ առանց հստակ մանրամասների։
Ավելի վաղ, ԵՄ-ն հայտարարեց, թե ի գիտություն է ընդունել Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու՝ ՀԱՊԿ որոշումը։ Կառույցի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը միաժամանակ պնդել է, որ «նմանատիպ ցանկացած միջամտություն պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը»։ «Եվրամիությունը ուշադրությամբ հետևում է իրավիճակին․ մենք դատապարտում ենք բռնությունները և վանդալիզմը Ալմաթիում , ցավակցում զոհերի հարազատներին։ Հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել և հասնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման»,-նշել էր ԵՄ արտգործնախարարի խոսնակ Նաբիլա Մասսրալին։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտգործնախարարի հետ։ «Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը Ղազախստանի սահմանադրական ինստիտուտներին ու մամուլի ազատությանը, ինչպես նաև հորդորել հասնել ճգնաժամի` խաղաղ, մարդու իրավունքները հարգող հանգուցալուծման»,- ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ Ավելի վաղ՝ երեկ, Վաշինգտոնը դատապարտել էր բռնությունները և գույքի ոչնչացումը, ինչպես նաև բոլոր կողմերին՝ թե՛ իշխանություններին, թե՛ ցուցարարներին հորդորել զսպվածություն ցուցաբերել։

Մի քանի օր պահպանած լռությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը երեկ Ղազախստանում ծագած ճգնաժամը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Պաշտոնական Անկարայի տարածած հաղորդագրության համաձայն Էրդողանն իր ադրբեջանցի, ուզբեկ և ղրղզ պաշտոնակիցների հետ զրույցներում այսպիսի համոզմունք է հայտնել. «Եղբայրական Ղազախստանը երկխոսության միջոցով կհաղթահարի ծագած խնդիրը։ Անվտանգությունն ու կայունությունը կարևոր են ողջ տարածաշրջանի համար»։
Թուրքիայի և Ղրղըզստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղազախստանում ծավալված իրադարձությունները։ Այս մասին հաղորդում է Ղրղըզստանի նախագահի մամուլի ծառայությունը՝ հատուկ ընդգծելով, որ զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Ի դեպ, Ղրղըզստանը ՀԱՊԿ անդամ միակ պետությունն է, որ առայժմ զերծ է մնում Ղազախստան զորք ուղարկելուց։ Ղրղըզստանի խորհրդարանը երեկ չկարողացավ քվորում ապահովել արտերկիր զինված ստորաբաժանումներ ուղարկելու հարցը քննարկելու համար։

Իսկ ահա Ռուսաստանը ղազախական իրադարձությունները դիտարկում է որպես պետության անվտանգությունը և ամբողջականությունը բռնությամբ սասանելու՝ դրսից հրահրված փորձ․ ՌԴ ԱԳՆ-ն այս մասին հատուկ հայտարարություն տարածեց, պնդելով, թե ղազախական իրադարձություններին մասնակցում են «պատրաստված և կազմակերպված զինված խմբավորումներ»։

Պաշտպանելով այս իրավիճակում Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորքեր ուղարկելու որոշումը՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև պնդել է,թե «Մոսկվան կշարունակի սերտ խոհրդակցությունները ղազախական կողմի, ինչպես նաև ՀԱՊԿ գործընկերների հետ՝ անհրաժեշտության դեպքում հավելյալ, արդյունավետ քայլեր ձեռնարկելու համար»։ Թե խոսքն ինչի քայլերի մասին է՝ Մոսկվան չի հստակեցնում։

Փաստենք, որ Ղազախստանը նավթի, գազի և մետաղի խոշոր հանքավայրերի երկիր է, Կենտրոնական Ասիայի ամենամեծ տնտեսությունը: Մի քանի օրերի իրադարձությունները վկայում են այն մասին, որ ահռելի տարածք ու հսկայական բնակչություն ունեցող այս երկրում բոլոր հիմքերը կան կանխատեսելու, որ իրավիճակի չկայունացման պարագայում՝ պետությունը կարող է ընկղմվել տևական քաոսի մեջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3423 անգամ
Լրահոս
Տեր Օշինը ճիշտ է ասել, քիչ ա ասել. Արամ Գևորգյանը Ռուբինյանին հիշեցնում է Եռաբլուրը ձեզ համար տեռասային նստարաններ չեն. Ռոմի՛կ Մխիթարյան, սա ձեր կառավարման պատկերն է. Արթուր Չախոյան Ֆոն դեր Լայենն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու մասին Զելենսկիի հայտարարությանը Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը Դատի տալու մեծ սիրահարը  «Առաջարկ Հայաստանին» հարթակը ծրագիր է ապագայի համար, Հայաստանի բարգավաճման համար. Իվետա Տոնոյան Իրանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին Փոխոստիկանապետերին ազատելու փոխարեն պետք է հանցավորության դեմ պայքարել․ Վարդանյան Կանադան Ուկրաինային 220 մլն դոլար և 400 զրահամեքենա կտրամադրի Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել, վիրավոր կա ՆԳՆ-ից հաստատում են․ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվում Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am