«Մկանների» ցուցադրում` «զոհի» կերպարում

Ինչից սկսվեց նոր լարվածությունը Նախօրեին կտրուկ սրվել է իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Ամեն ինչ սկսվեց, երբ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: ԼՂ ՊՆ-ից շեշտեցին, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառեց նման զինատեսակ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների ուշադրություն հրավիրեց կատարվածի հանդեպ և ադրբեջանական կողմին նախազգուշացնում, որ պատասխանը լինելու է անհամարժեք: Ապա արդեն հայտնում էին, որ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետեր, հաստոցավոր հակատանկային նռնականետեր: «Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել», նշեց ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ-ն տեղեկացրեց, որ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին, հակառակորդն ունի կորուստներ, հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Ադրբեջանական կողմը հաղորդում է գյուղի երկու բնակիչների զոհվելու և մեկ վիրավորի մասին: Երեկ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է արել, որում կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Համանախագահները նաև ցավակցություններ են հայտնել զոհերի հարազատներին: Հետագա սադրանքներից և կորուստներից խուսափելու համար, Բաքուն պետք է համաձայնի՝ կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Արցախի զինուժն օգտվելու է պաշտպանվելու իր իրավունքից «Եթե հակառակորդը խաղաղ բնակչության շրջանում իսկապես կորուստներ է ունեցել, ապա ստիպված ենք ափսոսանք հայտնել», հայտարարել է ԼՂ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը՝ «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում մեկնաբանելով հուլիսի 4-ին շփման գծում ստեղծված իրավիճակը: «Բայց միևնույն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինչպես առ այսօր, այնպես էլ այսուհետ, Արցախի զինուժը շարունակելու է լիարժեք օգտվել պաշտպանվելու իր իրավունքից և անհրաժեշտության դեպքում հակառակորդի նախահարձակ գործողություններին տալու է թիրախային և անհամարժեք պատասխան»,- նաև հայտարարել է ԼՂ պաշտպանության նախարարը՝ ադրբեջանական կողմին խորհուրդ տալով զերծ մնալ անկանխատեսելի հետևանքներով հղի հետագա ռազմական արկածախնդրությունից և հարցի լուծումը փնտրել բանակցային սեղանի շուրջ, «մանավանդ, որ նման մոտեցումը բխում է երկու ժողովուրդների շահերից»: Նախարար Մնացականյանը պնդել է նաև, որ ԼՂ բանակը երբևէ նախահարձակի դերում հանդես չի եկել, ինչպես նաև երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը: «Մեր հարվածի թիրախը եղել և այսուհետ էլ լինելու են միայն ու միայն այն ռազմակայանները, որտեղից թշնամին կրակային հարվածներ է հասցնում հայկական բնագծերին»,- հայտարարել է Լևոն Մնացականյանը «Ինտերֆաքսի» հետ զրույցում: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, թե հայկական կողմի արկակոծության հետևանքով Ալխանլու գյուղում 50-ամյա կին և 2 տարեկան երեխա է զոհվել, ևս մեկ կին վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Գեներալ Մնացականյանը հայտարարում է, որ եթե իրականում Ադրբեջանի խաղաղ բնակչության շրջանում կորուստներ են եղել, ապա ստիպված են ափսոսանք հայտնել, բայց շեշտում է․ «Ադրբեջանը խաղաղ բնակչությանը, որպես վահան է օգտագործում և իր կրակակետերը բնակավայրերում է տեղակայում։ Ադրբեջանի կողմից տարածված հայտարարությանը, թե իբր հուլիսի 4-ին հայկական բանակը հրետակոծել է Ալխանլու բնակավայրը և դարձել քաղաքացիական անձանց մահվան պատճառ, ապա դա ոչ այլ ինչ է, քան սեփական անմեղ քաղաքացիների արյան հաշվին միջազգային հանրությանը ապակողմնորոշելու ցինիկ գործելաոճ: Ցավալի է, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն օրինաչափ է դարձրել մերձճակատային խաղաղ բնակավայրերում իր կրակային խոցման միջոցները տեղակայելու և այդ կրակակետերից արցախյան դիրքերի ուղղությամբ նախահարձակ գործողություններ իրականացնելու պրակտիկան»: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ շփման գծում իրավիճակը վերահսկելի է։ Նրա խոսքով՝ նոր սրացումների սպասում են, բայց լայնածավալ պատերազմը քիչ հավանական են համարում։ Պաշտոնական Ստեփանակերտը տեղի ունեցողի հետ կապված միջազգային հանրության արձագանքն է ակնկալում։ «Դա շատ կարևոր է: Ադրբեջանը խախտում է զինադադարի ռեժիմը, կիրառում է տարբեր տիպի զինատեսակներ: Իհարկե, պատասխան ստանում է, բայց միջազգային հանրության դեմ է նաև ուղղված այս ամենը, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում միջազգային հանրության ջանքերի նկատմամբ», - նշել է Բաբայանը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունները այսօր հայտարարություններով են հանդես եկել՝ շեշտելով, որ տեղի ունեցածը հերթական անգամ հաստատում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կարևորությունը, և որ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմները պետք է կյանքի կոչվեն։ Շփման գծում իրավիճակի կայունացմանը միտված այդ պայմանավորվածությունների անհապաղ իրագործումը, «որը տորպեդահարվում է Ադրբեջանի կողմից, թույլ կտա հետագայում խուսափել նման միջադեպերից», - շեշտում է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Մենք բազմաթիվ անգամ, դեռևս ապրիլյան ագրեսիայի օրերին, ուշադրություն ենք հրավիրել այն փաստին, որ ադրբեջանական կողմը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը, չի խորշում օգտագործել իր իսկ քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան՝ Արցախի տարածքը գնդակոծելու նպատակով։ Սահմանի երկու կողմերում ապրող խաղաղ բնակչությունը վաղուց արդեն գերի է դարձել ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանը՝ ուղղված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության սրմանը և բանակցությունների վերականգման ուղղված միջնորդների ջանքերի տապալմանը», նշեց Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն: Ինչու Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չէր բերել իր առաջապահ դիրքեր Հատկանշական է, որ մինչև վերջին սրացումը Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում էր անցկացրել Մարտունու շրջանի արևելյան հատվածի ուղղությամբ։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի և ՊՆ-ի ներկայացուցիչները: Նոր լարվածություններ կլինեն Ադրբեջանն, այսպիսով, անցնում է էսկալացիայի, կեղծիքի ու շանտաժի նոր փուլի: Լայնածավալ պատերազմ հրահրելու, թերևս, համարձակություն չի լինի, սակայն սահմաններում լարվածության մշտական պահպանման ձգտումը Բաքվի օրակարգի միակ և անփոփոխ կետն է: Այս վիճակում է, որ հայկական կողմը պետք է ավելի զգոն լինի. դիվանագիտական դաշտում նպատակներն առաջ տանելուն զուգահեռ` նոր էսկալացիա թույլ չտալով և Ադրբեջանին ճնշելով` սահմաններում հարաբերական անդորր պահպանելով: Ալիևի պահվածքը վկայում է այն մասին, որ Ադրբեջանն ընդհանուր առմամբ, դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբից և ղարաբաղյան կարգավորման շուրջ Ադրբեջանի նկատմամբ ձևավորված վերաբերմունքից, իսկ այս վիճակում, նա պետք է «մկաններ» ցույց տա` հանդես գալով «զոհի» կերպարում: Թամար Բագրատունի

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Մի օր չեղավ՝ ադրբեջանցի պաշտոնյային հարց տան, ասի՝ գիտե՞ք, հայկական կողմը այսպես է մտածում, եկեք դա էլ նկատի ունենանք. ադրբեջանագետ «Նիկոլի թվին» ժողովուրդը տուգանքի մատերիալ է. Ոսկան Սարգսյան Նույն մարդուն եթե ոչ ամեն տարի, ապա 2 տարին մի անգամ մի ամսով զորակոչելու են բանակ. Նահապետյան «Ալեն Սիմոյանի նկարի մոտ իսկապես շատ մարդ կհավաքվի, բայց վրան թքելու համար». Էդգար Ղազարյան «Ստում են՝ Արցախի իշխանություններն այդ առաջարկներից մեկին այնքան լուրջ էին վերաբերվել, որ պատվիրակության համար տոմսեր էին պատվիրել». Մետաքսե Հակոբյան Դուք, ձեր քննչականի պետը, ձեր գլխավոր դատախազը ստախոսներ եք, մնացածը` շուտով Արդեն 30 օր ադրբեջանական բանտում հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի ճակատագրով ԱԳՆ-ն հետաքրքրվելու է, թե ոչ. ԿԽՄԿ-ն անզոր է, իսկ ԱԳՆ-ն լռում է Կարևոր է հայ եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համագործակցությունը․ Արամ Ա Վեհափառ «Ով իր ժողովրդին նվաստացրեց, ինքը նվաստացած է ավարտելու»․ Արմեն Այվազյան Թալանել են հայտնի գործարարի տունը․ տարել են մեծ քանակի ոսկյա զարդեր, խոշոր չափի գումար և թանկարժեք ժամացույց Փաշինյանը մի քանի պաշտոնյաների պաշտոնանկ է արել Գողություն կատարած անձը փախչել է Հայաստանում հայտնի գործարարի տղայի անվամբ հաշվառված մեքենայով Ինչո՞ւ Փաշինյшնը համաձայնվեց Ալիևի տեսակետի հետ Մինսկի խմբի լուծարման մասին և քաղաքшկան դաշտից արձագանք չստացավ Ամերիկացիներն անկեղծ ներկայացնում են, թե ինչու են դեմ Իվանիշվիլու իշխանությանը Վրաստանում. սակայն ինչո՞ւ են կիսով չափ հակազդում «Մայր Հայաստան»-ը մասնակցելու է Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Մինչ օրս անկլավների մասին իրավական հիմք չկա. 110 քմ տարածքի մասին Ալեն Սիմոնյանի պնդումը չունի հիմնավորում. քարտեզագիր Ալեն Սիմոնյանը Ալեն Սիմոնյան չէր լինի, եթե սրանից հետո էլ անգամ ներողություն խնդրելը չաներ իր ԹՔՈՏ ոճով. Սոս Հակոբյան Ֆլեշի Արմեն Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ վարչական հսկողությունը վերացվեց․ փաստաբան Փաստաբան Արմեն Օհանյանին տևական ժամանակ գաղտնալսել են, Օհանյանը մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ում Պատերազմը Ուկրաինայում կշարունակվի ևս երկու տարի․ ԵՄ դիվանագիտության ղեկավար Թրամփի խնդրանքով Լուկաշենկոն ազատ է արձակել 52 բանտարկյալի «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ է․ Սերդար Քըլըչ Մեքենան հայտնվել է ձորում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ երեխան, տեղափոխվել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am