Գերմանիան ինքնասպանություն է գործում՝ արգելելով իմ ելույթը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիան, արգելելով իրեն ելույթ ունենալ այդ երկրում, ինքնասպանություն է գործել: Այս մասին Էրդողանը խոսել է գերմանական Die Zeit պարբերականին տված հարցազրույցում: Թուրքիայի նախագահը նշել է, որ քանի դեռ գերմանական կողմն իրենց չի հանձնել այդ երկրում բնակվող գյուլենականներին, իրենք դիտարկելու են Գերմանիան իբրև ահաբեկիչներին պաշտպանող երկիր: Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ու Գերմանիան ունեն մեկը մյուսի կարիքը: Նա նաև հայտնել է, որ իր և կանցլեր Մերկելի միջև որևէ խնդիր չկա: Էրդողանը նախատեսում է հուլիսի 7-8-ը մասնակցել գերմանական Համբուրգ քաղաքում կազմակերպվելիք G-20 երկրների գագաթնաժողովին: Դրանից հետո նա ծրագրել էր հանդիպել իր կողմնակիցների հետ, սակայն տարբեր սրահներ, որտեղ հանդիպում կազմակերպելու համար դիմում է ներկայացվել, մերժել են նրան:
